
Ողջ աշխարհում հակամարտությունները թվային ոլորտ տեղափոխելու զգալի աճ է նկատվում։ Կիբերհարձակումները կարող են ամենամեծ վտանգներն առաջացնել հակամարտությունների ժամանակ։ Աշխարհում այսօր արդեն լուրջ մտահոգություններ կան այս առումով և, ըստ այդմ, Գերմանիայի խորհրդարանի խոսնակը բարձրաձայնում է կիբերհարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտության մասին։ Ռուսաստանում էլ մտածում են WhatsApp և Telegram մեսենջերները փակելու մասին։
Որքան երկիրը հեռու է թվային տեխնոլոգիաներից , այնքան պաշտպանված է, «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ որքան երկիրը զարգացած է, այնքան դժվար է դառնում ամեն բան հսկողության տակ պահելը։
Թվային այս դարաշրջանում հակամարտությունների բաղկացուցիչ մասն են դարձել կիբերհարձակումները՝ ասում է մեդիափորձագետը։
«Հիմա ընդհանրապես պատերազմը, որպես այդպիսին, բավական լղոզված երևույթ է, որովհետև կիրառվում են շատ տարբեր մեթոդներ, որոնց մեջ մտնում են տնտեսական, տեղեկատվական, նաև կիբերհարձակումները, որոնք կարող են նույնիսկ ավելի մեծ վտանգ սպառնալ, քան կոնկրետ ռազմական գործողությունները։ Եթե նայենք էն, ինչ որ եղել է վերջին տարիների ընթացքում, ապա հիմնական ուղղությունը լրտեսությունն է, այսինքն` թվային մեթոդներով գաղտնի տեղեկության կորզումն է, ու էստեղ վտանգները մենք հենց մեզ վրա ենք զգացել։ Օրինակ՝ 2020 թ. Ադրբեջանը օգտագործել է լրտեսական տարբեր միջոցներ, նաև իրականացրել է հարձակում մեր հայաստանյան պաշտոնյաների և զինվորականների հեռախոսների վրա»։
Ի տարբերություն քիչ զարգացած երկրների՝ զարգացած երկրներում ավելի մեծ է այս հարցի վերաբերյալ մտահոգությունը։ Բունդեսթագը մշտապես ենթարկվում է կիբերհարձակումների և կարիք ունի ավելի լավ պաշտպանության հաքերներից՝ ասում է Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Յուլիա Կլյոկները։
«Մենք գրանցում ենք հաքերային բազմաթիվ հարձակումներ. Բունդեսթագը հայտնի թիրախ է»,– պնդում է նա՝ հորդորելով, որ Բուդեսթագը մեծացնի իր կարողությունները հաքերների գործողություններին հակազդելու համար։
DW–ն գրում է, որ Գերմանիայում աճում է ռուսամետ և հակաիսրայելական կիբերհարձակումների քանակը։
Հունիսի սկզբին Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը և Դաշնային քրեական գրասենյակի ղեկավար Հոլգեր Մյունխը հայտարարեցին, որ 2024 թվականին Գերմանիայում գրանցվել է ավելի քան 131 հազար կիբերհանցագործություն։ Դա մոտ 2 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Բացի այդ՝ Գերմանիայի իրավապահները կիբերհանցագործների 202 դեպք են արձանագրել։ Գերմանիայի վրա հարձակումները եղել են արտասահմանից կամ անհայտ վայրից։ Դա 6 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։
Միևնույն ժամանակ, այսպես կոչված, DDoS հարձակումների թիվը, որոնց դեպքում պետական մարմինների և այլ կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտվում է ցանցերի դիտավորյալ գերբեռնվածության միջոցով, աճել է մոտ 30 տոկոսով։ Հաշվետվության մեջ նշվում է, որ Գերմանիայում նման հանցագործությունների մեծ թիվ է գրանցվել հատկապես Ռուսաստանից։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Դոբրինդտը «ռուսամետ» հարձակվողների գործունեությունը բացատրել է նրանով, որ ռուս–ուկրաինական պատերազմում Բեռլինն աջակցում է Կիևին։
Գերմանիայի ՆԳ նախարարի խոսքով՝ «աշխարհաքաղաքական հակամարտությունների թվային ոլորտ տարածման աճը» մտահոգիչ է։ Դա իր հերթին հանգեցնում է հիբրիդային սպառնալիքի աճի։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմում է պատերազմների ժամանակ կիբերհարձակումների ամենավտանգավոր ձևերի մասին․
