ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հրաչյա Սարուխան՝ բառի գյուտարարը․ Լոռիում ոգեկոչել են բանաստեղծ Հրաչյա Սարուխանին

2022-ից Վանաձորում կյանքի է կոչվել «Մենք ու մերոնք» նախագիծը՝ արժեվորելու Լոռու մշակութային կենսագրությունը միշտ զարկերակի վրա պահող երախտավորներին։ Սեպտեմբերը նվիրվել է լոռեցի սիրված պոետներից մեկին՝ բանաստեղծ-թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանին։ Սարուխանյանական պոեզիայի սիրահարներն ու ժամանակակիցները վերհիշել են պոետի հետ կապված ուշագրավ դրվագներ, կիսվել հուշերով ու ոգեկոչել Հրաչյա Սարուխան մարդուն ու բանաստեղծին։

Սարուխանը բոլորին ու ամենքինն էր։ Նրա գրիչը հայ պոեզիայի թանաքամանից էր սնվում։ Ուրույն մոդեռնիստական պոեզիա, որ յուրովի շարունակում էր Չարենցին, Իսահակյանին ու Թումանյանին։

Բառաստեղծ բանաստեղծ էր Սարուխանը՝ հիշում են ժամանակակիցները։ Ինչի մասին էլ գրել է Սարուխանը, ինքնին պոեզիա էր՝ բառի ամենալայն ու բուն իմաստով, խոր ու խորհրդավոր: Լոռիում Սարուխան են ոգեկոչում․

«Կյանքս երազի մեկնություն էր սոսկ,
Ուր խորհուրդ ուներ չասված ամեն խոսք,

Ուր խոսքերն ասված կյա՜նք չէին արդեն,
Այլ՝ անմեկնելի Երազների հոսք…»

Չնայած իր բոհեմիկ կենսակերպին՝ կարգուկանոն էր սիրում։ Նուրբ հումոր ուներ, զուսպ էր, ինքնամփոփ ու լռակյաց։ Ծայրահեղ բծախնդիր էր բառերի նկատմամբ։ Օրերով չէր քնի, կփնտրեր ու կգտներ ճիշտ բառը, միաժամանակ խոսուն լռություն ուներ՝ բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն է հիշում․

 «Կեցցե՜ն կենարար մարսեղ հյութերը:

Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում:

Հոգիս կարկատող ասեղն ու թելը

Բացարձակապես ինձ չեն ճանաչում:

Խոսքից ավելի կարևորում էր լռությունը և քչախոս էր։ Բանաստեղծություն գրելիս էլ, ինչպես ինքն էր ասում, սակավագիր էր։ Գրածի մեջ կարևորում էր ոչ թե ծավալը, այլ խորքը։ Ամփոփ կենսակերպ և նախանձելի մաքրություն ուներ։ Այսպիսին տեսա Հրաչյա Սարուխան ֆենոմենը, Հրաչյա Սարուխան բանաստեղծին ու մարդուն, մեր Հրաչին, մեր անցած հրաշք օրերին և այսօր»։

Լոռու Համզաչիման, ներկայիս Մարգահովիտ գյուղում էր ծնվել Սարուխանը 1947-ին։ Բոլոր թելերով կապված էր հարազատ գյուղին, ուր և ամփոփված է։ Միջնակարգ կրթություն ստացավ Կիրովականում, 1970-ին ավարտեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, ապա նաև Վանաձորի մանկավարժականի լեզվագրական ֆակուլտետը։ Հաղթողը բառ ու բանն էր․

Տաթև Աղաբաբյան, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի փոխտնօրեն․

«Մի առիթով Լեոնարդո Դա Վինչին ասել է՝ պոեզիան գեղանկարչություն է, որը լսում են։ Այս բնութագրումը, թերևս, շատ տիպիկ է Հրաչյա Սարուխանի պոեզիայի համար։ Գեղանկարչության ֆակուլտետում սովորելու տարիներին արդեն Սարուխանն զգաց իր առաքելությունը ոչ թե նկարչության, այլ՝ պոեզիայի աշխարհում։ Լեոնարդոարեկացի հոգևոր մենամարտում հաղթողը Նարեկացին էր և Սարուխանը, հոգու ամբարած երանգների փոշին Դանթեից, Չարենցից, Լորկայից այս սուրբ հեղուկով մկրտվելու ցանկությամբ սկսեց վրձնել պոեզիայում»։

Սարուխանի առաջին դասախոսներից պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը ժպիտով է հիշում՝ ինչպես էր ողջ կուրսը խորամանկորեն նախապես ծանոթացել քննական տոմսերին ու փայլուն քննություն հանձնել։

