ՀարցուԳԻՏԱփորձ

Աշխատելը հոգեկան խնդիրների՞ է հանգեցնում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Միանշանակ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Միանշանակ ձեր երիտասարդ տարիներին ձեր արժեքային համակարգի մեջ առաջինը «ես»-ը ստեղծելն էր։ Էդ «ես»-ը ստեղծում եք ոչ թե քեռի- մորքուր- հորքուր- բարեկամների օգնությամբ, այլ քրտնաջան աշխատանքով»։

Եվ ինչպես գրեթե բոլոր գեղեցիկ մտքերից հետո, այստեղ ևս հնչում է «բայց» բառը։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Բայց այն կարող է նաև մարդու մոտ հոգեկան շեղումներ առաջացնել։

«Ես 45 տարի հոգեբույժ եմ աշխատում, ունեմ ծով պացիենտներ, անսահման պացիենտներ, որոնց հոգեբանական խնդիրները (ընդհուպ մինչև հոգեկան խանգարումները), աշխատանքի հետևանք են»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր խոսելու ենք այն հոգեկան առանձնահատկությունների մասին, որոնք հանգեցնում են շատ աշխատելուն, այն հոգեկան խնդիրների մասին, որոնց հանգեցնում է շատ աշխատելը։

***

Հաճա՞խ եք մտածում, որ աշխատանքը երբեք չի ավարտվելու։ Այն կարծես անվերջ լինի, հատուկ նախատեսված հենց ձեզ ամենահաճելի կյանքից՝ ընկերների, ընտանիքի հետ շփումից, մի սովորական հինգշաբթի կեսօրին զբոսնելուց, սիրելի սերիալի վերջին էպիզոդը նայելուց զրկելու համար։

Այսօր մենք մտածեցինք, թե երբ է սկսվել աշխատանքը։ Առաջին ու ամենապարզ պատասխանն այն էր, որ այն սկսվել է այն պահից, երբ մարդն իր ուժն ու ժամանակը սկսել է օգտագործել բնությունը փոխելու ու իր կարիքները բավարարելու համար։

Այստեղ ամեն ինչ օրինաչափ է, և թե՛ մարդու՝ աշխատանքից հոգնելը, թե՛ նրա աշխատելու ձգտումը կլինեին շատ տրամաբանական, եթե չդիտարկեինք դրանք, այսպես ասած, նորմայի սահմաններում։ Աշխատանքից չափից շատ դժգոհողներին չենք անդրադառնա։ Իսկ այ աշխատանքին չափից շատ տեղ հատկացնողների համար ու նրանց մասին մի ամբողջական թողարկում ենք պատրաստել։

Այսպիսով՝ ինչո՞ւ է մարդը որոշում իր կյանքի բոլոր ոլորտներից ամենամեծ առաջնահերթությունը տալ հենց աշխատանքին, ո՞ր դեպքում կարող ենք ասել, որ նա նորմայից շատ է աշխատում, ի՞նչ խնդիրների հետևանքով է առաջանում այդ վարքը և ինչ խնդիրների կարող է հանգեցնել, ինչո՞ւ են որոշ մարդիկ մշտական տագնապի զգացումով կարծում, թե իրենք բավականաչափ շատ ու լավ չեն աշխատել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Որպես հոգեբույժ, այսինքն` որպես մարդու հոգեկան ոլորտի մասնագետ մի շատ կարևոր բան ասեմ․ ի սկզբանե եկեք հաշվի առնենք, որ սահմանելը` նորմալ երևույթը ո՞րն է, շատ հարաբերական է։ Անգամ ես՝ որպես բժիշկ աշխատելով ու ծանոթանալով, կարդալով, ինքս գրելով մասնագիտական գրականությունը, միշտ էդ հարցին շատ հարաբերական եմ նայում։ Որովհետև իրոք հոգեկանի ոլորտում մենք չունենք էսօրվա դրությության որևիցե մի օբյեկտիվ գործիք, որը որ մեզ թույլ կտա չափել, որ նորմայի սահմանը Ա կետից Բ կետն է»։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսաստանյան բնագիտական ակադեմիայի իսկական անդամ, բժիշկ-հոգեբույժ Սամվել Սուքիասյանի հետ պայմանավորվում ենք նորմալ համարել երևույթի այն չափաբաժինը, որը չի հանգեցնում ախտաբանական հետևանքների՝ չի խաթարում կյանքի բնականոն ընթացքը։ Իսկ ինչպե՞ս մարդը, որը ծնվում է իմանալով, որ աշխատանքը լավ բան է, այն գեղեցկացնում է մարդուն ու բարիք բերում այս աշխարհին, կամ, առնվազն համալրում դրամապանակը, իմանա, որ չափն անցնում է, որ բնականոն ընթացքը խաթարված է․

