
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում նախատեսված հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հանդիպման նախապատրաստական աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ անց կազմակերպիչները եկել են եզրակացության, որ Ալյասկայի գագաթնաժողովը հյուրընկալելու համար հարմար միակ քաղաքն Անքորիջն է, որի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազան կարող է բավարարել անվտանգության պահանջները, գրում է CNN-ը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ Թրամփը և Պուտինը հանդիպման մի մասը կանցկացնեն առանձնազրույցի ձևաչափով․ ներկա կլինեն միայն թարգմանիչները։
Սովորաբար, նման գագաթնաժողովին նախորդում են բանակցություններ և ամիսներ տևող նախապատրաստական աշխատանքներ, ինչը այս անգամ չի եղել: «Նախագահն ասել է՝ ես պետք է անձամբ հանդիպեմ նրա հետ: Պետք է անձամբ լսեմ նրան, գնահատեմ իրավիճակը՝ նայելով նրան», — Անքորիջի հանդիպման մասին խոսելով՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։




