
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Վնուկովո օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վնուկովո օդանավակայանում Սթիվեն Ուիթքոֆին դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը», — ասել է գործակալության աղբյուրը։
«ՌԻԱ Նովոստի»- ին էլ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Սթիվեն Ուիթքոֆը և Կիրիլ Դմիտրիևը այցելել են Մոսկվայի Զարյադյե զբոսայգի։
Ուիթքոֆը բանակցությունների համար վերջին անգամ Մոսկվա էր ժամանել ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, այցելել էր Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ նրա հետ հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա տարեսկզբից ի վեր Ուիթքոֆի արդեն հինգերորդ այցն է Ռուսաստան։
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ օգոստոսի 9-ին, եթե մինչ այդ պահը չհաջողվի հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Երբ նրան հարցրել էին, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է խուսափել ԱՄՆ ներկայիս վարչակազմի պատժամիջոցներից, Թրամփը պատասխանել էր, որ դրա համար «պետք է կնքվի մի գործարք, որտեղ մարդիկ կդադարեն մահանալ»։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանի մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չգան ուկրաինական հարցի կարգավորման շուրջ։
Հուլիսի 29-ին Թրամփը հայտնել էր, որ որոշել է կրճատել այդ ժամկետը մինչև 10 օր։ Օգոստոսի 5-ին Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ն ավելի ուշ կորոշի՝ նշյալ ներմուծման մաքսատուրքերը կիրառե՞լ, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ հետագա քայլերը կախված կլինեն իր հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի Մոսկվայում կայանալիք բանակցությունների արդյունքից։