«Մյուս լուրջ խնդիրը տեղեկատվական հոսքերի վրա հարձակումներն են, որը շատ տարածված բան է ու նոր չէ՝ երբ հակառակորդները փորձում են լռեցնել միմյանց, օրինակ` տեղեկատվական կայքերը, պետական կայքերը, որպեսզի քարոզչական պատերազմում, այսպես ասենք, հաղթանակ ունենան։ Ամենավտանգավորը այսօր հարձակումներն են կրիտիկական ենթակառուցվածքների վրա, այսինքն` էներգետիկ կառույցների վրա, որոնք ունեն ազդեցություն շատ մեծ քանակի մարդկանց վրա, օրինակ` էներգետիկ համակարգներ, գործարաններ։ Բայց, իհարկե, նման հարձակումները կարող են լինել ավելի լուրջ հետևանքներ ունեցող։ Դրանք կարող են ռազմական համակարգերի հակաօդային պաշտպանության վրա ազդեցություն ունենալ, ընդհուպ, օրինակ, ջրամբարների վրա հարձակումը, որը կարող է աղետի վերածվել, կամ ատոմակայանները»։
Կիբերհարձակումներում ամենահմտացած երկրներից են ԱՄՆ–ն, Չինաստանը, Իսրայելը, Իրանն ու Հյուսիսային Կորեան՝ փաստում է մեդիափորձագետը։
Ռուսաստանում ևս մտահոգված են կիբերձարձակումների վտանգով։ Այդ երկրի նախագահ Պուտինը կոչ է արել կասեցնելու ոչ բարեկամական երկրներից ծրագրային ապահովումը։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ամենայն հավանականությամբ WhatsApp մեսենջերի կիրառությունը կարգելվի ՌԴ–ում։
Ռուսաստանի թվային տնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ և LiveInternet ծառայության հիմնադիր Գերման Կլիմենկոն մի քանի օր առաջ ասել էր, որ ոչ բարեկամական երկրներում մշակված ծրագրերի ապահովման սահմանափակումները, ներառյալ կապի ծառայությունների օգտագործումը, կարող են անդրադառնալ WhatsApp և Telegram մեսենջերների, ինչպես նաև փոստային ծառայությունների աշխատանքի վրա։
Նա նկատել է, որ մինչև օրս Zoom-ը գործում է Ռուսաստանում և ռուսաստանցիները շարունակում են օգտվել դրանից։ Կլիմենկոն կարծում է, որ տեսականորեն կարող է փակվել նաև Gmail-ը։
Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը առաջարկներ մշակել ոչ բարեկամական երկրներում մշակված ծրագրերի կիրառության սահմանափակումները խստացնելու վերաբերյալ։
Այդ միջոցառումն ուղղված է Ռուսաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ուժեղացմանը՝ կարծում է փորձագետը։
«Այս հարցում փորձում ենք հնարավորինս անկախանալ։ Սա քաղաքական ենթատեքստ ունի, բայց, իհարկե, անվտանգության հարց էլ է, քանի որ, եթե համակարգն ինչ-որ մեկն է ստեղծել, և փակ է, բնականաբար կա մտահոգություն, որ կարող է օգտագործվել երկրի դեմ»։
Կես տարի առաջ ՌԴ-ում այցելությունների ռեկորդային ցածր մակարդակ գրանցվեց YouTube-ում, իսկ երկու շաբաթվա ընթացքում դրա անկումը կազմեց ավելի քան 50%։ Մի քանի օր առաջ էլ Telegram–ը հայտարարեց, որ YouTube-ը փաստացիորեն արգելափակված է Ռուսաստանում։ Որոշ բլոգերներ, ժամանցային ծրագրեր արդեն անցել են ներքին RuTube-ի և VK տեսանյութերի, որոնք տեխնոլոգիապես դեռևս հետ են մնում YouTube-ից։
Արևմտյան մամուլն էլ գրում, որ Ռուսաստանը կիբերսպառնալիքների աղբյուր է:
Մոտ երկու ամիս առաջ Նիդերլանդների ոստիկանության և Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք կազմակերպությունների վրա ռուսական հաքերային խմբի հարձակման մասին գրեցին եվրոպական լրատվամիջոցները։ Կիբերհարձակման են ենթարկվում գրեթե բոլոր երկրները։
Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը վստահեցնում է, որ կիբերհարձակումներից ամենապաշտպանվածը աֆրիկյան երկրներն են, ամենախոցելին՝ ամենազարգացածները։




