
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ քաղաքական օրակարգի առանցքում։ Ո՞ր փուլում են աշխատանքները, արդյո՞ք դրանք կարող են ազդեցություն ունենալ խաղաղության գործընթացի վրա։ Թեմային այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է արդարադատության նախարարը։ Սրբուհի Գալյանը խոսել է նաև քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի մտահոգիչ վիճակագրության մասին։
Սահմանադրական փոփոխություններին առնչվող նոր նյութերն ուղարկվել են սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին։ Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ խորհուրդը նիստ կգումարի։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հույս ունի, որ կառույցի աշխատանքն առաջիկայում ավելի ինտենսիվ կռառնա։
Նոր սահմանադրության մեջ պե՞տք է պահպանվի հղումն Անկախության հռչակագրին, թե՞ ոչ․ հարցն առայժմ հստակ պատասխան չունի։ Որոշումը, ըստ նախարարի, կկայացնեն խորհրդի անդամները, բայց այս փուլում շրջանառվող նյութերում հռչակագրի հարցին անդրադարձ չկա։
«Այս անգամ ուղարկված և առաջիկա նյութերում չեմ կարծում, որ դա տեղ կգտնի։ Հենց տեղ գտնի և քննարկվի, առաջին հերթին հանրային տարբերակով իրազեկումները կիրականացվեն՝ դրա հետ կապված։ Եթե և երբ քննարկվի, իմ դիրքորոշումը այդ ժամանակ ես կհայտնեմ»։
Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է Հայաստանի սահմանադրության մասին՝ այնտեղ տարածքային նկրտումներ տեսնելով։ Հայկական կողմը, արձագանքելով դրանց, նշում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։
«Եթե հայելային դիտարկենք և դիտարկենք դա որպես խնդիր, այո՛, կարող ենք ասել, որ նրանցը պարունակում է այն նույն խնդիրը, ինչ որ մերը։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեր Սահմանադրությունը խնդիր չի պարունակում և իրականում այդպես է։ Եվ, խնդրում եմ, սահմանադրական այս փոփոխության կամ բարեփոխման կամ նոր սահմանադրություն ստեղծելու ճանապարհը անընդհատ չկապել Ադրբեջանի պահանջի հետ, որովհետև դա իրականությունը չէ»։
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից և Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո էլ պաշտոնական Բաքուն շարունակում է փաստաթղթի ստորագրումը կապել Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ։
Վերջերս թեմային այլ տեսանկյունից էր անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ անձամբ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, եթե «Խաղաղության համաձայնագրի» վավերացման փուլում Բարձր դատարանը որոշի, որ այն հակասություններ ունի գործող սահմանադրության հետ։
Վարչապետը հավելել էր, որ այս պահին այդ մասին մտածելու անհրաժեշտություն չկա, մյուս կողմից՝ հիշեցրել, որ իշխանությունը նաև սահմանադրություն ընդունելու օրակարգ ունի։
«Ես ժամանակին ասել էի որպես ժամկետ 2027 թվականը։ Նաև մենք հիմա աշխատում ենք նոր սահմանադրության նախագծի վրա և, երբ պատրաստ լինի, մենք, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի։ Բայց դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի հետ»։
Արդարադատության նախարարին ուղղված հարցերը միայն սահմանադրության մասին չէին։ Իրավապաշտպաններն ահազանգում են քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների դեպքերի աճի մասին։ Սրբուհի Գալյանին խնդիրը մտահոգում է։
«Ցավալի է, որ ունենք մահվան դեպքերի աճ։ Դրանց մի մասն է միայն ինքնասպանություն։ Մենք բազմիցս խոսել ենք այն աշխատանքների մասին, որոնք կատարվում են այդ դեպքերը նվազեցնելու կամ զրոյի հասցնելու նպատակով»։
Օրերս խորհրդարանում խնդիրը բարձրաձայնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ հարց ուղղելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին։
«Հուսով եմ, տեղյակ եք, որ տարին դեռ չլրացրած՝ 17 մահվան դեպք է, ցավոք, արձանագրվել ՔԿՀ-ներում։ Այս հարցը ես բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եմ, բայց քանի որ պատշաճ ուշադրության չեք արժանացնում, այս տխուր վիճակագրությունը շարունակվում է։ Հարցս հետևյալն է․ Դուք արդյոք հետևություններ չե՞ք անում․․․ այս ահասարսուռ թվերը, որ կան քրեակատարողական հիմնարկներում»։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ այս վիճակագրության հիմքում ՔԿՀ-ներում բուժօգնության ոչ պատշաճ մակարդակն է, դեղորայքի պակասը, հրատապ բուժօգնության բացակայությունը։
«Շատ դեպքերում, երբ հերթը հասնում է իրենց, ցավոք սրտի, այդ մարդիկ արդեն կենդանի չեն լինում։ Այս հարցերին ե՞րբ պիտի պատշաճ ուշադրություն դարձնեք, և այս տխուր վիճակագրությանը վերջ տրվի»։
Առողջապահության փոխնախարարը վստահեցրել էր, որ նշված խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են, և գերատեսչությունը սերտորեն համագործակցում է Արդարադատության նախարարություն հետ։
«Եթե ունեք ինչ-որ անհատական դեպքեր, խնդրում եմ դրանցով դիմել, բայց բժշկական օգնության տրամադրումը և սպասարկումը հավասարապես, առանց որևէ խտրականության, առանց որևէ խնդիրների հասանելի են այսօր մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք ազատազրկված են»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատում է առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ սերտ համագործակցությունը։ Ասում է՝ օրերս ավարտին է հասցվել երկարատև բարեփոխումներից մեկը․ «Արմավիր» ՔԿՀ-ում բացվել է ստացիոնար նոր բաժանմունք, որը վերազինված է նորագույն բժշկական սարքավորումներով։
«Իհարկե, միայն սա անելով խնդիրը չենք լուծի։ Մենք կարիք ունենք անհատապես աշխատելու բոլոր այն անձանց հետ, որոնք ունեն ինքնավնասման հակում, իսկ անազատության մեջ գտնվող այդպիսի անձինք, ցավոք սրտի, կան։ Այդ առումով մենք արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որ նրանց հետ աշխատանքը լինի առավել թիրախային»։
Նախարարի խոսքով՝ բարելավվում են նաև խցային պայմանները։ Կստեղծվեն ժամանակավոր խցեր, որոնք համալրված կլինեն տեսախցիկներով։
«Գոնե մինիմումի կհասցնենք այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով։ Եվ, իհարկե, մտածում ենք նաև ժամանակավոր խցեր ունենալ, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այնտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք սուր իրավիճակում են՝ հակվածության դեպի ինքնավնասում»։
Սրբուհի Գալյանի կարծիքով՝ համալիր աշխատանքի միջոցով հնարավոր կլինի բարելավել ՔԿՀ-ներին առնչվող մտահոգիչ վիճակագրությունը։




