
Նախ երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ հետ՝ Երևան-Վաշինգտոն ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ապա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում խաղաղության առաջմղման համար․ կառավարությունը այս ձևակերպմամբ հաստատել է շաբաթվա սկզբից շրջանառվող լուրերը․ Փաշինյանը օգոստոսի 7-ից 8-ը Թրամփի հրավերով Վաշինգտոնում կլինի։ Ըստ ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթի տեղեկությունների՝ Թրամփն այս ուրբաթ Վաշինգտոնի ժամանակով 14։30-ին կհանդիպի ՀՀ վարչաչետի հետ, 50 րոպե անց՝ Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։
Սա այս ամռանը հայ-ադրբեջանական երկրորդ դեմ առ դեմ բանակցությունը կլինի։ Կողմերը վերջին անգամ հուլիսի 10-ին Աբու Դաբիում էին հանդիպել։ Շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո հանդիպումը պատմական էին որակել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը։
Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ «կողմերը շատ մոտ են Խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։ Միաժամանակ, սակայն, պաշտոնական Բաքվից աղմկահարույց ու Հայաստանի համար ինչ-ինչ հարցերում անընդունելի հայտարարություններ էին հնչել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ինչ ակնկալել այս անգամ․ փորձագիտական դաշտում բուռն քննարկումներ են։ Քաղաքական վերլուծաբան, արևելագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ ասում է, որ սպասվելիք վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի ակնկալիքները խիստ տարբեր են։ Վերջինս, վերլուծաբանի կարծիքով, առիթն օգտագործելու է Խաղաղության համաձայնագիրը Հայաստանին և շահագրգիռ այլ կողմերի, այսպես ասենք, «հնարավորինս բարձր գնով վաճառելու» համար․
«Հայաստանից ամենամեծ ակնկալիքը Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհն առավելագույնս ազատ, անվտանգ ստանալու ձգտումն է, այն, ինչ իրենք ներկայացնում որպես միջանցք։ Միջանցքի հետ կապված պայմանավորվածություն, իմ գնահատմամբ, չկա այս պահին, օրակարգում անգամ այս պահին ակտիվ բանակցություններ չկան այս մասով։ Միացյալ Նահանգները ի՞նչ կարող է Ադրբեջանին պարտադրել, որպեսզի Ադրբեջանը համաձայնի ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը։ Օրինակ՝ երկկողմ բավականաչափ բարձր մակարդակի փաստաթղթեր։ Ինչպես հասկանում եմ, այս պահին այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ էլ չկան, որովհետև եթե նման բանակցություններ լինեն, գոնե հրապարակային մակարդակում ինչ-որ ինֆորմացիա կլիներ դրա վերաբերյալ։ Մենք գիտենք, որ 1994 թ․ ԱՄՆ-ն սահմանափակումներ էր մտցրել ադրբեջանական կողմին սպառազինություն վաճառելու հետ կապված, ինչը վերջին տարիներին, հատկապես 2000-ականներից սկսած, պարբերաբար հանվում էր, բայց ամբողջովին չէր վերացվում։ Գուցե Միացյալ Նահանգները կխոստանա այդ սահմանափակումը հանել՝ զենքի վաճառքի։ Գուցե, ինչպես մամուլում է շրջանառվում, Միացյալ Նահանգները խրախուսի, որ Ադրբեջանը միանա Աբրահամյան համաձայնագրի գործընթացին, գուցե Իսրայել-Միացյալ Նահանգներ-Ադրբեջան ինչ-որ նոր ձևաչափ ստեղծվի»։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ առաջիկա հանդիպումը Հայաստանի համար նախ և առաջ անվտանգային նշանակություն ունի։ Բացատրում է, որ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը և տարածաշրջանում ներկայությունն արդեն բացառում են այն տեսակետը, թե Ադրբեջանը կփորձի ռազմական ճանապարհով լուծել հետագա հարցերը։
