
Հայաստանի դատարաններում քննվում են հանրային մեծ հնչեղություն ունեցող գործեր, որոնց հիմքում նաև քաղաքական ենթահարցեր կան։ Դրանցից մի քանիսով արդեն ոչ պակաս հնչեղ որոշումներ են կայացվել։
Հղի կնոջը վարչապետի ավտոշարասյան 2022 թ. ապրիլի 26-ին վրաերթի ենթարկելու գործով դատարանը հրապարակել է վճիռը։ Մեկ այլ դատարան որոշում է կայացրել «հեղաշրջման պլանի» գործով անցնող մեղադրյալներից մեկի առնչությամբ, իսկ Հայաստանի գլխավոր դատախազությունն ամփոփել է տվյալները, թե վերջին ամիսներին որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը։
Հանրային հնչեղություն ունեցող դատական գործերից մեկով տրվել է 3 տարի քննարկվող հարցի պատասխանը։ Հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին Վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան՝ վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել։ Տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտարարել է, որ դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է։
«Դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Հաջորդիվ արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանը անդրադառնալու է պատժի հարցին, բնականաբար 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակելու, որովհետև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը այլևս հանցագործություն չէ, այսինքն՝ տվյալ արարքը, ապաքրեականացված է, հետևաբար այդ հիմքով պատիժ չի նշանակի դատարանը։ Իսկ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, բնականաբար նշանակելու է պատիժ նշված արարքի համար նախատեսված է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով»։

Մեղադրյալ Արամ Նավասարդյանը դատարանում չի ընդունել իր մեղքը և սպասում է արդարացման վճռի։
«Իմ ցավակցությունն եմ հայտնում տուժողի հարազատներին և սգում նրա մահը։ Հուսով եմ, որ դատարանը պետք է առաջնորդի ոչ թե մի խումբ անձանց ճնշումներով, այլ օրենքի տառով՝ իմ գործողությունները կգնահատի ինձ վերաբերելի իրավական նորմերով և կկայացնի արդարացման վերդիկտ»։
Ենթադրվում է, որ պաշտպանական կողմը կվիճարկի դատարանի կայացրած որոշումները։
Այս գործին իր վերջին ասուլիսին անդրադարձել էր նաև Հայաստանի վարչապետը։

Մեկ այլ անսպասելի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը՝ վերանայելով «հեղաշրջման պլանի» գործով Հրայր սարկավագ Հակոբյանի երկամսյա կալանքի որոշումը։ Հրայր սարկավագն ազատ է արձակվել Աբովյան քրեակատարողական հիմնարկից, սակայն պահպանում է մեղադրյալի կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակում։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը պարզաբանում է, որ փոխվել է խափանման միջոցը․
«Վարչական հսկողությունը այլընտրանքային խափանման միջոց է, որը կիրառվել է համակցված՝ բացակայելու արգելքի հետ միասին։ Այն նախատեսում է որոշակի նախապայմաններ, այսինքն` առանձին սահմանափակումներ են նախատեսվում, որոնք նախատեսված են օրենքով, օրինակ, ասենք՝ մշտական բնակության վայրը չլքելը, բացառությամբ այն դեպքի, երբ դա անհրաժեշտ է քրեական վարույթ իրականացնել, քննող մարմնին ներկայանալ և այլ գործողություններ, որը նախատեսված է օրենքով։ Հրայր Հակոբյանը կարող է շփվել ցանկացած անձի հետ։ Այդպիսի սահմանափակում նրա տեսակցությունների մասով չկա և գոյություն չունի։ Նրա ազատ տեղաշարժվելու և ազատ խոսքի իրավունքը պահպանված է»։

Կալանքի որոշումը բողոքարկելու են նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանները․ նրանք արդեն դիմել են գլխավոր դատախազին գործարարի կալանքը վերացնելու հարցով: Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը: Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու կոչերի համար, հետագայում ավելացել են նոր՝ փողերի լվացման և խարդախության մեղադրանքները։ Կարապետյանը կալանքի տակ է մոտ մեկուկես ամիս։

Ռուսաստանաբնակ հայազգի մեկ այլ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆիզիկապես հայկական արդարադատության կիզակետում չէ, բայց հակակոռուպցիոն դատարանը օրերս պետական շահերի պաշտպանության գործով հերթական վճիռն է կայացրել հօգուտ դատախազության։ Արա Աբրահամյանից առգրավվել է Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» հանրախանութի հողամասը։
Գործարարը որոշումն անօրինական է համարում։

Վերջին օրերին մեծ թափ է ստացել նաև օտարված հողատարածքները հանրային և համայնքային սեփականությանը վերադարձնելու գործընթացը։ Այդպես, օրինակ, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում օտարված հողամասի նկատմամբ։ 2025 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով միայն Կոտայքի մարզում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական՝ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք:
Գլխավոր դատախազության հարուցած վարույթներով նմանատիպ գործընթացներ անկացվում են նաև ՀՀ այլ մարզերում ևս։

Վերջին ամիսներին կատարված աշխատանքը, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված գույքի՝ դատախազության ցանկն ու դրանց հետագա տնօրինման ուղղություններն արդեն ամփոփվել են։ Ըստ այդմ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարում է․
«Քրեական վարույթի շրջանակներում է, որ հաշտության արդյունքում համայնքի հետ 19–ը տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին։ 19–ը տարի շարունակ չի բարեկարգվել, պատկանել է «Առաջինը երեխաներին» հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը պատկանել է նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը` տիկին Նանի Օսկանյանին։ Մեր հաշվարկներով մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս մասնաշենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում։ Երկու տարի շարունակ աշխատանքի արդյունքում 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ գումար է արդեն մուտք արվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին, որը օգտագործվել է ֆինանսների նախարարության կողմից։ Դա եթե վերածենք ամերիկյան դոլարների, մոտավորապես 44 միլիոն 177 հազար դոլար է»։
Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, այս պահին դատարաններում 152 հայցադիմում է քննվում, 5 հայցադիմումների վերաբերյալ դատական ակտեր են կայացվել, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել կողմերի ունեցած անհամաձայնության պատճառով։ Դատարաններում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դոլար է։




