
«Երբ Հայաստանում կար հիպիների շարժում, դա ո՞նց էր արտահայտվում՝ երկար մազերով և հոլիդեյ շալվարներով։ Պանկիների շարժումը՝ ինչ֊որ շղթաներ, ռոքերների շարժումը, էմոները․․․ էդ բոլորը եղել են զիլ, ազատական, բովանդակալից շարժումներ աշխարհի համար։ Իսկ մեզ հասել է մենակ արտաքին ձևը` հոլիդեյ շալվարը։ Այ էդ տներում դրված գրքերը հենց էդպիսի ձևական նշանակություն ունեին»։
Խորհրդային միության տարիներին գիրքը «ինտելիգենցիայի» խորհրդանիշն էր։ Դժվար է ասել՝ գնված բոլոր գրքերը ընթերցվում էին, թե ոչ, բայց հիացական հայացքները հիմնականում ուղղվում էին հարուստ գրադարանին, ոչ թե դրանում տեղավորված գրքերը կարդացած մարդուն։ Այդ շքեղ գրադարաններն ունեցած կամ տեսած մարդիկ հիմա հաճախ են ասում՝ գիրքը թանկ է։
«Միջին վիճակագրական գիրքը Հայաստանում միջինում արժե 5000 դրամ։ Դա մոտավորապես 1 սուրճ ու 1 խմորեղեն է։ Եթե փորձենք արտապատկերել մեր առօրյայի մյուս ոլորտների վրա, կհասկանանք, որ մենք էնպես ենք էդ 5000 դրամը ծախսում, որ գիրքը չի կարող թանկ լինել։ Ուղղակի մենք ենք հեռացել, մեզ համար կորել է ֆիզիկական գիրքը ունենալու արժեքը, դրա համար մեզ թվում է, թե գիրքը թանկ է»։
Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր խոսելու ենք գրքի գնի մասին ու փորձելու ենք հասկանալ՝ ինչու կան այդ մասին խոսակցությունները։

— Ինչի՞ց է գիրքը թանկ, մատնահարդարի ծառայությունից թա՞նկ է։
— Ոչ։
— Մի կիլո տրուֆելից թա՞նկ է՝ ոչ, մի կիլո մսից թա՞նկ է՝ ոչ, 4 կիլո կարտոֆիլից թա՞նկ է՝ ոչ։ Բա ինչի՞ց է թանկ, խաղալիքից թա՞նկ է, 3-4 հոգով պաղպաղակ ուտելուց թա՞նկ է՝ ոչ։ Այսինքն` բա ինչի՞ց է թանկ․ գիրք թանկ է գրքի մասին մեր պատկերացումներից։ Այսինքն` մեզ մոտ էդքան, եկեք բառ հորինեմ, ապագնահատված է գիրքը, գիտելիքը։
Արմեն Մարտիրոսյան ղեկավարում է Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկը, որն 92 թվականից անդադար մարդկանց նոր գիրք ու մտահորիզոնը լայնացնելու հնարավորություն է տալիս։ Նրանց վաճառած գրքերի մասին մենք ձեզ դեռ կպատմենք։ Խոսակցությունը սկսում ենք մատչելի գիտելիքի աղբյուրի՝ այս դեպքում՝ գրադարանների առկայությունից, ձևից ու բովանդակությունից․
«Գիտելիքը և մտածողության ձևավորման աղբյուրը պետք է լինեն մատչելի, իսկ ամենամատչելին երևի գրադարանն է, որը անվճար է կամ փոքրիկ վճար կա տարվա ընթացքում։ Ուրիշ բան, որ Հայաստանում հիմա ընդամենը 11 գրադարան կա, որ շատից-քչից փող են ստանում պետությունից, դրանք կոչվում են մարզային գրադարաններ։ Բայց էդ գրադարանները էդ փողով կարող են առնել Հայաստանում ամեն տարի լույս տեսնող գրքերի մի 10%-ը, 90%-ը չեն կարող։ Էս եթե մենակ Հայաստանում լույս տեսնող․ բա աշխարհի՞ գրքերը»։
Գրադարան ասելով Արմեն Մարտիրոսյանը բնավ միայն շենքն ու այնտեղ տեղադրված գերքերը նկատի չունի։ Ասում է՝ մենք հաճախ բաց ենք թողնում ամենակարևոր, ամենաազդեցիկ, ուշադրությանն ամենաարժանի օղակը՝ գրադարանավարին․

