Ամերիկյան Wall Street Journal թերթը գրել է, որ 22 տարի առաջ Սպիտակ տան ներկայիս ղեկավարն անպարկեշտ նամակ է գրել տարբեր հայտնի եւ հարուստ մարդկանց դեռահաս աղջիկներ «մատակարարելու» մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին նրա 50-ամյակի առթիվ։ Թրամփը նամակն անվանել է կեղծիք եւ խոստացել դատի տալ թերթի սեփականատիրոջն ու խմբագրին, հայտնում է BBC-ին։
Նախօրեին տպագրված «Ջեֆրի Էֆշտեյնի ընկերները նրա 50-ամյակի ալբոմում չարաճճի նամակներ են գրել» հոդվածում ասվում էր, որ այդ նամակներից մեկը նաեւ Դոնալդ Թրամփինն է։ Ըստ թերթի` այդ ալբոմը հավաքել է բանտում ինքնասպան եղած ֆինանսիստի ընկերուհին` Գիսլեյն Մաքսվելը, որը 2022 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` Էփշտեյնի համար դեռատի աղջիկներ հավաքագրելու համար։
Թրամփը Truth Social-ում անմիջապես արձագանքել է հոդվածին` հայտնելով, որ ինքն ու իր մամուլի քարտուղարն զգուշացրել են WSJ-ի սեփականատեր Ռուպերտ Մերդոքին եւ գլխավոր խմբագիր Էմմա Թաքերին, որպեսզի չտպագրեն կեղծ նամակը։
«Նախագահը շուտով դատի կտա Wall Street Journal-ին, NewsCorp-ին եւ պարոն Մերդոքին»,- իր մասին երրորդ դեմքով գրել է Թրամփը։
Նա նշել է, որ եթե նամակը ճիշտ լիներ, ապա այն ժամանակ, երբ քննվում էր Էփշտեյնի գործը, «ձախ խելառ արմատականները» դա կհրապարակեին։
Ջեֆրի Էփշտեյնին 2019 թվականին մահացած էին գտել բանտի իր խցում, որտեղ սպասում էր դատավարությանը։ Հետաքննությունը հայտարարել էր, որ նա ինքնասպան է եղել։




