Երաժշտական եռանկյունի

«Հուսո առագաստ 2025»․ երգի և հույսի տոն․ «Երաժշտական եռանկյունի»

Հուլիսի 18-20-ը Սևանի «Վիշապ» ափին տեղի է ունեցել հեղինակային երգի միջազգային ամենամյա փառատոնը՝ «Հուսո առագաստը», որն այս տարի արդեն տասնմեկերորդ անգամ է համախմբում երգահանների ու երաժշտասերների ամբողջ աշխարհից։

Փառատոնի հիմնադիրն ու ոգեշնչողը Վախթանգ Հարությունյանն է, որը մեր զրույցում նշում է.
«Այս փառատոնը վաղուց դուրս է եկել պարզապես երաժշտական միջոցառման սահմաններից։ Այն դարձել է հարթակ՝ գաղափարների, լեզուների ու սերունդների երկխոսության համար։ «Հուսո առագաստը» մշակույթ է, համայնք և, ի վերջո, հույսի հնչողություն»։ Այն նաև միջազգային հանդիպման վայր է։

Ավելի քան տասը տարի շարունակ Հայաստանում անցկացվող այս եզակի փառատոնը ընթանում է բացօթյա քեմփինգի ձևաչափով, որտեղ բնությունն ու երաժշտությունը դառնում են անբաժան ամբողջություն։ Առանց տարիքային սահմանափակման՝ այստեղ միավորվում են սկսնակ ու փորձառու երգահաններ, որոնք անցնում են նախընտրական փուլ, իսկ ժյուրիի կողմից ընտրված լավագույն տասնյակը մասնակցում է հիմնական համերգներին։

Հատկանշական է, որ փառատոնը կազմակերպվում է մի քանի փուլով, ընդգրկում է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային արտիստների։ Երկրորդ օրը վերածվում է իսկական միջազգային հարթակի, որտեղ այս տարի ներկայացված են լինելու երգահաններ 14 երկրներից։ Իսկ ամփոփիչ համերգին բեմ են բարձրանալու ոչ միայն հաղթողները, այլև փառատոնի ճանաչված հյուրերը՝ երգիչներ ու երգահաններ, որոնք իրենց ներկայությամբ հավելյալ շունչ ու որակ են հաղորդում այս տոնին։

Վախթանգ Հարությունյանն ընդգծում է փառատոնի մշակութային և հանրային նշանակությունը.
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ կարիք ունեն համախմբվելու անկեղծության ու ստեղծագործության շուրջ։ «Հուսո առագաստը» այդ բացառիկ վայրն է, որտեղ հնչում է ոչ միայն երգը, այլև մաքրության, խաղաղության, հավատքի ձայնը»։

Այսպիսով, «Հուսո առագաստ 2025»-ը նույնպես կդառնա ոչ միայն երգահանների մրցույթ, այլև համախմբման, փոխըմբռնման և հույսի փառատոն՝ ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի համար։

Կարդացեք նաև

Back to top button