Երաժշտական եռանկյունի

Արվեստի ձգողականությունը Արմեն Դարբինյանի կյանքում․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր և հասարակական գործիչ Արմեն Դարբինյանը հանրությանը առավելապես հայտնի է որպես քաղաքականության, գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անհատ։ Սակայն նրա կենսագրության առանցքում մշտապես եղել է նաև արվեստը, որն, ինչպես ինքն է ասում, «երբեք չի զիջել իր տեղը քաղաքականությանը և գիտությանը»։

Երաժշտական օժտվածությունը դրսևորվել է վաղ տարիքից․ բացարձակ լսողությունը և դաշնամուրային ունակությունները նրան հնարավորություն են տվել դեռ պատանեկության տարիներից ձգտել ինքնաբուխ ստեղծագործության։ Երիտասարդ տարիներին նրա հեղինակած երգերը հնչել են Ռուբեն Մաթևոսյանի և Հայաստանի ռադիոյի էստրադային նվագախմբի կատարմամբ՝ վկայելով, որ ստեղծագործական ձգտումը նրա կյանքի անբաժան և կարևոր մասն է։

Մոսկվայում տնտեսագիտական բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում նա չի դադարեցրել երաժշտական գործունեությունը։ Դարբինյանի ստեղծագործությունները կատարվել են ռուսական էստրադայի հայտնի կատարողների կողմից, իսկ երաժշտական նախասիրությունները ձևավորվել են ջազի և սոուլի ազդեցության ներքո։

«Ջազը և սոուլը ինձ տալիս են հուզական ազատության տարածք»,- նշում է նա՝ ընդգծելով դրանց նշանակությունը իր ստեղծագործության համար։

Վերջին տարիներին Արմեն Դարբինյանը առավել ինտենսիվ կերպով է հանդես գալիս գրական և երաժշտական ասպարեզներում։ Նա հրատարակում է բանաստեղծական ժողովածուներ, մասնակցում է գրական և երաժշտական միջոցառումներին։ Նրա համագործակցությունները Լուսինե Ազարյանի, Աննա Կոստանյանի և Հայաստանի ջազ նվագախմբի հետ ապահովում են երաժշտարվեստում շարունակական ներկայությունը։

Մեծ քաղաքականության, գիտության և կրթության փորձի կողքին Դարբինյանի կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ստեղծագործելու ներքին պահանջը։ Նրա դեպքում արվեստը ոչ միայն չի նահանջել այլ զբաղմունքների ծանրության տակ, այլ դարձել է ինքնության հավասարազոր և երբեմն նույնիսկ գերակա բաղադրիչ՝ վկայելով, որ ստեղծագործության ձգողականությունն ու արվեստի մեջ լինելու ներքին մղումը կարող են հաղթել անգամ ամենահավակնոտ ու պատասխանատու մասնագիտական գործունեություններին։

Կարդացեք նաև

Back to top button