«Պատկերացրեք մենք գնում ենք ռեստորան ոչ թե համի հետևից, այլ շենքի հետևից։ Բայց չէ՞ որ մարդիկ ասում են` գնանք էսինչի սարքածն ուտենք։ Ո՞վ էր ամենակարևոր մարդը՝ խոհարարը, ով էդ համը ստեղծում է։ Գրադարանավարը պետք է լինի ոչ միայն գրքի զարգացման պատկերացումներն ունեցող մարդ՝ թե ուր է գնում էս ամբողջ հոսքը, թե ինչ ժանրեր կան, թե որ ժանրից ինչ ունես, թե որ գրքից հետո որը կարդաս, այլ նաև պետք է բլոգեր լինի՝ իր հետևից տանող։ Պատկերացրեք՝ Հենրիխ Մխիթարյանը գա որևէ դպրոցում, ասի` ով է գալիս իմ խմբակ։ Կլինի՞ երեխա, որը չուզի, հա, կարող է ինչ֊որ ջութակահարը չուզի, որովհետև իրեն ավելի հետաքրքիր բանով է զբաղված, բայց հիմնականում կուզեն։ Իսկ ո՞վ ասեց, որ գրադարանավարը չպետք է լինի Հենրիխ Մխիթարյան՝ գրադարանային ձգող մարդ»։
Եթե խոսենք երեխայի անունից, կասենք՝ գրադարանը գրավիչ ու հարուստ չէ։ Եթե խոսենք ավագ սերնդի ներկայացուցիչների անունից, կասենք՝ գրավիչ չէ՝ համացանցում կարդացեք․ գիտելիքը՝ բաց ու անվճար ձեզ է սպասում, իսկ դուք ծույլ եք ու անշնորհակալ՝ չեք սեղմում մի քանի կոճակ ու չեք կլանում այն՝ բացարձակապես անվճար։ Զրուցակիցս շնորհակալ կլինի, եթե մեկն իրեն լավ, անհրաժեշտ գիտելիքի հասանելի, անվճար տեղ հուշի․
«Պատկերացրեք, որ տարվա վերջում դպրոցի գրադարանից մակուլատուրա են հանձնում․ մեքենան եկել է, շպրտում են մեջը, որ տանեն վերամշակեն։ Այ էդտեղ հայտնված գրքերը ինչքանո՞վ են կարևոր։ Ինտերնետում հենց էդ է։ Ինտերնետում գուցե շատ բան կա, բայց որևէ գնահատված գիտելիք չկա, կամ անվճար չկա։ Օրինակ` ես հիմա աշխատանք եմ գրում ու էդ հղումների համար պետք է 500-1000 $ վճարեմ, որ էդ նյութը ձեռք բերեմ։ Իսկապես կշիռ ունեցող գիտելիքը շատ թանկ է, իսկ շատ-շատ դեպքերում առհասարակ անհասանելի»։
Համացանցում տեղեկություն կգտնեք, գիտելիք՝ հազիվ թե՝ կարծում է Արմեն Մարտիրոսյանը։ Դրա համար մեկը պետք է վճարի։ Կամ պետությունը՝ համալրելով գրադարանները, կամ մարդը՝ ձեռք բերելով լավ գրքեր։ Եվ եթե կարծում եք, թե գիրքը թանկ է ձեզ համար, ապա ահա փոքրիկ տեղեկություն այն Հայաստան հասցնելու գործընթացի մասին․

— Մենք դիմել էինք մի մեծ հրատարակչության, որ բանկային գրականություն գնենք, նրանք ասին` մենք չենք վաճառի ձեր երկրին։
— Ինչո՞ւ։
— Իրենք չէին պատճառաբանել, բայց հետո՝ էդ խնդրի հաղթահարման ժամանակ հասկացանք, որ օրինակ Հայաստանում «Փոքրիկ իշխան»-ը հրատարակում էին համատարած գրահեն ճանապարհով, իսկ աշխարհում գրքի բնագավառում կան նշիչներ, «Փոքրիկ իշխան»-ը դրանցից մեկն էր։ Էն ժամանակ Հայաստանում օգտագործվող մտավոր սեփականության 92 %-ը գողացված էր, անգամ ՄԱԿ-ի կայքում էր դրած էդ թիվը։ Մի խոսքով՝ իրանք գողերի երկրին չէին ուզում վաճառեն, բայց մենակ էդ չէր պատճառը, դու պետք է ապացուցես, որ դու էդ գիտելիքին արժանի ես։