«Աշխատելը վատ բան չի, շատ կարևոր բան է, մեր կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց այն պիտի լինի «նորմալ»․ ես իմ կյանքի բոլոր հանգամանքներում, իմ ցանկություններում, նպատակներում հավասարաչափ ներկայացնում եմ իմ բոլոր պահանջմունքները` թե աշխատանքի, թե հանգստի, թե սոցիալական հարաբերությունների, թե կենցաղային, թե անձնական․ էս ամեն ինչը համաչափ է ներկայացված։ Երբ սրանցից որևիցե մեկը ուռճացվում է, աշխատանքը տվյալ դեպքում ավելի մեծ մասն է գրավում իմ կյանքի, քան թե մնացած արժեքները, երբ որ աշխատանքը դառնում է ամենահիմնական, ամենակարևոր, ամենաէական, ամենամեծ, ամենանշանակալի բովանդակությունը իմ կյանքի, այ էս դեպքում մենք արդեն խոսում ենք ախտաբանության մասին»։

Հոգեբույժը աշխատամոլությունը ալկոհոլիզմի, թմրամոլության, խաղերի նկատմամբ հակվածության հետ տեղավորում է նույն շարքում. Ինչպես մյուս կախվածությունների դեպքում, այդպես էլ այստեղ մարդը ձգտում է բավարարել այն միակ ցանկությունը, որն ունի կյանքից, այն միակը, որը փոխարինում է մնացած ամեն ինչին։ Բայց միթե՞ նորմալ չէ, երբ մարդն ուզում է, օրինակ, ոչ թե ընտանիք, այլ կարիերա ունենալ։ Դիտարկենք անձնական դեպքով․ մի քանի տարի առաջ ես աշխատում էի գրեթե անդադար․ դա վա՞տ է․

«Շատ-շատերս ենք տենց եղել, որովհետև մեր ներքին ռեսուրսը մեզ բավականացրել է, որ կարողանանք դա անենք։ Այ երբ էդ աշխատանքի ընթացքում ձևավորում է մեկ ուրիշ հոգեբանական, ես անգամ կասեի՝ հոգեախտաբանական դրսևորում, երբ առաջ է գալիս հուզական կամ հոգեկան հյուծվածությունը, հուզական այրումը, այսինքն՝ երբ որ դու արդեն ուժասպառ ես լինում, չես կարողանում, երբ որ արդեն առաջ են գալիս մարմնական, հոգեբանական խնդիրներ, երբ որ էդ ամեն ինչը անդրադառնում է քո սեփական առողջության վրա, այլտեղ արդեն մենք խոսում ենք այրվածության մաս։ Այսինքն` սա արդեն ախտաբանական է»։

Հուզական այրումը, ավելի հայտնի՝ Burnout-ը, խիստ տարածված երևույթ է։ Այս կետին հասնել պետք չէ․ ժամանակին ու որակյալ հանգիստը կարևոր է։ Բայց այստեղ կա նուրբ սահման․ հուզական այրում կարող է լինել նաև այն դեպքում, երբ աշխատանքը դեռ չի հասել կախվածության սահմանին։ Այդ դեպքում կարող է և չլինել։ Իսկ աշխատամոլության դեպքում այն անխուսափելի է։ Վերջինը կարելի է զանազանել ոչ թե հուզական այրման առկայությամբ, այլ կյանքւոմ այլ երևույթների բացարձակ բացակայությամբ․

«Եթե հիմա դուք հիշեք՝ հետ գնաք, հաստատ Դուք էդ ժամանակ օրվա մեջ մի ժամ ունեցել եք, երբ զբաղվել եք ձեր համար հաճելի մեկ այլ գործով, շփվել եք մեկ այլ հաճելի մարդու հետ, թեկուզ ձեր ընտանիքում ինչ-որ մի բանից զրուցել եք, բամբասել եք»։

Այսպիսով, եթե դուք նկատում եք աշխատանքի միանձնյա դոմինանտություն ձեր կյանքում, ապա կանգ առնելու ու լրջորեն մտածելու ժամանակն է։ Բայց մինչ դա՝ հոգեբույժի հետ ծանոթանում ենք դրա հիմքերին ու հետևանքներին․

«Այստեղ էլի հարաբերական նորմայից պիտի խոսենք։ Կան մարդիկ, որոնք ստեղծելով ինչ-որ արժեքներ, իրենց համար կառուցելով հեռանկարային պլաններ, սահմանում են, որ պիտի էս ձևով ապրեն և ինչքան կարողանում են՝ էդ ձևով ապրում են։ Եվ կան մարդիկ, որոնք իրանց անձի շեղումներից ելնելով (անձ, որը դեռևս հիվանդ չի, բայց ունի որոշակի շեշտավորում)՝ մի քիչ ավելի պատասխանատու են, մի քիչ ավելի կասկածամիտ, մի քիչ ավելի տագնապային է, մի քիչ ավելի անվստահ․․․ իրենք կասկածելով, վստահ չլինելով իրենց աշխատանքի քանակի, որակի մեջ, ձգտում են միշտ անել ավելին։ Իրենք երբևիցե կշտամբանք, մեղադրանք, դիտողություններ չեն ստանում իրենց վերադասից կամ կոլեգաներից, բայց իրենց մոտեցումն է, որ գուցե լավ չարեցի, չհասցրի, չեմ հասցնի։ Սա բերում է նրան, որ իրենք հարկադրված իրանց իսկ կողմից ավելի ավելի շատ տեղ են տալիս աշխատանքին»։

