
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվել են Արմավիրի մարզի «Aratashen winery» գիներանում: Օրը նշանավորվել է նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը հանձնվել է Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկին՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովին։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն իր խոսքում ընդգծել է՝ Aratashen Winery այցելելը փառատոնի գեղեցիկ ավանդույթներից է դարձել։ Եվ այդ գեղեցիկ ավանդույթներից մեկն է նաև մրցանակի հանձնումն այս տարածքում։ «Ամեն տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում մենք հանձնում ենք այս մրցանակը՝ հարգանքի տուրք մատուցելով այն վարպետներին, որոնք մեզ հետ են այստեղ։ Այս տարի մենք մրցանակը հանձնում ենք մի կինոարվեստագետի, ով հիացրել է մեզ և մենք հույս ունենք, որ այս մրցանակը կլինի մեր հետագա հարաբերությունների առհավատչյան»,-նշել է Կարեն Ավետիսյանը։
Մրցանակն Ադիլխան Երժանովին հանձնել է Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։

«Յուրատեսակ ավանդույթ է դարձել, որ այս մրցանակն ամեն տարի հանձնում է Մատենադարանի ներկայացուցիչը։ Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետոզոտական ինստիտուտ է, և առաջին հայացքից կինոյի հետ կապն այդքան ամուր չէ, բայց կինոյին և Մատենադարանին կապում է իրենց երկուսի՝ ազգային և համամարդկային լինելը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ հավաստիացնել, որ մեր ձեռագիր մատյաններում բազմաթիվ գեղեցիկ կինոսյուժեներ կան։ Եվ ով գիտի՝ գուցե մենք առաջիկա տարիներին կարողանանք ըմբոշխնել որևէ ֆիլմ՝ հիմնված ձեռագրերի վրա»,-նշել է Վահե Թորոսյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Հայկ Պետրոսյանը և «Լիլլա» կամերային խումբը իրենց Կոմիտասյան կատարումներով, իսկ միջոցառումը եզրափակել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ հյուրերի հետ ավանդույթ դարձած քոչարիի շուրջպարով։




