ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերականգնել է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել վերականգնել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները ավելի քան տասը տարվա դադարից հետո։ Այս որոշմանը նախորդել են ձախողված դիվանագիտական փորձերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի՝  Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը վեց ամսով հետաձգելու առաջարկը։ 

Միջազգային պատժամիջոցները Իրանի դեմ կրկին ուժի մեջ են մտել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մերժվեց Ռուսաստանի և Չինաստանի առաջարկած բանաձևը՝ դրանք վեց ամսով հետաձգելու վերաբերյալ։ Վերջնական որոշմամբ՝ պատժամիջոցները սկսեցին գործել շաբաթ երեկոյան։

ՄԱԿ-ի՝ 15 անդամ ունեցող Անվտանգության խորհրդում ռուս-չինական նախաձեռնությանը կողմ է քվեարկել ընդամենը չորս երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը։ Ինը երկիր դեմ է քվեարկել, իսկ երկուսը ձեռնպահ են մնացել։

Պաշտոնական Թեհրանի արձագանքը չի ուշացել։ Անվտանգության խորհրդում քվեարկությունից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սուր մեղադրանքներ է հնչեցրել միջազգային հանրության հասցեին՝ հայտարարելով․

«Պատժամիջոցների այս մեխանիզմն իրավական առումով ոչինչ է։ ԱՄՆ-ը դավաճանեց դիվանագիտությանը, սակայն հենց «Եվրոեռյակն» է այն ամբողջությամբ թաղել։ Նրանք անտեսեցին փաստերը, տարածեցին կեղծ պնդումներ, խեղաթյուրեցին Իրանի խաղաղ ծրագիրը և կանխեցին դիվանագիտական ջանքերը՝ գիտակցաբար տանելով վտանգավոր սրման»։

ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է այդ երկրի ներկայացուցիչ Դորոթի Շին՝ պարզաբանելով պատժամիջոցների վերականգնման անխուսափելիությունը։ Նա, մասնավորապես, հայտարարել է.

«Իրանն այդպես էլ չպատասխանեց «Եվրոպական եռյակի» հիմնական հարցերին, և դրա հետևանքով պատժամիջոցների վերականգնումը դարձել էր անխուսափելի։ Այնուամենայնիվ, դիվանագիտական ուղին շարունակում է բաց մնալ»։

Ռուսաստանը, սակայն, իր ձախողված փորձից հետո հանդես է եկել ավելի կոշտ դիրքորոշմամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է.

«Ոչ մի պատժամիջոցների վերադարձ  չկա և չի լինելու ՄԱԿի Անվտանգության խորհրդի նախկին հակաիրանական որոշումները, որոնք գործում էին մինչև 2015 թվականը, անօրինական են և չեղարկված»։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, Իրանի դեմ վերականգնված պատժամիջոցները ներառում են զենքի մատակարարման արգելք Իրանին, ուրանի հարստացման և վերամշակման հետ կապված ցանկացած գործունեության արգելք, ինչպես նաև՝ բալիստիկ հրթիռների ծրագրի սահմանափակում։ Դրանք նաև ներառում են տասնյակ իրանցի պաշտոնյաների ճանապարհորդական սահմանափակումներ, ակտիվների սառեցում և այլ տնտեսական պատժամիջոցներ։

Լարված քաղաքական զարգացումների ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքեանն, ըստ ամենայնի, փորձել է մեղմել իրադրությունը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարելով, թե՝ «աշխարհը չի քանդվում»: Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանը չի պատրաստվում դուրս գալ «Ատոմային զենքի չտարածման պայմանագրից»։ BBC-ն էլ նկատել է, որ Փեզեշքեանի խոսքերն ավելի չափավոր են, քան արտգործնախարար Արաղչիի հռետորաբանությունը։

Իրանի նախագահ Փեզեշքեանը, Նյու Յորքից հեռանալիս, լրագրողների հետ ճեպազրույցում նաև  միջազգային հանրությանը վստահեցրել է, որ Իրանը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել, բայց նաև հստակ անոնսել։

«Իրանը չի պատրաստվում դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից, եթե նույնիսկ վերականգնվեն ՄԱԿ-ի պատժամիջոցները»։ 

Ըստ BBC-ի՝ արբանյակային լուսանկարները վկայում են, որ ամերիկյան և իսրայելական հարվածներից վնասված իրանական Նաթանզի և Ֆորդոյի միջուկային համալիրներում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, Նաթանզում նկատվում են թունելի կառուցում հիշեցնող աշխատանքներ, իսկ Ֆորդոյում՝ հարվածներից հետո առաջացած խառնարանների մասամբ ծածկում։

Իրանի հետ արևմտյան տերությունների լարված բանակցություններն ու հռետորական «հակահարվածները» կարծես իրենց հարաբերական ավարտին էին հասել 2015 թվականին, երբ Իրանի և հինգ համաշխարհային տերությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև գրեթե երեք տարի բանակցությունների արդյունքում  կնքվել էր միջուկային գործարք՝ «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր» անվամբ։ Այն սահմանափակում էր Իրանի միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների դադարեցման դիմաց։ Սակայն 2018-ին՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում, ԱՄՆ-ը դուրս եկավ այդ գործարքից, ինչից հետո Իրանը սկսեց զգալիորեն ընդլայնել իր միջուկային հնարավորությունները։

Reuters-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցների վերականգնումը չի նշանակում վերջնական փակուղի։ Միաժամանակ, ընդգծվում է, որ պատժամիջոցների վերականգնումը չի բացառում դրանց հետագա չեղարկումը դիվանագիտական ճանապարհով․ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դորոթի Շինի այս շեշտադրումն է նաև մեջբերել  Reuters-ը։

Կարդացեք նաև

Back to top button