Դպրություն

Գյուրջիևի օրերը Հայաստանում՝ հայագիտության և համաշխարհային հոգևոր ժառանգության խաչմերուկում․ «Դպրություն»

Գեորգի Գյուրջիևը՝ միստիկ, փիլիսոփա և երաժիշտ, ունի հայկական արմատներ և մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի հոգևոր մտքի վրա։ Նրա գաղափարներն ու ուսմունքը շարունակ հետաքրքրություն են առաջացնում ինչպես գիտական շրջանակներում, այնպես էլ՝ մշակութային ու հոգևոր դաշտերում։

ԵՊՀ-ում կայացավ «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովը, որը կարևոր քայլ է ինչպես հայ մշակույթի, այնպես էլ համաշխարհային հոգևոր և փիլիսոփայական ժառանգության ուսումնասիրման գործում։

Հատկանշանական և կարևոր է այն հանգամանքը, որ գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ։ Սա վկայում է հայագիտության միջազգային համագործակցության և գիտական երկխոսության խորացման մասին։

Թեև Գյուրջիևը չի դիտարկվում որպես դասական հայագետ, սակայն, նրա գործունեությունն ու գաղափարները արժեքավոր են հայագիտության համար՝ հատկապես մշակութային ինքնության, բազմամշակութային միջավայրում ձևավորված հայության կերպարի և հոգևոր ժառանգության տարածման տեսանկյունից։ Նրա ժառանգությունը կարելի է դիտարկել որպես եզակի կամուրջ՝ հայկական մշակույթի և համաշխարհային միստիկ փիլիսոփայության միջև։

Ինչպե՞ս կարելի է Գյուրջիևին ներկայացնել հայագիտություն ուսումնասիրող երիտասարդ սերնդին և որքա՞ն է դա կարևոր։

«Այս գիտաժողովի միջոցով Գեորգի Գյուրջիևը կարծես «վերադարձավ» Հայաստան։ Սա շատ կարևոր է, որովհետև կոնֆերանսի ժամանակ էլ շատ պրոֆեսորների կողմից նշվեց, որ՝ զարմանալի է, ասում են մարգարեներ չեն լինում սեփական երկրում։ Սակայն, այստեղ մեկ այլ իրողություն է՝ ընկալման իրողություն։ Նրանք հարցնում էին նաև, թե ինչո՞ւ Գյուրջիևը այդքան հայտնի լինելով արտերկրում, որ բազմաթիվ գործիչների համար ուսուցիչ է, այդ նույն ուսուցիչը սեփական երկրում չունի այն ընկալումը, ճանաչումը, որը գոյություն ունի արտերկրում»,– ասում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

«Շատ կարևոր է նշել, որ Գյուրջիևը բազմակողմանի և բազմաշերտ անձ է։ Բազմակողմանի և բազմաշերտ է նաև նրա ուսմունքը։ Եվ անհրաժեշտ է, որ մոտեցումները լինեն տարբեր ուղղություններով և կենտրոնացում լինի հենց նրա ուսմունքի վրա։ Ինչպես շատերը գիտեն, նա ծնունդ է առել Կովկասում, գործունեություն ծավալել, հետո մեկնել արտերկրներ։ Հետաքրքիրն այն է, որ նա երկարատև զարգացում է ապրել, և դրա մասին մենք կարդում ենք նրա հեղինակած գրքերում, միևնույն ժամանակ՝ նաև այն գրքերում, որոնք հեղինակել են նրա հետևորդները։ Այնպես որ, սա հայագիտության համար բավական հետաքրքիր է։ Ինձ թվում է, որ այժմ ավելի նոր ձևով է սկում գործել հայագիտական ոլորտը՝ Գյուրջիևի վերաբերյալ, թե ո՞վ է նա, որտեղի՞ց է եկել և հատկապես ապրած տարածաշրջանի ազդեցությունը նրա ձևավորման վրա ինչպե՞ս կարելի է բնութագրել։Եվ շատ կարևոր է, որ այս գիտաժողովը տեղի ունեցավ Հայաստանում։ Իմ հիմնական նպատակներից մեկը դա էր»,– ասում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին։

Կարդացեք նաև

Back to top button