ԼուրերԿարևորՀասարակություն

Կառավարություն-Կարապետյաններ արբիտրաժային վեճը նոր թափ է հավաքում․ ինչի՞ մասին է Ստոկհոլմի նոր որոշումը

Կառավարությունն ու ՀԷՑ-ի սեփականատերերը շարունակում են վիճարկել Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի Արտակարգ արբիտրի հրատապ որոշումը։ Գործադիրը հաղորդագորություն է տարածել այն մասին, որ Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները։ Միջազգային ներդրումային իրավունքի մասնագետը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատել է, որ մերժման պատճառն այն է, որ արտակարգ արբիտրի նախորդ՝ առաջին վճռով արդեն իսկ սահմանված են հայցվորների պահանջները։ Արբիտրաժը պարտավորեցրել էր Հայաստանին ձեռնպահ մնալ վերջերս ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։ Հայաստանի կառավարությունը, սակայն, հայտարարել էր, որ ՀԷՑ-ի ժամանակավոր տնօրենի նշանակումը չի հակասում ներպետական և միջպետական իրավունքին։

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները։ Հայցվորները պահանջում էին հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու հրատապ արբիտրաժի՝ ավելի վաղ կայացված արբիտրաժային վճիռը։ Այն է՝ պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու հայցվորների առաջին դիմումի ամսաթվի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի դրությամբ ՀԷՑ-ի՝ գոյություն ունեցող ստատուս քվոն, ինչպես նաև  պարտավորեցնել Հայաստանին` Արտակարգ արբիտրին և հայցվորներին տեղեկացնելու արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին։ Միջազգային ներդրումային իրավունքի մասնագետ Դավիթ Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացատրում է՝ հայցադիմումի մերժման պատճառն այն է, որ արտակարգ արբիտրի առաջին վճիռն արդեն իսկ սահմանում է թվարկված բոլոր պահանջները․

«Այսինքն՝  առաջին արտակարգ արբիտրաժի վճռի վրա ոչ մի նոր բան չի ավելացել։ Դրա համար երկրորդ անգամ  արտակարգ արբիտրը մերժել է հայցադիմումը, քանի որ արդեն առաջինի մեջ սահմանվել է այն ամենը, ինչ խնդիր էր համարել հայցվորը երկրորդով։ Մասնավորապես, հաղորդագրությունից երևում էր, որ խնդրել է 2-րդ անգամ հաստատել, որ առաջին վճիռը պարտադիր է կողմերի համար։ Իրավական տեսանկյունից այդքան էլ հիմնավորված չէր լինի նման վճիռը և անիմաստ կլիներ, որովհետև առաջին վճիռն արդեն պարտադիր է կողմերի համար։ Պարտադիր է մի քանի հիմքերով՝ ներպետական իրավունքով, մեր՝ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքով , նաև միջազգային պարտավորությունների ուժով, մասնավորապես՝ Նյու Յորքի կոնվենցիայով»։

Արտակարգ արբիտրաժում, ի տարբերություն սովորական արբիտրաժային գործընթացների, դատական պրոցեսն ավելի արագ է ընթանում՝ մանրամասնում է Դավիթ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ դատական այդ մեխանիզմին դիմում են, օրինակ, այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ մինչև վերջնական վճռի կայացումը կարող է փոխվել վեճի առարկա գույքի իրավական կարգավիճակը։

«Կարծիք է ստեղծվում, համենայնդեպս, ես այդպես եմ հասկացել, որ մարդկանց ընկալմամբ՝ Շվեդիայում գործող ինչ-որ դատարան  դատական ակտ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, ինչն այդպես չէ։ Խոսքը  մշտապես գործող արբիտրաժային հաստատության մասին է՝ Ստոկհոլմի առևտրային պալատին կից գործող արբիտրաժային կենտրոնի կամ, այսպես ասած, արբիտրաժային դատարանի մասին է, որը, օրինակ, Շվեդիայի դատական համակարգի հետ կապ չունի, դատական համակարգի մեջ չի մտնում։ Սա վերպետական կառույց է, որը կարող է վեճերը լուծել անհատի և սուվերեն պետության  պետության միջև այն հիմքով, որ այդ ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանը իր համաձայնությունը տվել է, որ  ներդրումային վեճերի դեպքում, օրինակ, արբիտրաժային դատարանը կարող է լուծել այդ վեճը»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ունի հնարավորություն չկատարելու Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ՀԷՑ-ի մասին, եթե ներպետական դատական ընթացակարգով պարզի, որ այն հակասում է հանրային կարգին։