«Եթե Միացյալ Նահանգները շարունակի հետաքրքրություն ցուցաբերել ապաշրջափակման գործընթացի հանդեպ և մնա պրոցեսի մեջ գոնե կարճաժամկետ հեռանկարում կամ այս միջանկյալ շրջափուլում, նման ներգրավվածությունը փաստացիորեն բավականաչափ բարձրացնում է անվտանգության մակարդակը՝ այս խնդրի ռազմական եղանակով լուծման։ Մեզանում մշտապես մտավախություն է եղել, որ Ադրբեջանը կարող է ռազմական եղանակով լուծումների դիմել, ընդ որում՝ ասեմ, որ այս սցենարի մասին քարոզչական առումով հաճախ են խոսում նաև այնպիսի դերակատարներ, որոնք ցանկանում են ներազդել Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ընկալումների վրա՝ արհեստական քարոզչություն կատարելով, այսինքն՝ Ադրբեջան-Հայաստան նոր պատերազմի մասին անընդհատ մեր հասարակությանը ահաբեկել։ Բայց փաստացիորեն, եթե Միացյալ Նահանգների այս շարունակական ներգրավվածությունը լինի, անկախ դրա արդյունավետությունից, անվտանգային առումով իրավիճակը բավականաչափ, էսպես, վերականգնում է»։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ակնկալիքներին, ապա փորձագետի խոսքով, սա առաջին հերթին Թրամփի վարչակազմի հեղինակությունը բարձրացնելուն միտված հերթական քայլը կլինի․
«Թրամփի համար շատ կարևոր է, որ ևս մեկ շարունակվող կամ չկարգավորված հակամարտության հետ կապված ինչ-որ պայմանավորվածություն լինի, որն ամերիկյան կողմը կկարողանա ներկայացնել որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի ձեռքբերում, միջնորդություն և այլն։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները հատկապես այս պահին այդ ուղղությամբ․․․ այսինքն՝ ավելի շատ հեղինակության համար է իր խաղադրույքները կատարում, ոչ թե բովանդակային ներգրավվածության, որովհետև պրոցեսը բավականաչափ արագ է ընթանում։ Իսկ այն հիմնախնդիրը, որ կա մեր տարածաշրջանում, շատ բազմաշերտ է, նաև խորքային է. ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարբեր խաղացողների շահեր կան։ Այդ ամեն ինչը կարծես թե այս պահին հաշվի առնված չէ, է իսկ սա խոսում է այն մասին, որ բովանդակային առումով շատ լուրջ ձեռք բերում Միացյալ Նահանգներում չի կարող լինել»։
Պետրոսյանը քիչ հավանական է համարում Վաշինգտոնում Խաղաղության պայմանագրի ստորագրումը և նույնիսկ նախաստորագրումը։
Բացատրում է.
«Պայմանագրի նախաստորագրումը միջազգային իրավունքում ենթադրում է մինչև Խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը եղած ինչ-որ գործընթաց, երբ կողմերից յուրաքանչյուրը այդ համաձայնագրի ցանկացած հոդվածի փոխհամաձայնեցումից հետո գնում է․․․ դրվում է բանակցող կողմի ստորագրությունը։ Տվյալ դեպքում, ենթադրենք, եթե արտգործնախարարներն են բանակցում, ապա, ենթադրենք, 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները համաձայնեցրին, ամեն հոդվածի տակ դրվում է, ենթադրենք, Հայաստանի դեպքում՝ Միրզոյանի, Ադրբեջանի դեպքում՝ Բայրամովի ստորագրությունները կամ նրանց անվան առաջին տառերը։ Նախաստորագրման պրոցեսը սա է»։
Արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, ներառյալ Reuters-ը և Washington post-ը, նախօրեին վկայակոչելով սեփական անանուն աղբյուրները, գրել էին, որ Փաշինյան-Ալիև հանդիպմանը, հնարավոր է, հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։ Արդյոք ենթադրվում է, որ կողմերը կստորագրեն ամիսներ առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, թե խոսքը միայն բանավոր հայտարարության մասին է, չի հստակեցվում։
Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու պատրաստակամության մասին առաջին անգամ խոսել էր վարչապետ Փաշինյանը իր նախորդ մամուլի ասուլիսին։
«Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա և օրակարգում։ Դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է։ Այն կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի, և որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաններում լինել ոչ այդքան իրատեսական»։
Ադրբեջանի նախագահ Ալիևն արձագանքել էր այդ հայտարարությանն ու շեշտել, որ նախաստորագրելու գաղափարն Ադրբեջանինն է։ Նույն օրն Ադրբեջանի ղեկավարը նոր պահանջներ էր ներկայացրել Հայաստանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ և հայտարարել, թե «ադրբեջանական բեռներն ու ադրբեջանցիները Հայաստանով անցնելիս չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ»։
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Բաքվից հնչած այդ խոսույթն անվանել էր «թաքնված տարածքային պահանջ» և ընդգծել, որ Սյունիքով անցնելիք ճանապարհի անվտանգության երաշխավորը Հայաստանն է։
Օրեր առաջ էլ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանել էր, որ Հայաստանը մերժել է ԱՄՆ-ի՝ 100 տարով Սյունիքի ճանապարհը վարձակալելու առաջարկը, քանի որ, ըստ նրա, այն պարունակել է ինքնիշխանության զիջման ռիսկեր։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ չի բացառվում, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկեն ԱՄՆ-ի այդ առաջարկը, հավանական է նաև, որ Թրամփը տարածաշրջանի ապաշրջափակման մասին նոր առաջարկներ անի․
«Այս հարցում չեմ կարծում, որ ինչ-որ պայմանավորվածություններ եղել են, որովհետև Աբու Դաբիից հետո և Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ որոշակի մանրամասների շրջանառությունից հետո պարզ է, որ խոսքը հատկապես վարձակալության մասին է, չեմ կարծում, որ այնպիսի առաջարկ է եղել, որը շատ արագ կերպով կողմերը հավասար հասցրել են փոխհամաձայնեցնել։ Չի բացառում, որ Վաշինգտոնում նոր առաջարկ ևս լինի, բայց էդ առաջարկը միանգամից չի կարող ընդունվել, այսինքն՝ ես ենթադրում եմ, որ եթե առաջարկներ լինեն, դա ենթադրում է որոշակի ժամանակահատված՝ քննարկելու համար, մանրամասները հստակեցնելու համար, այլ դերակատարների հետ փոխհամաձայնեցնելու համար»։

Փորձագետի կարծիքով՝ ամենահավանական տարբերակն այն է, որ վաշինգտոնյան հանդիպումն ավարտվի որևէ հուշագրով կամ հռչակագրով․
«Որտեղ ավելանալու է նաև Միացյալ Նահանգների ղեկավարի թե՛ անունը և թե՛ ստորագրությունը։ Այսինքն՝ ես ենթադրում եմ, որ գուցե ինչ-որ եռակողմ հայտարարություն լինի, որում կողմերը առաջին հերթին շնորհակալություն են հայտնելու Միացյալ Նահանգներին բանակցային այս՝ հերթական փուլը կազմակերպելու համար, հետո նշելու են իրենց պատրաստակամությունը՝ եղած խնդիրները՝ խաղաղության գործընթացը շարունակելու և հնարավորինս արագ չլուծված հարցերը կարգավորելու և խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ»։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ամենալուրջ խոչընդոտը, փորձագետի դիտարկմամբ, տարածաշրջանի ապաշրջափակման հարցում կողմերի տարբեր մոտեցումներն են։ Ադրբեջանի կողմից Խաղաղության պայմանագրի ստորագրման մյուս նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, ավելի շուտ բանակցությունների գործընթացն արհեստականորեն ձգձգելու պատճառներ են՝ եզրափակում է քաղաքական վերլուծաբանը։




