Ֆիզիկայի օլիմպիական թիմի մարզիչ, «Անանիա Շիրակացու» մեդալակիր, 86-ամյա Մաելս Ազիզբեկյանը կարոտով է մտնում Հանրային ռադիո՝ հիշելով այն տարիները, երբ պետական հեռուստատեսությամբ ու ռադիոյով ֆիզիկայի դասեր էր տալիս բոլորի համար։ Նա կարոտով է հիշում կրթության ու լուսավորության ոսկե դարը և պնդում՝ բոլոր ժամանակներում էլ լավ սովորողն է լավ ապրելու, սա պետք է միշտ հասցնել դպրոցականներին։
«Երեխաների կրթության գործում առանցքային դեր ունեն ծնողները, որոնք պետք է հասկանան ու կողմնորոշվեն, թե որոնք են իրենց երեխաների ուժեղ կողմերը։ Ինչ է նշանակում երեխաները չեն ուզում սովորել։ Նշանակում է՝ դու չես ուզում սովորեցնել կամ չես կարող։ Եթե չես կարող՝ մենք կօգնենք»,– իր մոտեցումն է փոխանցում նա՝ հիշելով տարբեր դպրոցներում ունեցած իր ավելի քան 60 տարվա աշխատանքային պատմությունները։
Չնայած պատկառելի տարիքին՝ ընկեր Ազիզբեկյանն այսօր էլ դպրոցում է, կավիճը ձեռքին սեր է արթնացնում ֆիզիկայի հանդեպ, նոր ուսումնական տարվա համար նոր պատվոգիր է ստացել օլիմպիական թիմը մարզելու համար։
«Կներեք արտահայտությանս համար՝ ես արդեն 86 տարեկան եմ, բայց տարիքս չեմ զգում։ Ես այնքան երիտասարդ չեմ, որ շուտ հուսահատվեմ, և այնքան ծեր էլ չեմ, որ ձեռքերս ծալած նստեմ։ Ես այդ արանքում եմ ու չգիտեմ, թե ինչ բան է ծերությունը»,– կատակում է վաստակաշատ մանկավարժն ու հիշում հետպատերազմական տարիները հայրենի Չարդախլու գյուղում և Բաքվի հայկական դպրոցներում։
Այսօր նա ուժ ունի շարունակելու ճանաչել աշխարհը, ծովից շատ օվկիանոսն է սիրում և շնորհակալ է զավակներին, որ չեն թողնում ձանձրանա՝ ապահովելով իր լիարժեք կյանքը։ Ապագայի հավակնոտ ծրագրեր ունի․ նկարահանող թիմ է հավաքելու և ֆիզիկայի վիդեոդասեր ստեղծելու հայերենով՝ սփյուռքի հայ երեխաների համար։




