
2025 թվականի հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված Ստամբուլի հռչակագրում անդրադարձ է եղել նաև Հայաստանին և Ադրբեջանին։ Փաստաթուղթը ձևակերպվել է Բաքվի նախաձեռնությամբ, և Թեհրանը, ի զարմանս շատերի, ստորագրել է այն։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց Իրանը, դեսպանի մակարդակով, վերապահումներ է հայտնել ինչպես այս հռչակագրին, այնպես էլ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ)՝ Ստեփանակերտի գագաթնաժողովի հայտարարությանը։
Արդյո՞ք սա վկայում է տարածաշրջանային փաստաթղթերի նկատմամբ Իրանի մոտեցման փոփոխությունը, թե՞ Թեհրանը պարզապես փորձում է հավասարակշռություն պահել։
Իրանն Իսլամական համագործակցության կազմակերպության հիմնադիրներից է՝ մեզ հետ զրույցի ժամանակ հիշեցրեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ մեկնաբանելով Իրանի մոտեցումը ինչպես ԻՀԿ-ում, այնպես էլ ՏՀԿ-ում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ։
«Համաժողովը գումարվել էր Իրանի պահանջով, որպեսզի դատապարտեն Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ 11 և 12-րդ կետերով դա դատապարտվել է»։
Ինչ վերաբերում է հակահայկական դրույթներին, որ ներառվել են փաստաթղթերում, իրանագետը նկատում է, որ Ադրբեջանն իր նպատակներն է առաջ մղում ամեն պատեհ ու անպատեհ առիթով, թեպետ մինչև հիմա այդ կազմակերպությունների որևէ որոշում կյանքի չի կոչվել։
«Որովհետև այնտեղ հավաքված են խիստ հակասական շահեր ունեցող երկրներ։ Այնպես որ, այս հռչակագրերը արժեք չեն ունենում, բայց Ադրբեջանը դա միշտ խիստ շահեկանորեն է օգտագործում»։
Նույնը վերաբերում է նաև հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին։ Դրան մասնակցում էին տասնյակ երկրներ, և այնտեղ ընդունվել է ամփոփիչ կոմյունիկե։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող ձևակերպումները, որոնք ներառվել են կոմյունիկեում, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Պատասխանելով Արմենպրեսի հարցին՝ Սոբհանին ասել էր.
«Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, ներառյալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները, հակասում են բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն»։
Սոբհանին ընդգծել է, որ փաստաթուղթը չի արտացոլում բոլոր անդամ երկրների կարծիքը․ «Այդ հայտարարությունն ընդամենը արտացոլում է գագաթնաժողովի նախագահի տեսակետները, և պարտադիր չէ, որ դա արտացոլի գագաթնաժողովի մասնակից երկրների դիրքորոշումները»,– նշել էր դեսպանը՝ ընդգծելով, որ «իրենք պաշտոնական գրությամբ իրենց վերապահումները հայտնել են Տնտեսական համագործակցության կազմակերպությանը։
Սակայն, Իրանի այս բացահայտ վերապահումներին չուշացավ արձագանքը Բաքվից։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն իր արձագանքում մասնավորապես նշել է.
«Մեհդի Սոբհանիի հայտարարությունները այս կոմյունիկեի վերաբերյալ Իրանի ենթադրյալ վերապահումների մասին, չեն արտացոլում իրականությունը։ Դիվանագիտական պրակտիկայում վերապահումներ կարող են արվել միայն բանակցություններով կայացված որոշումների վերաբերյալ»։
Հաջիզադեն նշել է, որ փաստաթուղթը նախապես համաձայնեցված է եղել անդամ պետությունների հետ և կազմվել է նախագահողի ամփոփման ձևաչափով՝ առանց առանձին հաստատման անհրաժեշտության։
«Բոլոր պետությունները, ներառյալ Իրանը, հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում անցկացված ԻՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանից հետո աջակցել են «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների՝ իրենց հայրենի հողեր արժանապատվորեն վերադառնալու իրավունքին»,– իր մեկնաբանության մեջ հիշեցրել է ադրբեջանցի պաշտոնյան։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանի գնահատմամբ՝ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հնչեցրած դիրքորոշումները կարևոր ազդակ են հատկապես Հայաստանի համար, սակայն դրանք միաժամանակ բախվում են դիվանագիտական բազմաշերտ իրավիճակին։
Ըստ Բեգիջանյանի՝ եթե ժամանակին Իրանը հավասարակշռություն էր պահում նման դեպքերում՝ իսլամական միջազգային կազմակերպություններում փոքր-ինչ շեղվելով դեպի Ադրբեջան, ապա հիմա ամեն գնով ջանում է հայկական շահերը հաշվի առնել, քանի որ կա շահերի սերտ համընկնում.
«Ե՛վ տնտեսապես, և՛ աշխարհաքաղաքական հիմքով, և՛ ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության։ Այնպես որ Իրանն այս հարցում հաստատ անկեղծ է»։
Մինչ Իրանը դեսպանի մակարդակով վերապահում է հայտնում Բաքվի ձևակերպումներին, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայտարարել Իրանի համաձայնության մասին՝ փորձելով օգտագործել փաստաթղթերը հօգուտ սեփական շահերի։ Այսպիսով, իրանագետը նկատում է, որ տարածաշրջանային պայքարը, այսպես կոչված, «միջազգային հայտարարությունների լեզվի» շուրջ, ակնհայտորեն շարունակվում է։




