Հմուտ և արհեստավարժ աշխատակիցների թիմը յուրաքանչյուր ընկերության աշխատանքների իրականացման հաջողության գրավականն է, որտեղ առանցքային դերակատարում ունի մասնագիտական խորը գիտելիքներով և կարողություններով օժտված մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը։
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ անհրաժեշտ է ցանկացած ընկերության։ Նրա աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի՝ աշխատակիցների հետ։
Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը կազմակերպության կադրային քաղաքականությունն է, որը սկզբունքների, նպատակների և պատկերացումների ամբողջություն է։ Սա մասնագիտություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատաշուկայում ունի մեծ պահանջարկ, արժանացել է ինչպես երիտասարդների, այնպես էլ ավագ սերնդի ուշադրությանը։ Այն նախատեսված է անվերջ զարգացման ձգտող մարդկանց համար, հակառակ դեպքում մասնագետը դուրս կմնա մրցակցությունից։
Եթե խելացի եք, ճկուն և եռանդուն, լավատես և չափազանց նրբանկատ, նախաձեռնող և պատասխանատու, հավասարակշիռ ու սթրեսակայուն, տիրապետում եք հաղորդակցման էթիկային, ունեք վերլուծական մտածողություն, թիմի հետ աշխատելու, մեկ գաղափարի շուրջ համախմբելու և թիմային ոգի ստեղծելու ունակություն, ունեք ստեղծագործական միտք, նոր մոտեցումներ և թարմ գաղափարներ, յուրաքանչյուր աշխատակցի ներքին պոտենցիալը տեսնելու և մոտիվացնելու կարողություն և, ամենակարևորը, մարդամոտ եք, ապա այս մասնագիտությունը հենց Ձեզ համար է։ Դուք հեշտությամբ կգտնեք Ձեր տեղը աշխատաշուկայում։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Մաքսուդյանը։




