
«Մարդը ասում է՝ չէ, ո՞նց թե, այսինքն ինչպե՞ս չտխրեմ, դու ո՞նց ես մտածում, ես դժբախտ չե՞մ, զոհ չե՞մ, բա այդ դեպքում ի՞նչ եմ, եթե զոհ չեմ, չե՞ս տեսնում իմ ամբողջ կյանքը ոնց է դասավորվել։ Դու ինձ չես հասկանում, դու էմպատիկ չես»։
Դժվար է համոզել տխուր մարդուն, որ կարելի է նաև տխուր չլինել։ Մեր գլխում նման բան անելու միտքը չի էլ ծագի, եթե հիշենք՝ որքան արժեզրկող է հնչում այս արտահայտությունը, երբ մեզ են ասում։ Բայց մարդը հաճախ տրվում է տխրությանը մոռանալով, որ այն անցողիկ է, անտեսում է տխրությունը մոռանալով, որ այն գեղեցիկ է։
«Տխրելը երկու բանի է հասցնում․ եթե այնքան չի խորանում, որ գլուխդ կորցնում ես տխրելուց, ապա ինքնակենտրոնանում ես, փորձում ես ինքդ քեզ ավելի լավ ճանաչել, արժևորել։ Իսկ գեղեցիկ ես տխրում, դա Կատարսիսի է հասցնում։ Ազնվացնում է, հասկանո՞ւմ ես»։
Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդում է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ինչո՞ւ ենք ռոմանտիզացնում տխրությունը։
***
Հույզերը խմբավորելով երկու՝ «լավն է» ու «վատն է» կատեգորիայում մենք որոշել ենք, որ տխրել պետք չԷ։ Սա այն միտքն է, որը հիմնականում մարդկանց լեզվին է՝ «մի տխրիր», «եղածը մի բան չէ», «քեզ չի սազում», և այլ ձևակերպումներով։ Բայց մեծ ջանք պետք չի հասկանալու համար, որ հաճախ տխրելը մարդկանց համար հարմար է․ սա միակ էմոցիան է, որում ծանր կյանք ունեցած մարդն իրեն զգում է ինչպես տանը։
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե նա, ում կյանքը կառուցվել է ֆոնային տխրության շուրջ, ում ամենածանոթ, ամենահաճախ ապրած հույզը հենց սա է, մի օր որոշի, որ բավ է՝ պետք է ազատվել սրանից, ինչո՞ւ է այս զգացումն այսքան մերժված ու այսքան հաճախադեպ, ո՞ր դեպքում է տխրությունն առողջ, ինչո՞ւ են մարդիկ հապաղում դրանից հրաժարվելու վերջին քայլն անելիս․ տխրելը մեզ դո՞ւր է գալիս․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Եթե տխրությունը մեր սովորութային ռեակցիան է, ապա այն կանխատեսելի է։ Մենք գիտենք, թե դա ինչ է, մենք դրա մեջ ապրում ենք, մենք դրա մեջ եղել ենք մանկուց։ Ուրախությունը անսովոր իրավիճակ է․ ես չեմ ասում, որ այն մարդը, որ միշտ եղել է տխուր, չի ժպտում, չի ուրախանում։ Բայց նույն վայրկյանին ինքն իրեն բռնացնում է այդ մտքի վրա, որ վա՜յ, ինչ-որ մի բան իմ հետ այն չէ, ես իմ սովորական վիճակում չեմ, ես չեմ տխրում, չեմ անհանգստանում, չեմ տագնապում, կարո՞ղ է մի բան էն չի հիմա իմ հետ, կարո՞ղ է ինչ-որ մի բան հիմա բաց եմ թողնում, կարո՞ղ է ես բաց եմ թողնում վերահսկողություն իմ կյանքի նկատմամբ, որովհետև սա միակ ճանապարհն է, որով մարդը սովորել է վերահսկել իր կյանքը և գոյատևել այն իրավիճակում, որում ինքը ծնվել է և ապրել»։
Այսօր տխուր թեմայից ենք խոսելու՝ ասում եմ հոգեբան, հոգեթերապևտ Մարիետտա Խուրշուդյանին։ Այն, ինչ լուծելի է, տխուր չէ՝ պատասխանում է ու սկսում ենք զրույցը ամենամերժվող, բայց ամենակայուն էմոցիաներից մեկի՝ տխրության մասին։ Հոգեբանն ասում է՝ մարդը հիմանականում չի ընդունում, որ երկար վշտից հետո իրավիճակը փոխելիս դրսևորում է ուժգին ներքին դիմադրություն։
