Երաժշտական եռանկյունի

Կոմիտասագիտության արդի խնդիրները․ «Երաժշտական եռանկյունի»

Կոմիտասը հայ ազգային ինքնության հիմնասյուներից է՝ իր ստեղծագործությամբ, հոգևոր և երաժշտագիտական ժառանգությամբ։ Սակայն նրա թողած անգնահատելի արժեքների լիարժեք ուսումնասիրման, վերծանման և հանրայնացման գործընթացը դեռևս շարունակում է բախվել ժամանակակից գիտության մի շարք մարտահրավերների։ Զրույցի ընթացքում Կոմիտաս Թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց կոմիտասագիտության ներկայիս խնդիրներն ու ինստիտուտի կարևոր դերակատարությունը այս ոլորտում։

Նրա խոսքով՝ Կոմիտաս Թանգարան-ինստիտուտը եզակի կառույց է, որը միաժամանակ հանդես է գալիս որպես թանգարան, գիտական կենտրոն և մշակութային կրթության օջախ։ Դրա առաքելությունն է պահպանել, ուսումնասիրել և հանրայնացնել Կոմիտասի կյանքը, գործունեությունն ու երաժշտական ժառանգությունը՝ ժամանակակից գիտական չափանիշներին համահունչ։

Թանգարան-ինստիտուտի ամենակարևոր գործառույթներից են Կոմիտասի արխիվային ժառանգության հավաքագրումը, համակարգումը, ինչպես նաև հնատիպ ձեռագրերի ու նոտաների վերծանումը։ Այս աշխատանքը պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ և մեծ պատասխանատվություն, քանի որ բազմաթիվ նյութեր մինչև օրս մնում են չուսումնասիրված կամ մասնակիորեն հայտնի։

Գիտական աշխատանքների կազմակերպումն այս հաստատության ամենաակտիվ ուղղություններից է։ Պարբերաբար անցկացվում են գիտաժողովներ, մասնագետների հանդիպումներ, իսկ ինստիտուտի աշխատակիցները մասնակցում են միջազգային գիտական միջոցառումների՝ ներկայացնելով նոր հետազոտություններ ու կոմիտասագիտության վերջին ձեռքբերումները։ Արդյունքում լույս են տեսնում արժեքավոր հրապարակումներ, որոնք խորացնում են գիտական պատկերացումները Կոմիտասի մասին։

Թանգարանի մշտական էքսպոզիցիան բացահայտում է Կոմիտասի կյանքի կարևոր դրվագները՝ միահյուսված պատմական, կենսագրական և երաժշտական համատեքստերում։ Թանգարանում պարբերաբար անցկացվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ՝ նվիրված ինչպես Կոմիտասին, այնպես էլ նրա ժամանակակիցներին, հետևորդներին ու կոմիտասագիտական տարբեր ոլորտներին։

Մեծ ուշադրություն է դարձվում նաև լուսավորչական գործունեությանը։ Դպրոցականների, ուսանողների և երաժշտական հաստատությունների սաների համար կազմակերպվում են ուսուցողական էքսկուրսիաներ ու միջոցառումներ՝ նպաստելով նոր սերնդի կոմիտասական արժեհամակարգի ձևավորմանը։

Ինստիտուտի կարևոր ուղղություններից է համերգային գործունեությունը։ Թանգարանի սրահում պարբերաբար կազմակերպվում են կոմիտասյան երաժշտությանը նվիրված համերգներ, որտեղ վերակենդանացվում է վարդապետի ստեղծագործական շունչը՝ կենդանի կատարումների միջոցով։

«Կոմիտասագիտությունը մեր ազգային գիտության բացառիկ ճյուղերից է, որն ունի մշտապես զարգանալու, հարստանալու և վերաիմաստավորվելու անհրաժեշտություն։ Մենք փորձում ենք դա անել ամեն օր՝ հավատալով, որ Կոմիտասը ոչ միայն անցյալ է, այլ նաև ներկա և ապագա»,— ընդգծեց Լիլիթ Հարությունյանը։

Կարդացեք նաև

Back to top button