
Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող մշակողների հետ միասնաբար։ Ի գործ»,- գրել է նա։
Ավելի քան երկու ամիս հայկական կոնյակով բեռնված մեքենաները չէին կարողանում անցնել Վրաստանի տարածքով և հասնել ռուսական շուկա։
Հունիսի 30-ին Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի շրջանակում, Գևորգ Պապոյանը Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպմանը քննարկել էր Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը հարցը։




