
ՌԴ պետդուման դեռ 2024 թ. հունիսին էր խստացրել երկրում միգրանտների գտնվելու ընթացակարգը։ Այդ ժամանակ ընդունված նոր օրենքով էլ նախատեսվել էր ստեղծել համապատասխան ռեգիստր։ Տվյալ օրենքից բխող՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններով ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են գործում։
Օտարերկրյա քաղաքացիները ՌԴ մուտք գործելու համար մինչև 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում մինչև 4 ժամ առաջ պետք է գրանցվեն այդ համակարգում։
Ապրիլի 1-ից էլ ուժի մեջ է մտել մի կարգավորում, որով բոլոր միգրանտների երեխաների համար պարտադիր է դառնում ռուսերենի իմացության թեստ հանձնելը, եթե նրանք պատրաստվում են դպրոց հաճախել։ Եթե երեխան չանցնի թեստավորումը, ապա պարզապես դուրս կմնա կրթական գործընթացից։ ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են աշխատում ՌԴ միգրացիոն դաշնային գործակալության գործընկերների հետ։




