
Սեպտեմբերի 26-ին, նշվել է Կոմիտաս Վարդապետի 156-ամյակը։
Երաժշտագետ-բանահավաքի, կոմպոզիտորի, երգչի, խմբավարի, մանկավարժի և հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի թողած ժառանգությունն ազգային և համաշխարհային մշակույթի անգնահատելի հարստություն է, որը շարունակում է ապրել՝ միավորելով անցյալը, ներկան ու ապագան։
Կոմիտասի ծննդյան 156-ամյակի առթիվ ղողանջել է թանգարանի խորհրդանշական զանգը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը հնչեցրել են Վարդապետի թանգարան-ինստիտուտի զանգը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Նամակներ Վիլժուիֆից» (Կոմիտաս Գևորգյանի հավաքածու) ցուցադրությունը։
Ներկայացվել են Վարդապետի կյանքի վերջին տարիներին վերաբերող փաստաթղթեր և նամակներ, որոնք հնարավորություն են տալիս նոր դիտանկյունից լուսաբանելու նրա կենսագրության քիչ ուսումնասիրված էջերը, ինչպես նաև բացահայտելու Կոմիտասի առողջական վիճակին, նրա անձին ու գործունեությանն առնչվող մի շարք մանրամասներ, որոնք արտացոլված են պաշտոնական փաստաթղթերում։
Անվանի դիրիժոր Կոմիտաս Գևորգյանի նվիրաբերած հավաքածուն ներառում է հրապարակումներ, փոստային բացիկներ, լուսանկարներ և պաշտոնական բնույթի գրություններ։

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին` ժանը 19:00, հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, սեպտեմբերի 30-ին` ժամը 19:00-ին, սոպրանո Հրաչուհի Բասենցը (Գերմանիա) և դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Հոկտեմբերի 3-ին` ժամը 19:30-ին, տեղի կունենա «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը: Հոկտեմբերի 8-ին` ժամը 17:00-ին, ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:




