Երաժշտական եռանկյունի

Սուրեն Առուստամյան․ հայկական երազանքից մինչև ամերիկյան հաջողություն․ «Երաժշտական եռանկյունի»

Սուրեն Առուստամյանը ծնվել է Երևանում։ Երաժշտության հանդեպ ունեցած հետաքրքրությունը դրսևորվել է վաղ՝ 14 տարեկանում, երբ առաջին անգամ բռնել է կիթառը։ Սովորել և ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դասական կիթառի բաժինը։ Չորս տարի անց կազմել է իր առաջին խումբը և սկսել ելույթներ ունենալ Երևանի ակումբներում։

2009-ին Սուրենը մասնակցել է «Հայ սուպերսթար» (Armenian Idol) երաժշտական հեռուստաշոուին, որը նրան լայն ճանաչում է բերել որպես տաղանդավոր վոկալիստ և կատարող։ Նրա վառ ելույթները հմայել են թե՛ հանդիսատեսին, թե՛ երաժիշտ-կատարողներին։

Երաժշտի համար առավել հիշվող պահերից է, երբ բրիտանական լեգենդար ռոք խմբի՝ Deep Purple-ի երգիչ Իեն Գիլանը հյուրընկալվել էր «Հայ սուպերսթար» նախագծին։ Լսելով Սուրենի՝ Deep Purple-ի երգերի յուրահատուկ կատարումը, նա հրավիրել էր Սուրենին իր հետ ելույթ ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում։

2014-ին Սուրեն Առուստամյանը տեղափոխվել է Լոս Անջելես՝ համագործակցելու ամերիկյան երաժիշտների հետ։ Հայտնի պրոդյուսեր Անի Ավետյանի միջամտությամբ նա ծանոթանում է «Գրեմմիի» մրցանակակիր պրոդյուսեր Tony Braunagel-ի հետ, որն իր հերթին առաջարկում է Սուրենին դառնալ իր պրոդյուսերը, կազմակերպում է համերգներ, ձայնագրություններ, մասնագիտական ցուցումներ և խորհրդատվություն է տալիս, ինչպես նաև աջակցում իր պրոդյուսերական ստեղծագործական թիմի մաս կազմել:

Լոս Անջելեսում Սուրենը համագործակցել է «Գրեմմիի» մրցանակակիր բազմաթիվ երաժիշտների հետ, որոնց թվում են Herman Jackson-ը, Alex Al-ը, Teddy Campbell-ը և ուրիշներ։ Առաջին լիարժեք ստուդիական ալբոմը՝ «I Am Free»-ն, նա ստեղծել է պրոդյուսեր Tim Carmon-ի հետ համատեղ։ Ձայնագրությանը մասնակցել են երաժշտության լեգենդար դեմքեր՝ Steve Gadd-ը, Nathan East-ը, Abe Laboriel Jr-ը, Courtney Leonard-ը և այլք։

2023 թվականի մայիսին ալբոմը պաշտոնապես թողարկվեց, իսկ նույն տարվա աշնանը այն առաջադրվեց «Գրեմմիի»՝ «Լավագույն «Americana» ալբոմ» անվանակարգում, ինչը մեծ ճանաչում ապահովեց Սուրենի համար միջազգային մակարդակում։

Այսպիսով, Սուրեն Առուստամյանն իր ճանապարհը սկսել է Երևանից, փոքր բեմերից, քայլ առ քայլ անցել դեպի միջազգային ասպարեզ՝ մասնակցելով հայկական հայտնի հեռուստաշոուների, Deep Purple-ի համերգին, իսկ տեղափոխվելով ԱՄՆ՝ համագործակցելով պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, ստեղծել և թողարկել իր առաջին ալբոմը և նույնիսկ հնարավորություն ձեռք բերել հայտ ներկայացնել «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը։ Այս ճանապարհն օրինակելի է հայ երաժիշտների համար և հաստատում է, որ համառությունը, տաղանդը և արհեստավարժ մասնագետների հետ կապերը կարող են բերել գերազանց արդյունքի և միջազգային ճանաչման։

Կարդացեք նաև

Back to top button