Վերնատուն

Նոր կրթական մոտեցումը․ երբ միշտ գտնվում ես իմանալու ճանապարհին․ Աղասի Թադևոսյան. «Վերնատուն»

Ժամանակակից կրթությունը մեր օրերում ավելին է, քան գիտելիքի փոխանցումը։ Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը խոսում է մեր ժամանակներում կրթության առանձնահատկությունների ու պահանջների մասին և թե ինչպես է փոխվում կրթության մշակույթը։

Աղասի Թադևոսյանը կրթության վերաբերյալ մարդաբանական հետազոտություն է իրականացրել։ Այս հետազոտության արդյունքներն ամփոփված են «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքում, որը նա համահեղինակել է Նիկոլ Մարգարյանի հետ։ Գրքում ուսումնասիրվում է ոչ թե ֆորմալ կրթական համակարգը, այլ յուրաքանչյուր մարդու սովորելու անձնական փորձառությունը։

Նա նշում է, որ Հայաստանում ծնողների համար դպրոց ընտրելը լուրջ մարտահրավեր է, քանի որ երեխաները հաճախ դպրոց հաճույքով չեն գնում և որոշակի պահի կորցնում են սովորելու ցանկությունը։ Աղասի Թադևոսյանը նշում է, որ դա պայմանավորված է միջավայրով: Ոչ ֆորմալ միջավայրերում սովորաբար ավելի մեծ հաճույքով են սովորում։ Ինչպես նշել է երեխաներից մեկը՝ «Դպրոցը սիրելու միջավայր չի»։

Նա թույլ չի տալիս, որ երեխան սիրով գնա այնտեղ, իսկ, եթե նա սիրով չի գնում դպրոց, անկախ նրանից, թե ինչ են սովորեցնում, նա ուղղակի ցանկանում է փախչել այնտեղից։ Գիտելիքը ավելի լայն հասկացություն է, քան դասը։ Շատ ուսուցիչներ պարզապես գիտելիքի մեխանիկորեն փոխանցողն ու պահանջողն են, մինչդեռ կարևոր է նաև ֆիզիկական միջավայրը։

Երբ սովորողը ֆիզիկապես փոխում է իր դիրքը, օրինակ՝ սենյակի դասավորության շնորհիվ, նրա միտքն ավելի ազատ է մոտենում թեմային։ Աղասի Թադևոսյանը կարծում է, որ սովորելու նյութը մի բան է, որի հետ կարելի է «խաղալ»։ Նա գիտելիքը համեմատում է կավի գնդի հետ, որի հետ սովորողը կարող է անընդհատ փորձեր անել՝ ստանալով բազմազան ու տարբեր ձևեր։ Ամեն մարդ պոտենցիալ ստեղծագործող է։

Երբ աշակերտը զգում է, որ ինքը նման ստեղծողներից մեկն է, գիտելիք ստանալու գործընթացը վերածվում է գիտելիք ստեղծելու գործընթացի։ Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է աղբյուրներ գտնելու, դրանք համեմատելու և համադրելու հմտությունների զարգացումը, քանի որ այսօր տեղեկության աղբյուրները շատ բազմազան են։ Կրթությունը շարունակական գործընթաց է: Այն անավարտ է, երբ գիտես, որ դեռ շատ բան չգիտես և պետք է անընդհատ սովորես՝ աճելու համար։ Նոր կրթական մոտեցումը հենց այդ անավարտության զգացումը զարգացնելու մեջ է: Երբ դու գիտակցում ես, որ դեռ չգիտես, և միշտ գտնվում ես իմանալու ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button