«Պարզվում է՝ տոմսերս տեսել են սեղանի վրա ու նշումներ են անում։ Հետո ասացին, որ մի փոքր կտրել էին ամեն մեկի ծայրից ու հարցերն արտագրել։ Մի 10 հոգի առավոտն եկել են քննության։ Էդ 10 տոմսը, որ ծայրերը կտրել են, հարցերն արտագրել էին, ամեն մեկը սովորել էր մեկը։ 10 հոգին էլ մտել են լսարան ու իրար մեջ բաժանում են։ Հո չեն պատասխանում։ Հրաչիկին ստացական դերանուններ էր ընկել։ Հարց չեմ տալիս՝ փայլուն պատասխանեցին, բոլորը գերազանց ստացան»։

70-ականների վերջից Սարուխանը Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթում էր, ուր և լույս տեսավ նրա առաջին բանաստեղծությունը։ Հետո ավարտեց Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի հատուկ դասընթացները։ Տարիներ անց նույն «Կայծ»-ի պատասխանատու քարտուղարն էր, գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի ղեկավարը՝ մինչև 2009-ը։

Անզուգական թարգմանիչ էր, նաև մրցանակների ու մեդալների էր արժանացել։ Բանաստեղծ Մանվել Միկոյանի բնորոշմամբ՝ Սարուխանը նոր էր իր պատկերային անսովոր մտածողությամբ, գրականագետ Կարեն Մանուչարյանի խոսքով էլ՝ Սարուխանը մոդեռն բովանդակություն բերեց պոեզիա

Մի երգ էինք գրել։ Զանգեց ուշ գիշերին ասաց, մի բառ դուրըս չի գալիս։ Ամբողջ գիշեր չքնեց ու գտավ այդ բառը՝ երգահան Գագիկ Աղաբաբյանն է հիշում։

«Հետաքրքիր պատմություն ունի «Մեղեդի» երգը։ Զանգեց ուշ ժամի, արդեն վերջացրել եմ։ Ասի՝ դե կարդա։ Ասավ՝ գրիչ վերցրու, գրի։ Ասեցի՝ էս բառը չի երգվում։ Մեղեդին չե՞ս կարող փոխել։ Ասի՝ չէ։ Ասավ՝ լավ, էսա կզանգեմ, ու տենց մինչև գիշերվա 3-ը։ Իր ամեն մի բառի նկատմամբ շատ խիստ էր։ Մի ժամից ավել մենակ էդ մի բառի վրա էր մտածել։ Հրաչի հետ շատ հեշտ էր ու շատ դժվար, որովհետև ամբողջ էությամբ ինքը նվիրվել գիտեր։ Որ սիրում էր՝ սիրում էր։ Որ չէր սիրում՝ չէր սիրում։ Չէիր էլ կարա համոզես»։

«Ամենքի հետ հիշեցի ու վերապրեցի իմ Հրաչին՝ բանաստեղծի այրին է ասում։ Թյուր կարծիք կար, ասում է, թե որոշիչ խոսքը իմն է։ Վերջին խոսքը միշտ Հրաչինն էր։ Արդեն 9 տարի կարոտում եմ, կուզեի՝ ինձ շատ նախատեր՝ խոնացաված աչքերով ժպտում է։

Անահիտ Պետրոսյան․ «Ամեն oր են խոնավ, ամեն օր: 9 տարի արդեն անցել է, բայց ինձ համար ոնց որ երեկ լիներ։ Անընդհատ հիշելով, իրեն կարոտելով։ Վերջին խոսքը միշտ իրենն էր, ու ես իրանից շատ բան էի սովորում։ Իրա ասելիքի մեջ էնքան ուսուցանող բաներ կար, որ ես հիմա դրա պակասը շատ եմ զգում՝ անգամ էս տարիքում։ Բոլորս էլ գիտենք, որ գրողները, նկարիչները, նրանց կյանքը մի քիչ ուրիշ է։ Ինձ հարցնում էին՝ էդ ո՞նց ա, որ Հրաչը քեզ ա աստվածացնում։ Ես ասում էի, որովհետև ես Սարուխանի համար և՛ կին եմ, և՛ սիրուհի, և՛ մայր, և քույր, ինքն էլ ինձ համար էր այդպիսին, ամեն ինչ էր ինքն ինձ համար»։

Հրաչը քիչ չէր գրում`ասում է տիկին Անահիտը։ Նա խիտ էր գրում։ Ամեն տողը մի ողջ կյանք էր ու ապրում։ Այդ խորությունն ու խտությունը դեռ շատ գրականագետներ կմեկնեն։ Լի ու տարողունակ էր նրա ասելիքը։

Բառի գյուտարար էր Սարուխանը: Ժամանակակիցները զարմանում էին նրա հորինած ամեն բառից, որ այնքան դիպուկ էին․ անՌիալտո ու անմրահոն, անԱնդրանիկ ու անՆժդեհ։ Դրանք արտասովոր առատ են նրա ստեղծագործություններում, որ հետո պիտի գործածության մեջ մտնեն Սարուխանի հեղինակային իրավունքով։

Կարդացեք նաև

Back to top button