ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ամառային դպրոցների «բիզնես շուկան»՝ բազմազան առաջարկներով, սակայն բովանդակության և վերահսկողության խնդիրներով

Ամառային արձակուրդին ամենաշատ առաջարկված ու նաև պահանջված ծառայություններից են ամառային դպրոցները։ Համացանցում դրանց ընդունելության հայտարարությունների պակաս չկա․ առանց որևէ դժվարության կարելի է գտնել կրթական, ժամանցային, տարատեսակ հմտություններ զարգացնող բազմաթիվ առաջարկներ։ Որքանո՞վ են վերահսկվում, սակայն, ամառային դպրոցներն ու  ճամբարները և որքանո՞վ են վերահսկող կառույցների «խոշորացույցի» տակ․ պարզվում է՝ ծրագրային, բովանդակային, գնային և որակական խիստ բազմազանությամբ աչքի ընկնող այս շուկայում նաև տարաբնույթ խնդիրներ կան։

Ամառային դպրոցն ամառային արձակուրդն անցկացնելու լավագույն տեղն է՝ վստահեցնում են բազմաթիվ ընկերություններ՝ առաջարկելով կրթական, մշակութային, տեխնոլոգիական, մարզական և մի շարք այլ ծրագրեր։

Հազարավոր ծնողների համախմբող ֆեյսբուքյան խմբերից մեկում, առանց երկար որոնելու, ամառային դպրոցների մի քանի տասնյակ առաջարկ կարելի է գտնել։ Դրանք խոստանում են կազմակերպել երեխայի ժամանցը՝ զուգահեռաբար ապահովելով ուսումնական որոշ ծրագրեր՝ օտար լեզուներ, դասապատրաստումներ, սպորտային և արվեստի խմբակներ։

Այսպես ասած՝ «կրթական ժամանց» խոստացող և երեխաների կրթության գործում անմիջականորեն ներգրավվող ընկերությունները, սակայն, ո՛չ դա անելու հատուկ ստացած իրավունք ունեն, ո՛չ արգելք։ «Ռադիոլուր»-ը զրուցել է որոշ ամառային դպրոցների կազմակերպիչների հետ։ Դրանցից մեկի առաջարկը, օրինակ, վերաբերում է 5-15 տարեկան երեխաներին։ Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9-ից 6-ը, ամառային դպրոցում լինելու ամսավճարը սահմանված է 80․000, օրվա կեսն այնտեղ անցկացնելու համար՝ 40․000 դրամ։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ ծրագիրը ներառում է չորս առարկայի՝ մայրենի լեզվի, անգլերենի, ռուսերենի և մաթեմատիկայի դասեր։

«Ռուսերենի, անգլերենի և տարրական դասարանների մայրենիի, մաթեմատիկայի համար համապատասխան մասնագետներ ունենք, ովքեր դասավանդում են։ Հիմնականում շեշտը դրված է իրենց ամառային հանձնարարությունների վրա, և քանի որ այսօր երեխաներն ունեն  ընթերցանության, տառաճանաչության խնդիրներ, հետևաբար շեշտը դնում ենք նաև կողմնակի լրացուցիչ առարկաների վրա։ Եթե մայրենիի դաս է՝ իրենց ամառային հանձնարարություններն են կատարում, ամրապնդում ենք այդ տարվա ստացած գիտելիքները։ Անգլերենի և ռուսերենի դեպքում. քանի որ ունենք 6-7 տարեկան երեխաներ, ովքեր դպրոցում դեռ այդ լեզուները չեն սովորել, կազմակերպում ենք ավելի շատ խաղերի տեսքով՝ շեշտը դնելով բանավոր խոսքի վրա»։

Ծնողները հատկապես ուզում են, որ ամառային դպրոցներում լրացվի ուսումնական տարվա ընթացքում բաց մնացած գիտելիքը՝ ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։ Վստահ է, որ դա անելու մասնագիտական ռեսուրս ունեն։ Իսկ իրավո՞ւնք՝ հարցնում եմ․

