
Կանանց ներգրավումը ԶՈւ-ում ռազմավարական առավելությո՞ւն է ապահովում, թե՞ լուծում գենդերային հավասարության խնդիրը․ թեմային նվիրված քննարկման մասնակիցները խոսել են միջազգային փորձից և Հայաստանում կանանց զինծառայության խնդիրներից։ Պատասխանատուները նշել են, որ ծառայել ցանկացող կանանց ու աղջիկների թիվը տարեցտարի ավելանում է։ Համակարգը, որ տալիս է այդ հնարավորությունը, ներդրվել է 2023 թվականին։
Հայաստանում կանանց զինվորագրումը որոշ կարծրատիպերի հետ է կապված․ «պաշտպանությունը տղամարդու գործ է» մոտեցումը գերակայող է, թեև աստիճանաբար զինվորագրվող կանանց թիվն ավելանում է՝ կոտրելով նաև այդ կարծրատիպերը՝ փաստում են կանանց ծառայելուն նվիրված քննարկման մասնակիցները։
ՄԻՊ Անահիտ Մանասյանի խոսքով՝ գենդերային հավասարությունը կարևոր սկզբունք է, սակայն դրա ապահովումը երբեմն հատուկ պայմաններ է պահանջում։
«Ես կուզեմ մի քանի խնդիրի վերաբերյալ խոսել, որոնք կանանց հետ կապված մեր զինված ուժերում առկա են։ Սովորաբար, երբ մենք խոսում ենք թե՛ զինված ուժերում, թե՛ ուժային կառույցներում կանանց ներգրավվածության կարևորության մասին, առաջին բանը, որ մեզ ասում են, այն է, որ պետք է ամեն ինչ հավասար լինի՝ մոռանալով, որ իրականում գենդերային հավասարության ապահովումը որոշակի դեպքերում ենթադրում է նաև առանձնահատուկ պայմանների երաշխավորում տարբեր խմբերի համար, այդ թվում՝ կանանց համար։ Օրինակ, զինված ուժերում ներգրավված կանանց համար համազգեստի առանձնահատկությունը, որը միանշանակ պետք է հարմարեցված լինի կնոջ առանձնահատկություններին, հղի կանանց առանձնահատկություններին, ինչը պակաս կարևոր չէ, որովհետև հղի կինը ևս պետք է հղիության ժամանակահատվածում կարողանա համազգեստ կրել»։
ՊՆ կանանց գումարտակի հրամանատար Արմինե Գրիգորյանի դիտարկմամբ՝ տղաների միջավայրում կանանց ներկայությունը սկզբում անսովոր է թվում, հետո, սակայն, տեսանելի են դառնում այդ ներկայության բերած փոփոխությունները։
«Այդ ստորաբաժանումներում, որտեղ ավելի շատ տղաներ էին, ստեղծվեց կարգապահություն, զսպվածություն։ Չեմ ասում թե աղջիկները գերազանցում էին տղաներին, բայց ես և մյուս աղջիկները փորձում էինք լավագույնների շարքում լինել, ինչը առողջ մրցակցություն էր ձևավորում այդ ստորաբաժանումում։ Օրինակ, երբ լինում էր ստորաբաժանման կազմով վազք 5 կիլոմետր՝ զենքով, իհարկե կային շատ տղաներ, ովքեր հետ էին մնում և ասում էին, ինչպես աղջիկն ինձ կարող է անցնել, փորձում էին անցնել ու չէր ստացվում, էլի հետ էին ընկնում, ինչը շատ զվարճալի էր։ Կամ այլ վարժանքներ ավելի լավ էինք կատարում ու տղաներից ասում էին, ախ սա աղջիկների տեղը չէ, սա աղջիկների տեղը չէ»։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում երկու տարի առաջ կատարված փոփոխություններով ներդրվեց իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգը։ Կանանց գումարտակի հրամանատարը հիշեցնում է ծառայության անցնելու պայմանները։
