Այս ամառ, դպրոցն ավարտելուց կես դար անց, Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցի 1974-75 ուսումնական տարվա 10 «Ա» դասարանի շրջանավարտները որոշել են «վերադառնալ» դեպի իրենց խենթ ու խելառ մանկությունը և հաջողել են այդ գործում։
«Մի քանի ամիս առաջ զանգ ստացա դասընկերներիցս, որ պատրաստվում ենք հանդիպել, քանի որ այս տարի լրացել է մեր դպրոցն ավարտելու 50 տարին։ Միանգամից համաձայնեցի։ Ցավոք, կես դար իմ դասընկերների մեծ մասին չէի հանդիպել, ու կային մարդիկ, որոնց անգամ չճանաչեցի առաջին հայացքից։ Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում. շատ արագ անցավ այդ տարիների անջրպետը, որ մենք չէինք տեսնվել ու շփվել, և մենք կրկին դարձանք նույն խենթ ու խելառները։ Իրոք, հեքիաթի էր նման ամեն ինչ»,– պատմում է Բերդի դպրոցի թիվ 1 շրջանավարտ Հասմիկ Խաչատրյանը՝ կատակելով, թե այս տարիքում արդեն դպրոցական առողջ մրցակցությունը տեղը զիջել էր աներկբա բարեկամությանն ու ջերմությանը։
Պատմում է, որ ընկերական հանդիպումը սկսել են իրենց բոլոր մահացած ուսուցիչների ու անժամանակ հեռացած դասընկերների շիրիմներին ծաղիկներ դնելով։
«Բարեբախտաբար, շատերս ենք առողջ, կայտառ ու ակտիվ»,– ասում է տիկին Հասմիկն ու բոլոր տարեկիցներին առաջարկում, որ անպայման գտնեն իրենց մանկության մասնիկներին ու նման հավաքներ նախաձեռնեն։
Իրենք արդեն հաստատ որոշում ունեն, որ այլևս չեն սպասելու կլոր տարեթվերի, այլ հանդիպելու են ամեն տարի Վարդավառի նախորդ օրը։