— Ճիշտն ասած, լիազորություն դեռևս չունենք մենք։ Պայքարում ենք ու գնում ենք այդ ուղղությամբ, որ ձեռք բերենք․ այդ փաստաթղթերի վրա ենք հիմա աշխատում, որպեսզի կարողանանք արդեն լիարժեք ձեռք բերել էդ լիազորությունը կրթության նախարարությունից։ Այն, ինչ իրենց պահանջների մեջ ներառված է, որպեսզի թե՛ գրասենյակային տարբերակով ամեն ինչ համապատասխանեցնենք, թե՛ կրթական ոլորտով համապատասխանեցնենք,  էդ քայլերի մեջ ենք, որպեսզի արդեն ձեռք բերենք լիարժեք լիազորություն։
— Եթե դուք, միևնույն է, անգամ դրա բացակայության պայմաններում կարողանում եք կազմակերպել ամառային դպրոցը, ինչո՞ւ է առաջացել անհրաժեշտությունը։
— Չէ, շատ կարևոր է, որովհետև մենք աշխատում ենք օրենքի սահմաններում, հետևաբար ցանկանում ենք, որպեսզի ամեն ինչը օրենքի սահմաններում լինի, որովհետև գործ ունենք երեխաների հետ, ու լավ կլինի, որ ունենանք արդեն էդ լիազորությունը։ Արդեն անհրաժեշտություն է, որ մենք ունենանք։
— Բայց չունենալով աշխատում եք, չէ՞, և խնդիր, կարծես թե, չի առաջացել։
— Չէ, էստեղ հարցը խնդիրը չէ, այլ որ կարողանանք ավելի լավ ընդլայնենք մեր ծրագրերը, հնարավորությունները։

Փորձեցինք ԿԳՄՍ նախարարությունից պարզել՝ ինչպես, ում թույլտվությամբ, որ կառույցի վերահսկողությամբ են գործում դպրոցների բացը լրացնելու հավակնող ամառային դպրոցները։ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հղում է անում «Կրթության մասին» օրենքին։ Ըստ դրա՝ նախարարությունը կարող է երաշխավորել նախադպրոցական, հանրակրթական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող ծրագրերի, դասընթացների բովանդակությունը։ Այս 3 խմբի ուսումնական հաստատությունները պարտավորվում են որևէ կրթական ծրագիր իրականացնելուց առաջ նախարարությունից ստանալ բովանդակության հաստատում։ Սակայն, Սարգսյանի ձևակերպմամբ, ինքնակոչ ուսումնական կենտրոնները գործելու  թույլտվություն ստանալու պարտավորություն չունեն։

«Որպես այդպիսին, պարտադիր պահանջ չկա, օրինակ, որևէ հասարակական կազմակերպության հանդեպ։ Բայց, այնուամենայնիվ, քանի որ արդեն էդ մշակույթը կա ձևավորված, շատ հաստատություններ սեփական նախաձեռնությամբ դիմում են նախարարությանը, նախարարությունը բովանդակությունն ուղարկում է հիմնականում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն՝ ԿԶՆԱԿ, և եթե դրական եզրակացություն է լինում, այն ուղարկվում է տվյալ կառույցին»։

Ստացվում է, որ կրթության նախարարության կողմից հաստատված բովանդակություն և թույլտվություն ունեցող կառույցների կողքին կարող են լինել և կան այնպիսի հասարակական կազմակերպություններ կամ անհատներ, որոնք կամայականորեն են նախաձեռնում  այս գործընթացը՝ առանց թույլտվության՝  երբեմն դա վերածելով պարզապես բիզնեսի։ Թամարա Սարգսյանն  ուշադրություն է հրավիրում մի կարևոր դետալի վրա․ պարտավորություն սահմանել կարելի է, ասում է, բայց մինչև այդ պետք է հաշվի առնել՝ որքանով է դա վերահսկելի։

