ԿարևորՔաղաքական

Խաղաղություն` նախագահ Թրամփի ամուր դիվանագիտության և ստեղծագործական մոտեցման շնորհիվ. ԱՄՆ դեսպանի ելույթը` «Rose-Roth»-ում

Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Rose-Roth» 108-րդ սեմինարում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ այսօր Հայաստանի համար իսկապես պատմական ժամանակաշրջան է։ «Տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրել՝ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում։ Այսօր մենք կանգնած ենք այդ խաղաղությանը հասնելու ավելի մոտ, քան երբևէ՝ շնորհիվ նախագահ Թրամփի ամուր դիվանագիտության և ստեղծագործական մոտեցման»,- ասել է նա։

Ելույթը` ամբողջությամբ.

«Բարի առավոտ բոլորին։ Շնորհակալություն սեմինարի կազմակերպիչներին՝ ինձ այսօր ձեզ հետ լինելու հնարավորության համար։

Դուք հավաքվել եք այստեղ՝ Երևանում, Հայաստանի համար իսկապես պատմական ժամանակաշրջանում։ Տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրել՝ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում։ Այսօր մենք կանգնած ենք այդ խաղաղությանը հասնելու ավելի մոտ, քան երբևէ՝ շնորհիվ նախագահ Թրամփի ամուր դիվանագիտության և ստեղծագործական մոտեցման։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի հովանավորությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, բերեց երեք կարևոր նվաճման։

Առաջին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։

Երկրորդ՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը ամրագրում է նրանց պատրաստակամությունը բացելու հաղորդակցությունները երկու երկրների միջև, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին՝ (Trump Route for International Peace and Prosperity, կամ TRIPP)։ Նրանք պարտավորվեցին կառուցել բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնվելով միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածքի նվաճման նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։

Երրորդ՝ նախագահ Թրամփը ստորագրեց երեք փոխըմբռնման հուշագիր Հայաստանի հետ և մեկը՝ Ադրբեջանի հետ, որոնք ներկայացնում են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականը։

Հուշագրերը հրապարակվեցին օգոստոսի 29-ին։ Հայաստանի հետ կնքվածները վերաբերում էին մի շարք ռազմավարական կարևոր ոլորտների համագործակցությանը, այդ թվում՝ տրանսպորտի և կապի՝ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության աջակցությամբ, սահմանային անվտանգության ապահովմանը, Հայաստանի արհեստական բանականության և կիսահաղորդչային արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև էներգետիկայի և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցությանը։

Սեպտեմբերի 11-ին, Երևանում գտնվելու ընթացքում, ԱՄՆ Եվրոպայի հարցերով ավագ բյուրոյի պաշտոնյա Բրենդան Հանրահանը հայտարարեց Կոնգրեսի հետ համատեղ ԱՄՆ-ի մտադրության մասին՝ տրամադրել 145 միլիոն դոլար որպես առաջին հատկացում՝ օգոստոսի 8-ի համատեղ հայտարարության և հուշագրերի իրականացման համար։

Այս քայլերն իսկապես պատմական են և մեզ շատ ավելի առաջ են տարել կարճ ժամանակում, քան պատկերացնում էինք 2025-ի սկզբում։ Բայց դեռ շատ անելիքներ կան։

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն և վավերացնեն Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Որքան շուտ խաղաղությունը վերջնական տեսք ստանա, այնքան արագ կսկսեն երևալ դրա արդյունքները։

Ես նկատում եմ այստեղ Թուրքիայի մեծաթիվ պատվիրակություն և ողջունում եմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։ Նորմալացման գործընթացում առաջընթացը մեծ օգուտ կբերի երկու երկրներին։

Սպասում ենք, որ կյանքի կկոչվեն երկար քննարկված քայլերը, օրինակ՝ Մարգարայի սահմանային անցակետի բացումը դիվանագետների և երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հիմա է ճիշտ պահը՝ պահել և զարգացնել ձեռք բերված դինամիկան։

Համատեղ հայտարարության մեջ կրկին հաստատվել է 1991 թ․ Ալմաթիի հռչակագիրը, որը հիմք է հանդիսանում հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շարունակման համար՝ որպես նորմալացման անհրաժեշտ քայլ։

Եվրոպան խորացնում է իր կապերը Հայաստանի հետ, և մենք սպասում ենք համագործակցել՝ առաջ տանելու այն բազմաճյուղ ջանքերը, որոնք կմոտեցնեն Միջին միջանցքի գաղափարը՝ Կենտրոնական Ասիայից մինչև Արևմտյան Եվրոպա։

Միացյալ Նահանգներն արդեն իսկ առաջ է շարժվում՝ իրականացնելով օգոստոսի 8-ի համաձայնությունները։

Օրինակ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի պաշտոնյաները սկսել են հանդիպումներ՝ մշակելու TRIPP երթուղու մանրամասները։ Դա կլինի բազմամիջոցային տարանցիկ գոտի, որը կմիացնի Ադրբեջանի մայրցամաքային մասը և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ Հայաստանի համար ապահովելով փոխադարձ օգուտներ՝ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։

Մենք զարգացնում ենք մասնավոր հատվածի համագործակցությունը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Firebird ընկերության ծրագրերը՝ մինչև 2026 թ․ սկիզբը Հայաստանում կառուցել ԱԲ տվյալների կենտրոն՝ ավելի քան 500 միլիոն դոլար ներդրմամբ։

Էներգետիկ անվտանգության ոլորտում մենք շուտով կսկսենք բանակցություններ քաղաքացիական միջուկային համագործակցության մասին համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123 Agreement»։ Դա Հայաստանին հնարավորություն կտա ընդլայնել միջուկային էներգետիկ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։

Մոտ օրերս Հայաստան կայցելեն ԱՄՆ Պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության ծրագրի և ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության վարչության ներկայացուցիչները՝ օգնելու Հայաստանի սահմանների կառավարման և անվտանգության բարելավմանը։

Մենք ճանաչում ենք ԵՄ Միսիայի (EUMA) կարևոր դերը՝ ապահովելու անվտանգությունը հակամարտությունից տուժած տարածքներում և աջակցելու վստահության կառուցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մենք նաև համագործակցում ենք Հայաստանի հետ՝ ազգային կիբերանվտանգության ռազմավարության մշակման գործում, այդ թվում՝ ազգային համակարգչային միջադեպերին արձագանքման թիմի ստեղծման հարցում։

Վերջում, հաշվի առնելով մեր լսարանը, կուզենայի անդրադառնալ ԱՄՆ-ի և Հայաստանի պաշտպանական համագործակցությանը։

Մենք տրամադրել ենք Հայաստանի Պաշտպանության նախարարությանը մոտ 18 միլիոն դոլարի օտարերկրյա ռազմական ֆինանսավորում՝ զրահապատ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելու, Կիբերանվտանգության գործողությունների կենտրոնի ստեղծման և Հայաստանի ազգային ուսումնական կենտրոնի կարողությունների բարելավման համար։

Այս տարի տեղի ունեցավ նաև մեր հաջող Eagle Partner համատեղ խաղաղապահ զորավարժության երրորդ փուլը, որտեղ ամերիկացի և հայ զինվորականները միասին պատրաստվում են խաղաղապահ առաքելությունների։

«Eagle Partner»-ը նպատակ ունի բարելավել մեր զորքերի համագործակցությունը և մեծացնել Հայաստանի համատեղելիությունը միջազգային ուժերի հետ, քանի որ Հայաստանը բազմազանեցնում է իր գործընկերությունները և ձգտում ավելի սերտ համագործակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

Հայաստանը 2004 թվականից շարունակաբար զորք է տրամադրում ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում՝ ի ցույց դնելով իր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում։

Այս հետևողական նվիրվածությունը ընդգծում է Հայաստանի դերը որպես հուսալի գործընկեր տարածաշրջանային անվտանգության գործում, նրա պատրաստակամությունը դաշնակից ուժերի հետ աշխատելու և խաղաղության հանդեպ հանձնառությունը։

Կուզենայի ավարտել՝ նշելով, որ այս դահլիճում ներկայացված յուրաքանչյուր ազգային խորհրդարան կարող է կառուցողական դեր խաղալ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն բերելու Հարավային Կովկաս։

Անհատական կառավարություններն ու ՆԱՏՕ-ի նման տարածաշրջանային կազմակերպությունները պետք է օգտվեն նախագահ Թրամփի ձևավորած դինամիկայից՝ ամրապնդելու խաղաղությունը, նորմալացնելու հարաբերությունները և զարգացնելու Հայաստանի ներուժը՝ որպես առևտրի և կոմունիկացիայի հանգույց և կայունության խարիսխ արևելքի և արևմուտքի միջև։

Շնորհակալություն»։

Կարդացեք նաև

Back to top button