Ժողովրդագրական գործընթացներում Հայաստանի համար արդեն սահմանված առաջնահերթություն է առողջ և ակտիվ ծերության խրախուսումն ու դրա համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Տարեցների օրվան ընդառաջ այս ուղղությամբ քայլերին անդրադառնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչության զարգացում» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բադալյանը։
«Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունը ընդունեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը։ Այն կարելի է համարել աշխարհում ամենառազմավարական ու լավագույններից մեկը։ Փաստաթղթի մշակմանը նախորդել է երկարատև հետազոտական աշխատանք՝ համաշխարհային հեղինակություն ունեցող կենտրոնների մասնագետների ու փորձագետների ներգրավմամբ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ռազմավարությունը կյանքի կոչելու հարցում», – նշեց Տ. Բադալյանը։
Այս հիմնարար փաստաթուղթը սահմանում է նպատակներն ու ուղղությունները, որոնք Հայաստանը որդեգրել է առաջիկա տասնամյակների համար։ Այն առանձնահատուկ կարևորում է կենսաթոշակի տարիքին հասած անձանց կենսունակության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը։
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավագ սերնդի տեսակարար կշիռը մեծանում է։ Ռազմավարության մեջ արտացոլված «առողջ ծերացում» հասկացությունն ուղղված է այնպիսի միջավայր ստեղծելուն, որտեղ տարեցները կունենան արժանապատիվ, առողջ և ակտիվ կյանք։ Կարևոր է ապահովել պայմաններ, որպեսզի նրանք շարունակեն ներդրում ունենալ հասարակական ու տնտեսական կյանքում։ Դա կօգնի նաև պահպանել նրանց ֆիզիկական և հոգեբանական առողջությունը», – ընդգծեց նա։
Փաստաթղթում ներառված է նաև նորարարական «վարպետի ինստիտուտը», որը հնարավորություն կտա մեծ փորձառություն ունեցող մասնագետներին շարունակել աշխատել արտոնյալ պայմաններով։ Բացի այդ, օրենսդրորեն կսահմանվի և ֆինանսական արտահայտությամբ կգնահատվի թոռների խնամքով զբաղվող պապիկների ու տատիկների աշխատանքը։
Ռազմավարության գործողությունների պլանը հավակնոտ է։ Այն նախատեսում է մի շարք նորարարություններ, որոնց իրագործումը, թեև մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում, անխուսափելիորեն կբերի ժողովրդագրական պատկերի բարելավմանը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը շարունակում է պատրաստակամ աջակցել Հայաստանին այս կարևոր ռազմավարության իրագործման հարցում։




