
Նախօրեին Կապանում մեկնարկել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Հավաքին մասնակցել են հանրապետության նախագահը, վարչապետը և ԱԳ նախարարը։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից բխող հնարավորությունները։
ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և տարածաշրջանի համար ձևավորված նոր իրադրության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերը։ Անդրադառնալով Հայաստանի կառավարության վարած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ դրա գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ:

«Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկությունները ուսումնասիրելիս հանգում ենք մի արձանագրման, որ մենք այդպես էլ, որպես կանոն, չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ, և այն, ինչ որ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է, որ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսներին, ինչը չափազանց կարևոր է։ Եվ սա մեր թերևս մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական և ռեալ հնարավորությունն է դառնալու միջազգային զարգացումներին համահունչ, և սա չափազանց կարևոր արձանագրում է»։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։
«Մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ տեսությունները, որոնցով մեր երկիրը ապրել է, սովորաբար ձևավորվել են էլիտաների կողմից և ուսուցանվել են (մեղմ բառերով ասած) հանրությանը։ Հիմա մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ որ հակառակն է տեղի ունենում. տեսությունները խմորվում են ժողովրդի գիտակցության մեջ, ժողովրդի ներկայացուցիչների կողմից ձևակերպվում են և իրականացվում։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք այս պրոցեսի «օրգանիկությունը» ամբողջությամբ պահենք»։

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձով հույս է հայտնել, որ դեսպաններն օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ համապարփակ կերպով կներկայացնեն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առավելությունները։
«Տարածաշրջանում, ինչպես և ողջ աշխարհում իրավիճակը շատ արագ է փոխվում, և ներկայում իրականացնելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականություն, անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայելու արտերկրում մեր դեսպանների գերակայությունները: Դրանք առավելապես պետք է ներառեն տարածաշրջանային գրավչության, տնտեսական, լոգիստիկ/տարանցիկ հնարավորությունների ներկայացումը»:
Կապանում անցկացվող աշխատաժողովը շարունակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումով։ ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարը խոսել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված համաձայնությունների մասին։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով կատարվելիք աշխատանքները։
ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք. «Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգի շարունակական կյանքի կոչումը և ՀՀ քաղաքացիների համար կայուն, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրի ապահովումը հանդիսանում է ՀՀ կառավարության, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության առաջնային նպատակ»։
Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին, միջազգային կապուղիների ընդլայնվող ցանցում ՀՀ արդյունավետ ներգրավածության ապահովմանն ուղղված ջանքերին և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքներին։
Խորհրդանշական է, որ վաշինգտոնյան համաձայնություններից հետո դեսպանների հավաքը տեղի է ունենում Սյունիքում՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Այն, վերլուծաբանի կարծիքով, նոր ձևավորվող տարածաշրջանային տրամաբանության կենտրոնն է լինելու։
«Ինչպես Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, դեսպաններն ունեն աշխատանք՝ աշխարհին ծանոթացնելու, թե ինչպես է աշխատելու այդ կենտրոնը կամ խաչմերուկը, ինչ առավելություններ կարող են ստանալ, ինչ հնարավորություններ կարող են օգտագործել տարբեր երկրներ, եթե մասնակցություն ունենան Սյունիքում մոտ ապագայում ենթադրվող նոր ենթակառուցվածքների շինարարությանը, գործարկմանը, մասնակցություն ունենան տարանցիկ ուղիների ապաշրջափակմանը թե՛ արևելք-արևմուտք, թե՛ հյուսիս-հարավ ուղղություններով։ Եվ դեսպանների աշխատանքն այս առումով կարևոր նշանակություն ունի, որովհետև խնդրի հետ կապված առաջինը իրենք են այդ տեղեկատվությանը տիրապետում և իրենք պետք է այդ տեղեկատվությունը տրամադրեն շահագրգիռ կողմերին»։
Անդրադառնալով հանգամանքին, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են կապուղիների ապաշրջափակման մասին խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության համատեքստում, Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է․
«Մենք Ադրբեջանից և Թուրքիայից «Զանգեզուրի միջանցք»-ը լսելու ենք միշտ։ Համենայն դեպս, կարծում եմ, մեր կյանքի ընթացքում։ Անկախ նրանից, թե ինչպիսի ռեժիմով կկարողանան ադրբեջանցիները անցնել դեպի Նախիջևան, նրանք դա անվանելու են «Զանգեզուրի միջանցք»։ Մենք դա անվանում ենք «անցում Սյունիքով»։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ այստեղ խնդիր՝ որպես այդպիսին, գոյություն ունի»։
Օրերս Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն էր հայտարարել, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ «Արմենպրես»–ի խնդրանքով՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը արձագանքել է այդ հայտարարությանը։
«Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այդպիսիք են, օրինակ, «Հյուսիս-հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։ Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը, ապա Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է դրան և հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաև TRIPP-ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։
«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված հռչակագրի։ Հարկ եմ համարում նշելու նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացելու Գյումրի-Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչը էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը»,- եզրափակել էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:




