Նեպալի Գերագույն դատարանի նախագահ Սուշիլա Կարկին երկրում ծայր առած բողոքի աննախադեպ եւ արյունալի գործողությունների ֆոնին համաձայնել է ստանձնել վարչապետի պաշտոնը, հայտնում է Forbes-ը։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով` զանգվածային ցույցերի արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ին, հազարից ավելի մարդ վիրավորվել է։
Նեպալում երիտասարդության բողոքի գործողություններն սկսվել են, երբ կառավարությունը որոշեց սահմանափակել ու արգելել սոցիալական ցանցերի աշխատանքը երկրում։ Սակայն ցուցարարները դժգոհում են նաեւ երկրում կոռուպցիայի բարձր մակարդակից։