«Ծառայության անցնելու կարգը հետևյալն է՝ 18-ից 27 տարեկան աղջիկները կարող են ծառայության անցնել կամավոր պարտադիր հիմունքներով, վեց ամսյա ծառայություն անցնել, այնուհետև կնքել պայմանագիր հինգ տարի ժամկետով «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով կամ մինչև 35 տարեկան կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության՝ կնքելով մինչև երեք տարվա պայմանագիր»։
Քննարկման մասնակիցները նշում են, որ բանակում ենթակառուցվածքները հարմարեցված չեն կանանց, ինչը թեև հեշտ լուծելի հարց է, սակայն դեռևս չի կարգավորվում։
Հայաստանում կանանց զինվորագրվելու դինամիկան վկայում է, որ առկա է քաղաքական կամք՝ ապահովելու գենդերային հավասարություն տարբեր ոլորտներում՝ նկատում է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նա, սակայն, արձանագրում է, որ հայ կանայք ընդգրկված չեն աշխարհում խաղաղապահ որևէ առաքելության կազմում, ինչը հարկ է շտկել։
«Թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի քանի թվերով՝ 2025 թվականների դրությամբ ըստ գնահատումների մոտ 2000 կին է ծառայել է Զինված ուժերում տարբեր պաշտոններում։ 18 տարեկան կանանց համար կամավոր զինվորական ծառայությունը սկսվել է անցյալ տարվանից և այս վիճակագրությունը կարճ ժամանակահատվածի համար է, վերջերս է արվել»։
Հայաստանում զինվորական ծառայություն անցնել ցանկացող կանանց թիվն աստիճանաբար ավելանում է՝ փաստում են քննարկման մասնակից ՊՆ ներկայացուցիչները։
ՄԹ ՊՆ Մարդկային անվտանգության քաղաքականության Վինգ հրամանատար Դայանա Բիրդը, որ ծառայել է տարբեր երկրներում, պատմում է, որ կանայք առաջադրանքը համակողմանիորեն դիտարկելու ունակություն ունեն, տղամարդիկ՝ ընդհակառակը․ կոնկրետ խնդիր են լուծում, և այդ առումով կանանց ներկայությունը բանակում օգտակար է։
Հանրային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վազգեն Ղազարյանը նշում է, որ 2021–ի տվյալներով կանանց թիվը հայկական բանակում ավելի մեծ է, քան ՄԹ բանակում։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի նման փոքր մարդկային ռեսուրսներ ունեցող պետությունում կանանց դերը զինված ուժերում և ուժային կառույցներում պետք է լինի ոչ պակաս, քան տղամարդկանցը, որովհետև դա ռեսուրսների կառավարման խնդիր է, և միևնույն ժամանակ մեր հասարակության մեջ կա թույլ ընկալում, ասիական, իսլամական մոտեցում կանանց առումով։ Բայց մեր հայկական ավանդույթների մեջ մեջ, մինչքրիստոնեական ավանդույթներում կանայք միշտ եղել են հավասար, նույնիսկ մեր լեզվում չկա սեռերի տարբերություն, այսինքն մենք միշտ ունեցել ենք կանանց հետ մեր պատմության ընթացքում հավասար դերակատարում։ Կանայք եղել են ռազմիկներ, ունեցել ենք կանանց գումարտակներ»։
Ուժային կառույցներում կանանց ներգրավման հարցում ոչ միայն ընկալման խնդիրներ կան, այլ նաև ռիսկեր։ Հաճախ կանայք հակառակորդի համար թիրախ են դառնում և խոշտանգումների ենթարկվում՝ շեշտում է Վազգեն Ղազարյանը՝ հիշեցնելով ադրբեջանական ԶՈՒ–ի կողմից կին զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժանության դրսևորումները, ինչը, նրա պնդմամբ, պետք է միջազգային հանրության հատուկ ուշադրության առարկա դառնա։