«Որ տրամաբանորեն ես նայում, ինչո՞ւ պետք է մարդը ուզենա տխրել, չէ՞։ Չէ՞ որ մարդը երջանկության մասին է։ Մենք ծնվել ենք, որ լավ, երջանիկ, ուրախ կյանք ապրենք ու հանկարծ ինչ-որ մեկի մասին ասում ենք՝ ինքը չի ուզում երջանիկ լինել։ Ինձ թվում է՝ այդ մարդուն էլ որ ասեք, խիստ վիրավորվելու է, որովհետև կասի՝ բայց ինչո՞ւ չեմ ուզում, ուղղակի իմ կյանքն է այսպես դասավորվել։ Եվ այստեղ իրականում շատ կարևոր է հասկանալ՝ այդ տխրությունն իրադրայի՞ն է, այսինքն՝ արտացոլում է օբյեկտիվ իրավիճակը, թե՞ սովորած ստրատեգիա է՝ կյանքի ու սթրեսային իրավիճակներին արձագանքելու համար»։
Նախ՝ առողջ տխրության մասին։ Մարիետտա Խուրշուդյանը բացատրում է՝ եթե ձեզ հետ ինչ-որ բան է պատահել, եթե դուք կարող եք բացատրել, թե ինչ, եթե տխրությունը ոչ թե պարզապես կա, այլ կա կյանքի այս շրջանում՝ այս հանգամանքով պայմանավորված, ապա ամեն բան կարգին է։ Հանգիստ տխրեք։ Բայց երբեմն մարդու կյանքի փորձառությունն այնքան երկար ու այնքան խորքային է հիմնվել տխրության վրա, որ այն դադարել է հույզ լինելուց ու դարձել է բնավորություն, վարվելակերպ․
«Անսովոր ցանկացած երևույթ առաջացնում է վախ և տագնապ, և դրանք էլ են շատ բազային հույզերը։ Նույն է, որ մենք առնչվում ենք, օրինակ, անծանոթ մարդու հետ և սկզբից մի քիչ լարվածություն ու վախ ենք ունենում։ Հիմա փաստացի այս մարդու հոգեկանը չի առնչվել ուրախության հետ, չի ստացել այդ ուրախության թույլտվություն։ Եվ շատ մարդիկ նաև հարաբերության մեջ սկսում են այդ նույն ռազմավարությունն օգտագործել․ Ես տխուր եմ, ես վատ եմ․․․ ընդամենը բառերով կարելի է ասել՝ ուզում եմ մի քիչ հետս նստես, գրկես կամ մի տեղ գնանք կամ իրար հետ ֆիլմ նայենք․․․ և դա մանիպուլյացիա չէ, չխառնենք դրա հետ, որովետև սա խիստ անգիտակցական պրոցես է, իսկ մանիպուլյացիայի մեջ կա գիտակցված կոմպոնենտ»։
Այսպես մարդն իրեն հարմարավետ է զգում իր տխրության մեջ՝ առանց դա հասկանալու, տխուր լինելը դառնում է սովորական, բառապաշարում խորը արմատավորվում են «էս կյանքը կյանք չի», «իմ կյանքը միշտ այսպես է դասավորվում», «ես երբեք էլ բախտ չեմ ունեցել», «միայն ինձ հետ կարող էր այսպիսի բան լինել» և այլ արտահայտություններ, իսկ ամեն ինչ էլ ավելի է սրվում, երբ հայտնվում է իրավիճակը փոխելու առիթը․

«Շատ հաճախ մարդիկ իսկապես խուսափում են առողջ հարաբերություններից, եթե իրենց մոդելային հարաբերությունները ընտանիքում եղել են անառողջ՝ անընդհատ վեճ, անընդհատ բուռն էմոցիաներ։ Ոչ էմոցիոնալ հարաբերությունը, որն իրականում առողջ է (այսինքն՝ պետք չի, որ մենք ամեն օր իրար համար գժվենք կամ ամեն օր իրար հետ վեճերի և կոնֆլիկտների մեջ լինենք որպես զույգ), իրենք ընկալում են որպես տխուր ու անհետաքրքիր․ ուրեմն ինձ չի սիրում, ուրեմն ինձ հետ այդքան էլ հարաբերությունները լավ չեն, պապաս մամայիս որ սիրում էր, ամեն օր մեր տանը կռիվ էր։ Սերը այդպես եմ ընկալել, այդպես եմ հիշում»։
Այս մարդիկ չեն ուզում տխուր լինել՝ ասում է հոգեբանը։ Պարզապես նրանց կյանքը լցված է տխրությամբ ու կանխավարկածով, որ այն կյանքից հեռացնելու դեպքում դատարկությունից բացի ոչինչ չի մնա։ Իսկ դա վախենալու է։ Սա է պատճառը, որ հաճախ մասնագիտական օգնության դիմած մարդիկ հապաղում են հենց այն կետում, երբ խնդրի լուծումը բավականին մոտ է։
