ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Forbes-ը փորձել է հաշվարկել հայկական տարածքով անցնելիք 43 կմ-անոց ճանապարհի գինը. Թրամփը խոսել է հրաշքից

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտալուտ խաղաղության մասին է կրկին խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս հակամարտությունը նա համարում է լուծված և կարծում, որ կարող է ավելացնել իր արտաքին դիվանագիտական հաջողություններին։ Իսկ հայկական կողմը դեռ խոսում է խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափարի մասին։

Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրն ի դեպ, վերլուծել և փորձել է հասկանալ, թե միջազգային «խոշոր» խաղացողների համար ինչ կարող է արժենալ Սյունիքով անցնող 43–կմ–անոց ճանապարհի գործարկումը, եթե գործի ամերիկյան կողմից առաջարկված վերջին սցենարը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ կարող է ազդարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին փուլի մասին։

Սպիտակ տան ղեկավարը հանրապետական սենատորների հետ ճաշի ժամանակ,  ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հաջողությունները և թվարկելով իր նախագահության օրոք, իր իսկ գնահատմամբ, արտաքին դիվանագիտական հաջողությունները, դրանց շարքում նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին է կարճ եւ հպանցիկ անդրադարձել։ Թրամփը համարում է, որ հրաշք են գործել Հայաստանում և Ադրբեջանում։ Հայտարարել է, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործն արդեն գրեթե ավարտված է, եթե ոչ՝ արդեն իրականացած։

Հայաստանյան իշխանական, ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակներում դեռ տարակարծություններ կան այս առումով։ Իսկ հուլիսի 16–ին իր ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսում էր պայմանագրի հնարավոր նախաստորագրման մասին․

«Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Սկսել ենք խորհրդակցությունները՝ լավ, ինչպե՞ս գնալ առաջ, ի՞նչ հնարավոր ճանապարհային քարտեզ կարող է լինել, եւ նախաստորագրման գաղափարը քննարկվող «մենյուի» մեջ առկա տարբերակներից մեկն է, որը ինքնին միակը չէ։ Սա կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի, որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաններում լինել ոչ այդքան իրատեսական»։

Միջպետական փաստաթղթի նախաստորագրումը ենթադրում է դիվանագիտական կոնկրետ հնարավորություններ` ասում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը․

«Նախաստորագրման ժամանակ ֆիքսվում է, որ համաձայնագիրը, որը նախաստորագրվում է, փոփոխման ենթակա չէ։ Այս պահի դրությամբ մենք ունենք, ըստ էության, բանավոր հայտարարությունը, որ տեքստը համաձայնեցված է։ Այդ ստորագրությունը արդեն որոշակի իրավական կատեգորիա է, որ այդ տեքստը համաձայնեցված է։ Տեսականորեն, դա նաև նշանակում է, որ այդ տեքստը կարող է հրապարակվել»։

Քաղաքագետը, սակայն, առանձին է դիտարկում փաստաթղթի նախաստորագրման հարցում վարչապետի նախանշած «եթե»–ները և ենթադրում, որ նախաստորագրման համար հայկական կողմի «եթե»–ն կապ ունի անվտանգային և սահմանային վերահսկողության մեխանիզմների հաստատման հետ։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի «եթե»–ներին, ապա դա կարող է լինել ԵԱՀԿ ՄԽ լուծարելու պայմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից բացի` նոր թափ են հավաքել Սյունիքով ճանապարհի բացման եւ կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկումները։ Այս հարցին առանձին հոդվածով անդրադարձել է ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը` խոսելով թե սցենարներից, թե հնարավոր ռիսկերից, վերջինների շարքում դիտարկելով այն, որ ճանապարհին առնչվող մտադրությունները կարող են նոր սառը պատերազմ հրահրել տարածաշրջանում։

 «Ֆորբս»–ում հրապարակված հոդվածի հեղինակ, ազգությամբ թուրք Գյունեյ Յըլդըզը, ով նաև էներգետիկ ոլորտի մասնագետ է և ներկայում Քեմբրիջում դոկտորական աստիճան է ստանում, հոդվածը վերնագրել է «Ամերիկայի բարձր խաղադրույքները Զանգեզուրի վրա. ինչպես կարող է ԱՄՆ-ի գլխավորած միջանցքը կրճատել Եվրոպայի էներգետիկ ծախսերը և հակազդել Ռուսաստանին»։ Սառը պատերազմ հրահրելու միտքը հեղինակը դիտարկում է առաջին իսկ պարբերությունում՝ գրելով․

«Աշխարհում, որը սրվող համաշխարհային լարվածության պայմաններում պայքարում է ոչ ռուսական էներգիայի համար, կարո՞ղ է հայկական հողերի 43 կմ-անոց հատվածը դառնալ Ամերիկայի գլխավոր հարվածը Մոսկվայի և Թեհրանի դեմ: ԱՄՆ-ի համարձակ հայտը՝ ուղղված Զանգեզուրի միջանցքը մեկ դարով վարձակալելուն, կարող է խոստանալ տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ առաջացնել»:

Ճանապարհի թեմայի քաղաքական ենթատեքստը գաղտնիք չէ, և դրա մասին հայ վերլուծաբանները պարբերաբար խոսում են։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է․

