ԿարևորՄիջազգային

Դանիայի Օլբորգի օդանավակայանը փակվել է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով

Դանիայում Օլբորգի օդանավակայանը, որը նաև ռազմաօդային ուժերի ավիաբազա է, սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան փակվել է, երբ օդանավակայանի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել, հայտարարել է տեղական ոստիկանությունը:

Ըստ լրատվական գործակալությունների՝ ոստիկանությունը անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումից անմիջապես հետո հայտարարել է, որ օդանավակայանի կամ Օլբորգի բնակիչների համար վտանգ չկա:

Թռիչքներին հետևող Flightradar կայքից տեղեկանում ենք, որ երեք չվերթ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ:

Սեպտեմբերի 22-ի երեկոյան անօդաչու թռչող սարքերի պատճառով ժամանակավորապես փակվել էր նաև Կոպենհագենի օդանավակայանը։ Անօդաչու թռչող սարքերը հայտնվել էին տարբեր ուղղություններից, միացրել և անջատել էին լույսերը և մի քանի ժամ անց անհետացել։

Դրանից հետո օդանավակայանը 100 չվերթ էր չեղարկել ու հետաձգել։ Չվերթների չեղարկումից տուժել էր շուրջ 20,000 ուղևոր։ Օդանավակայանը վերսկսել էր գործունեությունը սեպտեմբերի 23-ի առավոտյան։

Սեպտեմբերի 22-ին անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով մի քանի ժամով փակվել էր նաև Նորվեգիայի Օսլո քաղաքի Գարդերմյոն օդանավակայանը։ Դանիայի և Նորվեգիայի իշխանությունները համագործակցում են՝ պարզելու համար, թե արդյո՞ք կապ կա երկու միջադեպերի միջև։

Կարդացեք նաև

Back to top button