«Իհարկե վախենալու է և սա առաջացնում է դիմադրություն։ Մենք կոգնիտիվ թերապիայի մեջ փորձում ենք մարդու հետ նախ դուրս բերել այն բազային, ավտոմատ մտքերը, որոնք ընկած են այդ տխրության հիմքում։ Օրինակ՝ ես արժանի չեմ ուրախ լինելու կամ իմ կյանքում երբեք ոչինչ չի փոխվելու։ Փորձում ենք հակադրություններ գտնել այդ մտքին։ Հաստատ կգտնենք լուսավոր կետեր, և դրանք հիշելով դրանց վրա հենարան ենք նաև ստեղծում հետագայի համար, այսինքն՝ սովորեցնում ենք մարդուն նախ գտնել իր ավտոմատ միտքը, հետո՝ բանակցել այդ ավտոմատ մտքի հետ, քննարկել՝ ես օբյեկտի՞վ եմ հիմա, թե՞ սա ինչ-որ իրավիճակի վրա հիմնված, բայց ընդհանուր կյանքիս վրա տարածված մոտեցում է։ Եվ հետո սովորում ենք նաև ռազմավարությունը՝ ի՞նչ եմ անելու հետո, երբ որ ես արդեն ինձ թույլ կտամ լինել ավելի երջանիկ և ուրախ»։
Այսպես մարդը սովորում է որ տխրությունից բացի այլ բանի ևս արժանի է։ Իսկ հետո գալիս է առողջ տխրությունը վայելելու ու դրա գեղեցկությունն էլ տեսնելու ժամանակը։

«Ուրախության մասին շատ քիչ է գրվում, որովհետև ուրախությունը ապրում ես ավելի շատ։ Երբ ուրախ ես լինում, ուզում ես ամբողջովին էդ պահը ապրես։ Հետահայաց ուրախության մասին գրելը մի քիչ էն չի, էլի։ Իսկ տխրությունն ավելի շատ պոստկրիպտում զգացողություն է․ էդ պահին չես զգում՝ ինչ աստիճանի ես տխել, երբ մենակ ես մնում, զգում ես, որ փաստորեն տխուր ես եղել։ Եվ այդ ժամանակ կարող է ամենատխուր բանաստեղծությունը գրես, մարդիկ ասեն՝ էս ինչ գեղեցիկ է»։
Պոեզիան գեղեցիկ է, իսկ դրա հիմքում միշտ մի փոքր տխրություն կա՝ ասում է գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը։ Ես դժվարանում եմ հիշել շատ սրտամոտ մի ստեղծագործություն, որին կարող ենք տալ «սա ուրախ գործ էր» որակումը։ Գրականության մեջ հույզ առաջացնողը տխուր պատկերն է։ Դավիթ Սամվելյանն ասում է՝ արժեքավոր միտքը տխուր ժամանակ է գալիս։
— Տխրությունը մենակության, այսինքն՝ ինքդ քեզ հետ առանձին մնալու հետ էլ է ասոցացվում։ Էդ ժամանակ երևի մարդը ավելի շատ է կենտրոնանում ներաշխարհի վրա։ Տխրության, մենակության մեջ ես փորձում հարցերի պատասխաններ գտնել, ինքդ քեզ հետ ավելի շատ ես առերեսվում, իսկ ուրախության պահերին դու անգիտակից ես լինում, էդ էյֆորիկ վիճակն է քո մոտ, չես հասցնում մտածել, ուղղակի ապրում ես։ Ապրում ես և անցնում ես առաջ։ Բայց քանի որ տխրությունը կպնում է ավելի նուրբ լարերի, դա ավելի շատ ազդեցություն է ունենում քո կյանքի վրա, մարդկային կյանքի վրա»։
Մարդիկ գրականություն կարդում են ոչ թե տխրելու, այլ նոր մի միտք ստանալու ակնկալիքով։ Գրողները մեղավոր չեն, որ միտք բերողը թախիծն է։
— Դարերով, չասեմ պաթոսը, բայց․․․ տեղի է ունեցել տանջանքի, հոգեկան ապրման վեհացումը, ու դրա համար, երբ կարդում ես, քեզ թվում է, թե հոգեկան աշխարհը վեհանում է, երբ որ դու էմպատիայի մեջ ես մտնում ստեղծագործողի հետ։ Քանի դեռ ֆիզիկական ցավը չի ապրում, իր համար շատ վեհ զգացողություն է այդ տխրությունը»։
Այսպես գրականությունը գեղեցիկ, բայց անվտանգ տխրելու առիթ է։ Եթե ամեն ինչ առողջ է, ապա գրողը բաց է կյանքի բոլոր էմոցիաների, այդ թվում՝ տխրության առաջ ու դրա մասին ունեցած իր մտքերն ուրիշներին էլ է տալիս, և այդ ուրիշը հստակ գիտակցում է՝ տխրեց, քանզի հեղինակը կամ հերոսը վատ ապրում են ունեցել, ապրումակցեց, գեղեցկացավ ու անցավ առաջ։
Տխրությունը տխուր չէ, քանի որ լուծելի է՝ ասում է հոգեբանը։ Տխրությունը վեհ է, գեղեցիկ ու ուսուցանող՝ ասում է գրողը։ Կարևորը սովորական դարձած այս երևույթի մասին մտածելը, նկատելն ու ըստ անրաժեշտության փոփոխություն կատարելուց չխուսափելն է։
Իսկ սովորական դարձած մեկ այլ երևույթի մասին հարցեր բարձրաձայնելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։