Նույն գրքի հեղինակային իրավունքը տարբեր երկրների տարբեր գներով է վաճառվում։ Հրատարակչությունները երկար համոզում են, որ ցանկալի գիրքը պետք է լույս տեսնի նաև հայերենով։ Հետո գիրքը հասնում է Հայատսան ու դառնում սրբություն․ այս միտքը ոլորտի մարդկանց բնավ դուր չի գալիս․
«Գիրքը սրբություն է ու էդ ամենամեծ անեծքն է։ Սրբին հեռու ինչ֊որ անկյունում դնում են՝ բարձր տեղ, ու նայում։ Իսկ գիրքը (ես տղամարդու տեսանկյունից կասեմ), կնոջ նման է, ինքը ուզում է իրան շոյեն, թերթեն, գրկեն, իրանից հոտ քաշեն, ամեն օր կարդան, ու որևէ կին երևի չի ուզում, որ իրան իր սիրած տղամարդը սրբացնի ու ձեռք չտա։ Էդպես էլ գիրքը։ Բրեդբերին ասել է՝ աշխարհի ամենամեծ հանցագործությունը գիրք այրելն է, բայց կա ավելի դաժան բան՝ գիրք չկարդալ։ Հիմա մենք էդ դաժան մարդկային հանցագործությանամբ զբաղվող հանրություն ենք»։
***
«Ի՞նչն է թանկ․ այն, ինչը մեզ մեզ համար թանկ չէ։ Որովհետև եթե ինչ-որ բան մեզ համար թանկ է, մենք պատրաստ ենք դրա համար վճարելու որքան պետք է։ Ես հիշում եմ իմ ուսանողական տարիներին շատ պատահաբար գրախանութներից մեկում՝ նկուղային հարկում, գրադարակների ամենավերևի անկյունում տեսա անգլերեն Ջոյս։ Դա 10 տարի առաջ աբսուրդ էր ինձ համար, ինձ թվում էր՝ հատուկ ինձ համար էդ գիրքը, որ ես տեսնեմ և գնեմ։ Այն ժամանակ արժեր 23 000 դրամ։ Դա 10 տարի առաջ ուսանող Համլետի համար շատ մեծ թիվ էր։ Հիմա էլ քիչ մարդիկ 23 000 դրամ կտան գրքի համար, պատկերացրու՝ էն ժամանակ ինչ էր դա։ Ես հավաքել եմ և գնել եմ էդ գիրքը, որովհետև ինձ համար գիրքը ավելի թանկ էր, քան էդ 23000-ը։
Համլետ Առաքելյանի առօրյա կյանքը հետաքրքրում է առնվազն 45 400 մարդու։ Սա բացահայտ հետաքրքրություն ցուցաբերողների՝ Ինտսգրամում նրան հետևողների թիվն է։ Տարածած հրապարակումը հարյուր հազարավոր մարդկանց է հասնում։ Եվ նա ինստագրամյան իր էջում գիրք է կարդում։ Իր թույլտվությամբ ձեզ եմ ներկայացնում զրույցի՝ հրապարակման համար չնախատեսված հատվածներից մեկը․

«Երբ ես եմ գիրք կարդում, էդ մի ավել պլյուս է, հասկանո՞ւմ ես, որովհետև երբ դա աղջիկն է անում, ավելի ընդունելի է, քան որ տղամարդն է անում։ Ես դա դիտմամբ չեմ անում, դա իրոք տենց է։ Որ դու մտնես իմ տուն՝ ամբողջը գիրք է, ու ես դա չեմ անում, որովհետև ուզում եմ ինտելեկտուալ թվալ։ Դա ուղղակի իմ կիրքն է։ Իսկապես։ Եթե կա ինչ-որ բան էս կյանքում, որը ինձ մաքսիմալ ոգեշնչում է տալիս, մաքսիմալ ինձ անջատում է, մաքսիմալ իմ կիրքն է, դա տեքստերի աշխարհն է, տենց է ստացվել։ Դա իրական փորձառություն է, հասկանո՞ւմ ես, իմ Ինստագրամը գալիս է իմ իրական ապրումներից։ Բայց քո հարցը՝ ի՞նչ անենք։ Այ դա բարդ է, այսինքն՝ հիմա ես չեմ կարող ասել՝ գիտեք ինչ, թող շատ լինեն համլետներ, ամեն ինչ կփոխվի․․․տենց չի»։