Ժողովրդական 7 անգամ չափիր մեկ անգամ կտրիր խոսույթը լավն է․ բայց այս մարդիկ 7 անգամ չափելուց հետո նախընտրում են մի քանի անգամ էլ չափել, որ հանկարծ սխալ չլինեն, որ շրջապատը չկարծի, թե իրենք ձախողակ են, ոչ չհիասթափեցնեն այլ մարդկան, որ անպայման արդարացնեն բոլորի սպասումները, որոնք, իրականում, գուցե և չկան։ Իսկ ինչի կարող է հանգեցնել սա․

«Էս աշխատանքը առաջ է բերում ամենատարբեր կպչուն խանգարումներ, նևրոստենիկ վիճակներ, դեպրեսիաներ է առաջ բերում։ Կարող է առաջ բերել պսիխոմատիկ բնույթի խնդիրներ, ինչը ամենահաճախն է հանդիպում։ Այսինքն՝ արդեն նկատում ենք գանգատներ մարմնի, օրգանիզմի ամենատարբեր համակարգերի կողմից և կարծիք է ձևավորում պացիենտի մոտ, որ սրտային հիվանդ է, թոքերն են հիվանդ, ուղեղի հետ ինչ-որ բան է կատարվում, մարմնինն է տկացել, բայց խնդիրը հոգեբանության մեջ է։ Էդ հոգեբանությունը տարիների լարվածությանը չի դիմացել»։

Աշխատանքը սկսվել է այն պահից, երբ մարդն իր ուժն ու ժամանակը սկսել է օգտագործել բնությունը փոխելու ու իր կարիքները բավարարելու համար։ Ուրեմն մարդը, որն ի սկզբանե աշխատել է, պետք է որ վստահ իմանար՝ ինչպես վարվել այդ երևույթի հետ, ինչպես դրան անհրաժեշտից քիչ և որ նույնքան վտանգավոր է՝ անհրաժեշտից շատ կարևորություն չտար։ Այդ դեպքում ինչո՞ւ է աշխատամոլությունը թեկուզև չգիտակցված, բայց տարածված խնդիր։ Հուգեբույժն ասում է՝ աշխարհն իր պատճառներն ունի և առանձնացնում դրանցից ամենահայաստանյանը․ սա երիտասարդ պետության խնդիր է՝ ասում է․

«Մենք անոմիայի մեջ ենք։ Անկախության տարիների՝ արդեն հասուն մարդիկ, էս 30-տարեկանները, բոլորը անոմիայի մեջ են։ Ի՞նչ է սա նշանակում․ մենք կորցրել ենք հին աստվածներին, չունենք նորը։ Երբ որ չունես նորը, չգիտես՝ ինչով, ոնց ապրես, հանուն ինչի ապրես, ինչն է քո համար արժեքավոր, ինչը արժեքավոր չէ։ Վերջին հաշվով՝ մենք չունենք ստեղծված արժեքային համակարգ թե անձի մակարդակով, թե հասարակության, թե պետության մակարդակով։ Այս աննորմալ վիճակը ստիպում է, որ յուրովի մեր խնդիրները լուծենք։ Մեկը ընկղվում է էդ աշխատանքի մեջ՝ 24 ժամ աշխատում է, կտրվում է ամբողջ աշխարհից, մեկը ընդհակառակը փախնում է էս երկրից, մյուսը իրան տալիս է ալկոհոլի, մյուսը տալիս է նարկոտիկներին, էն մյուսն էլ անիմաստ, անիմաստ ապրում է՝ փուչ կյանք է վարում»։

Եթե չգիտեք ինչ անել՝ աշխատեք, եթե շատ եք աշխատում՝ դադարեք դա անել՝ ասում է հոգեբույժը։ Բանաձևը կանգ առնելն ու նորման գտնելն է։ Դրանից դուրս ամեն բան կարող է վնասակար լինել կյանքի որակի, գուցե հենց կյանքի համար։

Աշխատանքը գեղեցկացնում է, եթե տալիս է աշխարհի մյուս գեղեցկությունները տեսնելու, զգալու, ապրելու հնարավորություն, եթե հոգում է, որ առօրյա կյանքը հարուստ լինի նաև այլ արժեքներով։

Կարդացեք նաև

Back to top button