
Թրամփի վարչակազմի կողմից խստացվող միգրացիոն քաղաքականության ֆոնին՝ Չինաստանը հոկտեմբերի 1-ից գործարկել է նոր «K» տիպի վիզա, որի նպատակն է ներգրավել տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտի արտասահմանյան մասնագետներին։
Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանի արդյունաբերական ոլորտում գրեթե 30 միլիոն որակյալ մասնագետի պակաս կա։ Նոր ծրագիրը նախատեսված է գիտությունների, տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ մաթեմատիկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որոնք ճանաչված համալսարանների կամ հետազոտական ինստիտուտների շրջանավարտներ են։
Չինաստանի կոմկուսի պաշտոնական մամուլը նոր վիզան ներկայացնում է որպես «խոշոր հնարավորություն»՝ ընդգծելով, որ Պեկինը պատրաստ է ընդունել միջազգային տաղանդներ այն պահին, երբ այլ երկրներ նրանց մուտքը սահմանափակում են։
Չինական նոր վիզան ավելի ճկուն է․ դիմելու համար պարտադիր չէ ունենալ աշխատանքային պայմանագիր, իսկ ժամկետները եւ երկիր մուտք քանակը սահմանափակված չեն։
Սակայն Չինաստանում նախաձեռնությունն արդեն քննադատության է արժանացել․ աշխատաշուկան գերհագեցած է, իսկ երիտասարդների ավելի քան 20%-ը գործազուրկ է։ Լեզվական խոչընդոտներն էլ շարունակում են սահմանափակել արտասահմանցիների հնարավորությունները, քանի որ շատ տեխնոլոգիական ընկերություններ աշխատում են չինարենով, հայտնում է RFI-ն։




