
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումները Սահմանադրության և խաղաղության գործընթացի շուրջ։ Փաշինյանը շեշտել է՝ եթե Սահմանադրական դատարանը խաղաղության համաձայնագրի վավերացման փուլում պարզի հակասություններ Սահմանադրության հետ, ապա ինքն անձամբ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Վարչապետն անդրադարձել է նաև նոր Սահմանադրության նախագծին, արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններին, ինչպես նաև՝ պաշտպանական ծախսերի չավելացմանը՝ խաղաղության օրակարգի տրամաբանության շրջանակում։
Վարչապետ Փաշինյանն անձամբ կնախաձեռնի Սահմանադրական փոփոխություններ, եթե «Խաղաղության համաձայնագրի» վավերացման փուլում Բարձր դատարանը պարզի, որ այն հակասություններ ունի ՀՀ գործող Սահմանադրության հետ։ Արձագանքելով Սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին՝ վարչապետ Փաշինյանը հստակեցնում է.
«Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ ստորագրված «Խաղաղության համաձայնագիրը» ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»։
Փաշինյանը, սակայն, կարծում է, որ այս պահին այդ մասին մտածելու անհրաժեշտություն ու կարիք չկա։ Մյուս կողմից, սակայն, հիշեցրեց, որ իրենք նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ ունեն։
«Ես ժամանակին ասել էի՝ որպես ժամկետ, 2027 թվականը։ Նաև՝ մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա և, երբ պատրաստ լինի, մենք, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի։ Բայց դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի հետ»։
Չնայած՝ ռազմավարական առումով կարող են նաև ազդեցություն ունենալ խաղաղության գործընթացի վրա, հավելեց վարչապետը՝ շեշտելով, որ դա իրենց ընդհանուր պատկերացումն է։
Պաշտոնական Բաքուն քանիցս հիշեցրել է իր պահանջը և պնդել՝ միայն այդ նախապայմանը կյանքի կոչելուց հետո կստորագրվի խաղաղության պայմանագիրը, ձևակերպելով, թե Հայաստանի սահմանադրության մեջ ամրագրված են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, որոնց առկայությունը թույլ չի տալիս ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա սահմանադրության փոփոխությունից հետո՝ յուրաքանչյուր պահի։
2025-ի ապրիլին Անթալիայում «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, թե ինչու է Ադրբեջանն այդքան պահանջկոտ՝ սահմանադրության փոփոխության հարցում․
«Եթե մենք միայն խաղաղության համաձայնագրի վրա կենտրոնանանք՝ առանց սահմանադրության հարցի լուծման, կնշանակի, որ առաջին իսկ օրվանից խաղաղության համաձայնագիրը կլինի զրոյական, կհակասի երկրի թիվ մեկ փաստաթղթին»։
Ու թեև պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի, և Սահմանադրության մեջ էլ նման պահանջներ չկան, ադրբեջանական կողմը շարունակում է դրանում ռևանշիստական գաղափարներ տեսնել։
Իր ճեպազրույցում Փաշինյանն, անդրադառնալով հարցադրմանը, որ եթե բոլոր դեպքերում Սահմանադրական փոփոխություններին ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի, ինչպե՞ս կազդի դա «Խաղաղության պայմանագրի» ստորագրման վրա, համոզմունք հայտնեց․
«Չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի այն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա որևէ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա»։
Խաղաղության պայմանագրի շուրջ վերջին իրադարձությունները ներքաղաքական դաշտում միանշանակ չեն ընկալվել։ Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից էլ դուրս չեն մնացել ընդդիմադիր թևի ձևակերպումները, թե Հայաստանը փաստացի Ադրբեջանին տվել է իր ակնկալած երթուղին՝ փոխարենը չստանալով ոչ փոխադարձության, ոչ օկուպացված ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման , ոչ էլ գերիների վերադարձի երաշխիքներ։ Սեփական գնահատումների հիմքով ընդդիմադիր թևից կարծիք են հայտնել, որ սա արտահերթ ընտրությունների նախապայման է։ Որքանով են հավանական այդպիսիք՝ հարցին ի պատասխան Փաշինյանը նկատեց․
«Արտահերթ ընտրությունների հետ կապված այդպիսի տեսակետներ, նույնիսկ կոչեր, նույնիսկ կարծիքներ կան, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել»։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները խոստանում են քաղաքական առումով ծանր ու բուռն տարի։ Մի շարք ուժեր արդեն հայտարարել են քաղաքական հայտ ներկայացնելու մասին։ Գնահատումներ են հնչում, թե արդեն քարոզարշավ է ընթանում պաշտոնապես դեռ չսկսված։ Փաշինյանն առհասարակ ընտրությունների առնչությամբ նկատում է․
«Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ Ես չեմ ուզում ասել՝ խաղաղության և պատերազմի, ես ավելի մեղմ կասեմ՝ «խաղաղության և ոչ խաղաղության» միջև»։
Թեման եզրափակելով՝ վարչապետ Փաշինյանը հստակեցրեց՝ այդ պատճառով է իր վերջին ուղերձում հստակ արձանագրել, որ «հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի կարիք», և որ դա պետք է անել համատեղ ջանքերով՝ յուրաքանչյուրն իր տեղում, այդ թվում՝ նաև քաղաքացիները, այդ թվում՝ նաև քաղաքական իրենց դիրքորոշումներում կողմնորոշվելիս։
Փաշինյանն այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց՝ այս համատեքստում տրամաբանական համարելով, որ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չի նախատեսվում։
«Ես կարծում եմ, որ գուցե 2026 թ.-ի պետական բյուջեում գուցեթե պաշտպանական ծախսերի էական ավելացումներ կամ չունենանք կամ ընդհանրապես չունենանք։ Եվ, իմիջիայլոց, սա կարծում եմ նաև տրամաբանական է։ Համենայնդեպս գոնե այս պահի մեր գնահատականը այդպիսին է»։
Սակայն, վարչապետի խոսքով, կշարունակեն իրադրության օպերատիվ վերլուծությունը և, նրա վստահեցմամբ, բոլոր որոշումները կլինեն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացումներին համահունչ։