«Այս հարցում կան աշխարհաքաղաքական մի շարք «շահառու» կենտրոններ, ընդ որում` իրարամերժ մոտեցումներով, և նրանք բոլորն էլ թե միմյանց մոտեցումներն առաջ մղելու, թե միմյանց խանգարելու կարողություն ունեն։ Հիմա այդ պայմաններում ինչքանո՞վ է հնարավոր որևէ տեսանելի համաձայնություն, իսկապես շատ բարդ է ասել։ Երևանի համար, ըստ իս, խնդիրը հետևյալն է. հաշվի առնելով այն բարդ և իրարամերժ կծիկը, որ աշխարհաքաղաքական իմաստով կա ճանապարհների հարցում, թույլ չտալ այստեղ փակուղու խորացում, որովհետև եթե փակուղին խորացավ, անկասկած, կուտակվելու են լիցքեր, որոնք ռազմական էսկալացիայի ռիսկեր են ավելացնելու։ Մի կողմից` թույլ չտալ փակուղու խորացում, դիրքավորվել կառուցողականության տրամաբանության մեջ, մյուս կողմից, իհարկե, առավելագույնս պաշտպանել Հայաստանի շահերը, այսինքն` թույլ չտալ միակողմանի ինչ–որ զիջումներ»։

Ինքը` Փաշինյանը, հաստատել է տարածաշրջանում բոլոր իմաստներով տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի ցանկությունը և ձգտումը։ Բացի հաշվարկներից, թե ինչ օգուտներ դա կարող է բերել Հայաստանին, կան նաև այլ հաշվարկներ, որոնք ներկայացվել են «Ֆորբս»–ի հոդվածում։

Ըստ ներկայացված հաշվարկի, որի հիմքում Համաշխարհային գնահատումներն են, մինչև 2027 թվականը միջանցքը կամ, հայկական կողմի ձեւակերպմամբ, ճանապարհը կարող է տարեկան առևտրի ծավալը հասցնել 50-100 միլիարդ դոլարի` պայմանավորված լոգիստիկայի զգալի բարելավմամբ. Bloomberg-ի 2025 թվականի մայիսի տվյալները ցույց են տալիս, որ այս երթուղին կարող է Եվրոպայի և Ասիայի միջև տարանցման ժամանակը կրճատել 12-15 օրով՝ գոյություն ունեցող երթուղիների համեմատ։

Ճանապարհի գործարկման դեպքում ներդրումների վերադարձը համոզիչ է թվում, գրում է «Ֆորբս»–ը՝ շարունակելով․ Կասպիական քաղաքականության կենտրոնը ենթակառուցվածքների ծախսերը 5-10 տարվա ընթացքում գնահատում է 3-5 միլիարդ դոլար, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիարդ դոլարի խնայողություն լոգիստիկայի ոլորտում։

Ըստ հոդվածի՝ հիմնական խնդիրը «անհաշտ» դիրքորոշումներն են. Ադրբեջանը պահանջում է առանց վերահսկողության միջանցք, մինչդեռ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել ինքնիշխանությունը։ Այսպես կոչված «վարձակալության» մասին ԱՄՆ առաջարկը պարբերականը գնահատում է որպես ստեղծագործական փորձ` կորպորատիվ-իրավական շրջանակներն օգտագործելու այս փակուղուց դուրս գալու համար` Բաքվին առաջարկելով անվտանգության երաշխիքներ և, միևնույն ժամանակ, թույլ տալով Երևանին` պահպանել ինքնիշխանությունը։

«Ֆորբս»–ի հոդվածագիրը չի մոռանում նաև քննադատությունները`մեջբերելով նախազգուշացումները երկարաժամկետ բացասական հետևանքների հնարավոր ռիսկի մասին։

Կա հետևյալ հաշվարկը․ Իրանը կբախվի իր տարանցիկ դերի 20-30%-ը կորցնելու հեռանկարին, ինչը կարող է անդրադառնալ դրա` կենսականորեն կարևոր առևտրային ուղիների վրա։ Ռուսաստանը տասնամյակի ընթացքում կարող է բախվել 10-20 միլիարդ դոլարի եկամուտների կորստի և եվրոպական էներգետիկ շուկաներում իր ազդեցության 10-15%-ով նվազմանը։

Միևնույն ժամանակ, Չինաստանն ակնկալում է մինչև 2030 թվականը 20-30 միլիարդ դոլարով բարձրացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության արդյունավետությունը՝ տրանսպորտային կապի բարելավման հաշվին։ Սակայն Պեկինը պետք է հավասարակշռի այս օգուտները Չինաստանի կողմից վերահսկվող երթուղիներից կախվածության նվազման ռիսկի հետ։ Միջանցքը կարող է Թուրքիան վերածել էներգետիկ հանգույցի թյուրքալեզու պետությունների համար, ինչը կարող է ենթադրել, որ մինչև 2030 թվականը այդ երկիրը տարեկան 10-15 միլիարդ դոլարի եկամուտ կստանա տարանցումից։

Ամեն դեպքում հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք ամերիկյան դիվանագիտական նորարարությունը կկարողանա՞ վերաձևավորել համաշխարհային կարգը` ամփոփում է Ֆորբս պարբերականը։

Կարդացեք նաև

Back to top button