«Կողմն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ տրիբունալի որոշումը, և հետո այն դառնա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե, ներպետական օրենսդրությամբ և  նաև միջազգային կոնվենցիայով, կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։

Միջազգային ներդրումային իրավունքի մասնագետ Դավիթ Խաչատրյանն ասում է, որ թե՛ Հայաստանի «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքով, և թե՛ Նյու Յորքի  (Oտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին) կոնվենցիայով սահմանվում է, որ արբիտրաժային վճիռը կարող է չեղարկվել միայն սպառիչ ընթացակարգային հիմքերի ի հայտ գալու դեպքում։ Մասնագետի խոսքով՝ այդ հիմքերից միայն երկուսը կարող է սահմանել դատարանը։

«Խնդիրն այն է, որ սա ամեն դեպքում դատարանի անելիքն է։ Այսինքն՝ դատական իշխանության անելիքն է՝ սահմանադրական կարգի տեսանկյունից։ Երբ  գործադիր իշխանության ներկայացուցիչը ասում է, որ եթե Հայաստանը գտնի կամ եթե մենք գտնենք․․․։ Այդ վերագրելիությունը մի քիչ անհանգստացնող է, որովհետև ամեն դեպքում դատական իշխանությունը և գործադիր իշխանությունը բաժանված են իրարից, և գուցե դատարանը առհասարակ չի էլ դիտարկում այդ հանրային կարգին հակասելու հարցը»։

Հայաստանի օրենսդրությամբ սահմանվում է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման՝ հանրային կարգին հակասել-չհակասելու մասին հարցը կքննարկի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Խաչատրյանի խոսքով՝ դատական գործի վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ամենաքիչը 2 տարի անց։ Սակայն  եթե դատարանը որոշի, որ արբիտրաժային վճիռը հակասում է հանրային կարգին, այդքանով պատմությունը չի ավարտվի։ Հայցվորը կարող է շարունակել պայքարը  Նյու Յորքի կոնվենցիայի անդամ ցանկացած պետության դատական համակարգում՝ մանրամասնում է Խաչատրյանը։

«Այդպիսի 172 երկիր կա։  Այսինքն, օրինակ, կարող է գնալ x պետություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կունենա որևէ գույք, կունենա որևէ ակտիվ՝ դրամի, պետական պարտավորությունների, ինչ-որ բոնդերի տեսքով և այլն, և դրանց հաշվին, օրինակ, տեղական դատարանին,  կարող է խնդրել, որ Հայաստանի Հանրապետությանը տվյալ ունեցվածքի հաշվին կատարի արբիտրաժային վճիռը»։

Արբիտրաժային վճիռը կարող է ենթադրել ոչ միայն դրամական փոխհատուցում, այլև վիճարկվող գույքի՝ այն է ՀԷՑ-ի նախկին կարգավիճակի վերականգնում։

«Օրինակ, այս բնակարանը ինձնից խլել են, ես ցանկանում եմ նորից սեփականության իրավունքով տիրապետել դրան, այսինքն՝ նախկին իրավիճակի վերականգնում։ Ասենք, այս դեպքում ազգայնացում է տեղի ունեցել, օրինակ, կամ ենթադրենք, որ տեղի է ունեցել։ Նախկին իրավիճակի վերականգնում եթե լինի, այն նորից տրվի կվերադարձվի հայցվորին, և հայցվորը ենթադրաբար հետո այլ կերպ  կտնօրինի իր գույքը՝ կօտարի կամ կշարունակի գործունեությունը»։

Կառավարությունը հուլիսի վերջին էր  արձագանքել  ՀԷՑ-ի  սեփականատերերի՝ Կարապետյանների հաղորդագրությանը, թե հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված օրենսդրական փոփոխություններով  սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։ Կառավարությունն ի պատասխան հայտարարեց՝ «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»:

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը: «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին՝ միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերն ու ընթացակարգերը»,-նշված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button