Սփյուռքի ձայնը

Հոգու կանչը Ամերիկայից. Երգչուհի Մարգարիտա Խլղաթյանը՝ հայրենիքի ցավի ու երազի մասին. «Սփյուռքի ձայնը»

Միացյալ Նահանգներում ապրող երգչուհի, երգահան և դեղագետ Մարգարիտա Խլղաթյանի համար հայրենիքը զբոսաշրջային ուղղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն, էներգիայի աղբյուր և ստեղծագործական ներշնչանքի անսպառ ակունք։ Թեև նա արդեն երեք տասնամյակ է, ինչ ապրում է օվկիանոսից այն կողմ, նրա խոսքի, երգի ու հոգու կենտրոնում մնում է Հայաստանը՝ իր ցավերով, հույսերով ու մարտահրավերներով։

«Ես ապրում եմ սփյուռքում, բայց կարծես ապրում եմ Հայաստանում»,– այսպես է սկսում իր անկեղծ զրույցը տիկին Խլղաթյանը։ Նրա համար հայրենիք յուրաքանչյուր այց վերադարձ է դեպի արմատներ, որտեղ սպասում են ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև բարեգործական կարևոր առաքելությունները։ «Հայրենիքը կանչող է, հայրենիքը կապող է։ Առանց հայրենիքի շատ դժվար է»,– խոստովանում է նա։

Երգեր, որ ծնվում են ազգային ցավից
Մարգարիտա Խլղաթյանի արվեստը սովորական սիրային մոտիվներով չի սնվում։ Նրա երգերը ազգային ցնցումների ու ապրումների արձագանքն են։ 44-օրյա պատերազմը նրա համար դարձել էր ստեղծագործական լռության շրջան։ «Արցախի կորուստը, ինչպես բոլորին, այնպես էլ ինձ շարքից հանեց։ Ես մեռած էի, դատարկված էի հոգով, սրտով, մտքով, ամեն ինչով։ Եվ կարծես չէի ապրում»,– հուզմունքով պատմում է երգչուհին։ Այդ ստեղծագործական լռությունը կոտրվեց միայն գյումրեցի բանաստեղծուհի Սուսաննա Ասատրյանի բառերով, որոնցից ծնվեց «Օրոր քաջ որդուս» հուզիչ երգը։ Սա պարզապես երգ չէ, այլ ռեքվիեմ՝ նվիրված 5000 զոհված հերոսներին և, միևնույն ժամանակ, հայ մոր անսպառ վշտի արտահայտություն։ Հենց այս ցավի միջով էլ նա վերագտավ իր ձայնը։

Պառակտվածություն և գոյաբանական սպառնալիք
Տիկին Խլղաթյանի ամենամեծ մտահոգություններից մեկը Հայաստան–Սփյուռք կապի թուլացումն ու ազգային պառակտվածությունն է։ Նրա համոզմամբ, Սփյուռքի մտավոր ու քաղաքական հսկայական ներուժը լիարժեք չի օգտագործվում, քանի որ հայրենիքից չկա հստակ ռազմավարություն և միասնական գործելու կոչ։

«Ո՞վ ենք մենք առանց հայրենիք։ Ոչինչ։ Մենք ոչինչ ենք առանց Հայաստանի Հանրապետության»,– վստահորեն հայտարարում է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի ճակատագիրը բոլոր հայերի խնդիրն է՝ անկախ բնակության վայրից։ Նա առաջ է քաշում համարձակ տեսակետ՝ Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխիքը տեսնելով ԱՄՆ-ի հետ «ոչ ՆԱՏՕ-ի դաշնակից» կարգավիճակ ձեռք բերելու մեջ։ Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ հին դաշնակցային կապերը հաճախ գործել են ի վնաս Հայաստանի։

Ապագայի տեսլականը՝ միասնության և երազի մեջ
Չնայած ծանր մտորումներին՝ Մարգարիտա Խլղաթյանը չի կորցնում հավատը։ Նա երազում է մի օր իր երգերը ներկայացնել հայրենիքում՝ Գյումրիում և Երևանում, քանի որ համոզված է՝ իր ստեղծագործությունները հենց այս հողի ու ժողովրդի համար են։

Նրա պատմությունը սփյուռքահայ արվեստագետի հավաքական կերպար է՝ մարդու, ով ֆիզիկապես հեռու է, բայց ապրում է հայրենիքի շնչով, ստեղծագործում է նրա ցավով և երազում է նրա հզոր ապագայի մասին։ Նրա հոգու կանչը հստակ է՝ միավորվել, վերագտնել ազգային արժանապատվությունը և պայքարել այն երազի համար, որը սերունդներ շարունակ կենդանի է պահել հայությանը։

Կարդացեք նաև

Back to top button