
Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ֆրանսիայի իշխանությունները Խաղաղ օվկիանոսի տարածքում գտնվող զինված ուժերը հնարավոր փրկարարական գործողությունների համար բերել են մարտական պատրաստության, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։
«Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանի ափերի մոտ վերջերս տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող մեր զինված ուժերը, որպես նախազգուշական միջոց, մարտական պատրաստության են բերվել՝ մեր քաղաքացիներին և պետական ծառայություններին օգնելու որոնողական-փրկարարական գործողություններում կամ բժշկական տարհանման ժամանակ», — գրել է գերատեսչության ղեկավարը X սոցիալական ցանցի իր էջում։
Ավելի վաղ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆրանսիական Պոլինեզիայի Մարկիզյան կղզիներում հայտարարվել էր ցունամիի սպառնալիք։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին պահպանել անվտանգության միջոցառումները և պատրաստ լինել տարհանման։
Չորեքշաբթի Կամչատկայում 8.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք, բնակիչներին կոչ է արվում վտանգավոր գոտիներում չմոտենալ ափերին: 8.7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 17 կիլոմետր խորության վրա, Պետրոպավլովսկ-Կամչատկայից 144 կիլոմետր հարավ-արևելք: Ցունամիի նախազգուշացում է հայտարարվել մի շարք շրջաններում:




