ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Սիմֆոնիկ ԴասA»-ն ուսումնական նոր տարում կմեկնարկի Գյումրիից

Սեպտեմբերից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերսկսում է այցելությունները դպրոցներ։ Այս անգամ ուսումնական սիմֆոնիկ տարին կմեկնարկի Գյումրիից։ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու սիմֆոնիկ յուրատեսակ ճամփորդության։ Սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին նվագախումբը համերգ կունենա Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։

Դասական երաժշտության այս հնչյունները ոչ թե համերգասրահում են, այլ հանրակրթական դպրոցի դասասենյակում։ Այստեղ երեխաներն ուսումնասիրում են դասական երաժշտության պատմությունը, ծանոթանում նվագախմբին ու գործիքներին։

Ծրագիրը կոչվում է «Սիմֆոնիկ ԴասA»։ Նպատակն աշակերտներին ու սիմֆոնիկ երաժշտությունը մտերմացնելն է, գրագետ ունկնդիր ձևավորելը։ «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի պատասխանատու Էլենիտա Սարգսյան․

«Մեր ծրագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ փորձում ենք աշակերտներին մոտեցնել դասական երաժշտությանը։ Ցանկանում ենք փշրել կարծրատիպը, թե այն հասու չէ բոլորին։ Ցույց ենք տալիս, որ դասական երաժշտությունը հետաքրքիր է և արդիական»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է մշակել ծրագիրը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գաղափարը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է։

«Մեր  դասերը փոքր ճամփորդություններ են դասաժամի ընթացքում։ Դրանք այնպես են կառուցված, որ երեխաները չհոգնեն և ոգևորված մնան»։

Զրուցակցիս խոսքով՝ երեխաները շատ հետաքրքված են դասական երաժշտական գործիքների պատմությամբ։  Բայց իրենք երեխաներին ամենասովորական  բաների մասին են պատմում․  ինչպես է գործում նվագախումբը,  ինչից են ստեղծվում գործիքները, ինչպես է փոխվում երաժշտությունը՝ կախված նյութի տեսակից։

 «Աշակերտներին հատկապես գրավում են մեծ թմբուկները։ Իսկ երբ համերգում հնչում է տավիղը, այն էլ է մեծ հետաքրքրություն առաջացնում, որովհետև սովորաբար նրանք միայն քանոն են տեսնում»։

Զրուցակցիս խոսքով՝ մարզերում երեխաներն ավելի հետաքրքրված են դասական երաժշտությամբ, քան մայրաքաղաքում։ Ուսումնասիրում են գործիքները, փորձարկում, հարցեր տալիս երաժիշտներին։ Իսկ այն, ինչ սովորում են դասարանում, հետո տեսնում ու լսում են համերգասրահում։ Հաճախ է պատահում, որ այս կամ այն գործիքին ծանոթանալուց հետո երեխան ուզում է նաև տիրապետել։

«Մեր երկարաժամկետ նպատակը ոչ թե երեխաներին երաժիշտ դարձնելն է, այլ կիրթ ունկնդիր ունենալը»։

Նոր ուսումնական տարում «Սիմֆոնիկ ԴասA»-ն կմեկնարկի Գյումրիից։ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու յուրատեսակ սիմֆոնիկ ճամփորդության։  

Կարդացեք նաև

Back to top button