Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։
«Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի։ Գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը նշում է, որ «Նորֆոլկ» ընկերության հետ պարոն Հարությունյանը կապ է ունեցել, բայց իրականում 2018 թվականին «Նորֆոլկ»-ի հետ կապված իրականացվել է քննություն, և այդ քննության արդյունքում կապն ամբողջությամբ հերքվել է։ Հիմա, նրանք, կապելով «Նորֆոլկ» ընկերությունը պարոն Հարությունյանի հետ, նրան մեղադրանք են առաջադրել պաշտոնական դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության մեջ ներգրավման, հակամրցակցային համաձայնության և փողերի լվացման հոդվածներով»,- նշել է փաստաբանը։
Վարդան Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման հոդվածներով։




