
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը նախաձեռնել է հանրային ստորագրահավաք՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու որոշ հրապարակումների վրա, որոնք մեր ուսումնասիրություններով պարունակում են պատմական աղավաղումներ և հակահայկական քարոզչական տարրեր։
Մոսկվայում լույս տեսնող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի հոդվածները պարունակում են պատմական կեղծիքներ և ադրբեջանական պաշտոնական քարոզչությանը համահունչ թեզեր։
Երկար տարիներ Ադրբեջանում գործող վարդապետ (արխիմանդրիտ) Ալեքսիյ Նիկոնորովը (1999-2005, 2021-2024 թթ․ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և ադրբեջանական թեմական վարչության քարտուղար) հակահայկական գործունեություն է ծավալում։ Իր հակագիտական հրապարակումներով նա փորձում է հայկական հոգևոր և նյութական ժառանգությունն ամեն գնով ներկայացնել որպես աղվանական, կտրել հայկական, քրիստոնեական միջավայրից՝ չխորշելով անգամ Հայաստանի բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը, ադրբեջանական ներկայացնելուց։
Հայոց եկեղեցու, մշակույթի և պատմության դեմ ուղղված իր գործունեությամբ վարդապետը նպաստում է ադրբեջանական իշխանությունների՝ հակաքրիստոնեական, հակահայկական քաղաքականությանը։
«Միանալով ստորագրահավաքին՝ մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում նման «հոգևորականների» հակագիտական, հակաքրիստոնեական ու հակահայկական գործունեության դեմ։ Հորդոր-պահանջով դիմում ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցուն․ կասեցնել վերջինիս հակահայ և հակաքրիստոնեական գործունեությունը կամ նմանատիպ գործունեության համար զրկել հոգևոր կոչումից և որակել նրան՝ որպես ալիևյան ռեժիմի քարոզչության ակտիվիստ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տես նաև՝ «Գեղարդ»-ը նոր գիտական զեղծարարություն է բացահայտել. այս անգամ ռուս հոգեւորականի կողմից