Համլետին հատուկ եմ հարցրել՝ ինչ անենք, որ ավելի շատ մարդիկ կարդան։ Նա այս հարցի ուղիղ շահառուն է, քանի որ ինքն էլ գրում ու հրատարակվում է։ Գրքերից մեկը՝ «Անմահների ակադեմիա»-ն, դարձել է բեսթսելլեր։ Մինչև գիրքն ավելի շատ մարդու համար գրավիչ դարձնելու ճանապարհներ փնտրելը փոքրիկ տեղեկություն այն մարդկանց համար, որոնք կարծում են, թե բլոգեր լինելն է նպաստում որոշ հեղինակների գրքերի նկատմամբ ձևավորվող մեծ պահանջարկին։
««Անմահների ակադեմիա»-ն և այն, ինչ որ անում եմ ես որպես ինֆլենսեր, իրար հետ կապ չունեն, միայն կապ ունեն այնքանով, որ դա անում է նույն մարդը։ Անմահների ակադեմիան բովանդակային առումով չի համապատասխանում այն բովանդակությանը, որ ես՝ որպես մեդիա մարդ, մատուցում եմ իմ հետևորդներին։ Ես միայն «Անմահների ակադեմիա»-ն չեմ գրել, բայց «Անմահների ակադեմիա»-ն իմ ամենաշատ վաճառված գիրքն է։ Ուղղակի այն շատ յուրօրինակ գիրք էր, եկել էր մեծ բաց լրացնելու, ու գիրքը իրար խորհուրդ տալու սկզբունքով է ավելի շատ տարածվել։ Տես, օրինակ, հետո ես գրել եմ «Ինչ տխուր է սակայն»-ը, որը պոեզիայի ժողովածու է, իսկ պոեզիան Հայաստանում շատ վատ է վաճառվում, դա կարող են փաստել բոլոր հրատարակիչները, գրախանութները և այլն։ Եթե իմ անձը լիներ խնդիրը, մարդիկ կգնեին նաև պոեզիա, բայց մարդիկ չեն ուզում կարդալ պոեզիա, ինչքան էլ որ ինձ շատ են սիրում»։
Ինֆլյուենսերները ուղիղ չեն ազդում կոնկրետ մեկ գրքի վաճառքի ծավալների վրա, բայց կարող են անել ավելի կարևոր մի բան՝ երկարաժամկետ հեռանկարում փոխել մտածողություն։ Համլետը երկու ճանապարհ է առաջարոկւմ։ Առաջին՝ գիրքը հենց կարծիքի առաջնորդների ջանքերով պետք է դառնա մոդայիկ։ Գիրք կարդացող մարդը պետք է իմանա, որ դա անելով նմանվելու է հեղինակավոր մարդկանց ու չմտած դրա գնի մասին, ինչպես հաճախ չի նկատում որևէ մոդայիկ պայուսակի արժեքը․

«Հիմա ի՞նչ ենք մենք գնում սովորաբար․ ինչ-որ բան, որը թրենդային է, նորաձև է, որպեսզի մենք ստանանք էդ կոլեկտիվ վալիդացիան, ունենանք ինչ-որ իր, որը մեզ միանգամից տալիս է որոշակի ստատուս։ Մենք պետք է այնպես անենք, որ գրքի մարդ լինելը դառնա երանելի կարգավիճակ։ Դա ինչպե՞ս է լինում, երբ շատ ես տեսնում մարդկանց, ովքեր այդպիսին են և որոնց դու համակրում ես»։
Երկրորդ տարբերակ՝ գիրքը դարձնել ժամանցի ընդունելի տարբերակ։ Համլետ Առաքելյանի խոսքով՝ գրքի լավագույն ժամանակներում ժամանց հնարավորությունները սահմանափակ էին։ Ռիլ թերթելու հնարավորություն ու դրա մասին գաղափար անգամ չունեցող մարդիկ իրենց ազատ ժամանակը լցնում էին ընթերցանությամբ։ Հիմա զբաղմունքներ շատ կան, բայց գուցե կա նաև տարբերակ՝ ընթերացնությունը դարձնոելու դարնցից ամենագրավիչը։ Դարձնելու մի բան, ինչով մարդիկ կզբաղվեն ամեն օր՝ սրճարանի կողքով անցնելիս առանց երկար-բարակ մտածելու սուրճ վերցնելու չափ։