«Կրթության տեսչական մարմինն ունի վերահսկողության լիազորություն միայն կոնկրետ բնույթի ուսումնական հաստատություններում, ամեն տեղ չի կարող էդ ստուգումներն իրականացնել։ Այսինքն՝ սա այն դաշտն է, որ, կարծում եմ, ավելի շատ ծնողների ուշադրության դաշտում պետք է լինի, և ծնողները տարբեր ծառայություններ ընտրելիս առաջնայնությունը տան այն ծրագրերին, որոնք նախարարության հետ աշխատում են»։

Ինչպե՞ս տարբերել հաստատված ու որակյալ բովանդակություն ունեցող ամառային դպրոցները՝ որպես այդպիսին ներկայացող դպրոցների խառը բազմազանության մեջ։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝  բավարար է ամառային դպրոցի կազմակերպիչներից խնդրել նախարարության դրական եզրակացությունը։

Ամառային դպրոցների ցանկում կարելի է գտնել նաև «ամառային ճամբարներ»։ Դրանք մեծ մասամբ կրթական բաղադրիչ չունեն․ առավելապես ապահովում են սպորտային-ժամանցային առօրյան։ Ճամբարներից մեկի հիմնադիր-տնօրենը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց՝ իրենց առաջարկը ոչ թե կրթությունն է, այլ օգտակար ժամանցը․

«Կոնցեպտն այնպիսին է, որ երեխաները կարծես   բակում խաղան։ Իրենք են կառուցում իրենց առօրյան, մենք պարզապես հետևում ենք, որ ամեն ինչ լինի ապահով և ուրախ։ Մենք առաջարկում ենք բազմազան զբաղմունքներ երեխաների համար, բայց զբաղմունքներից և ոչ մեկը երեխաներին չի պարտադրվում, այսինքն՝ երեխաներն ազատ են որոշել, թե իրենք իրենց առօրյան ինչպես են կառուցելու տվյալ օրը։ Զբաղմունքների մեջ կարելի է ներառել ձեռքի աշխատանք, բակային խաղեր, սեղանի զարգացնող խաղեր, կավագործություն, նկարչություն, ինքնապաշտպանություն, սպորտ։ Ամառային ճամբարը ժամանցային վայր է համարվում, բայց մենք ունենք 2 հոգեբան, որոնք երեխաների հետ աշխատելու փորձ ունեն, երիտասարդ թիմեր ունենք, որոնք ավելի շատ երեխաների հետ զբաղվում են, ակտիվ խաղեր են խաղում, և բոքսի մարզիչն է, որ, իհարկե, փորձառություն ունի․ ինքը զբաղվում է հենց մարզչային գործունեությամբ»։

Ամառային դպրոցների ու ճամբարների առաջարկները տարբեր են․ կան այնպիսիք, որոնք ընդունելության հայտարարության մեջ հավաստիացնում են՝ տրամադրում են միջազգային որակի կրթություն և դասավանդում են անգլերեն, իրենց ձևակերպմամբ, «նույն ստանդարտներով, ինչ ԱՄՆ-ում»։ Որոշ դպրոցների ծրագրերը ներառում է «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ամառային հանձնարարությունների կատարումը, որոշ կազմակերպիչներ առաջարկում են «բացահայտել աշխարհն ու մշակույթը, այցելել թատրոններ ու թանգարաններ, ներգրավվել ՏՏ-ի և մեքենայական ուսուցման աշխարհում, սովորել ռոբոտաշինություն և այլն։

Այս ճամբարների գնային առաջարկները ևս տարբեր են․ մեր դիտարկած ավելի քան 30 առաջարկների մեջ ամսավճարը տատանվում է 30-200․000 դրամի սահմաններում։

Գինը որոշվում է նաև ըստ երեխաների համար ապահովվող սննդի։ Ամառային շատ դպրոցներ նաև կերակրում են երեխաներին, ինչն իր հերթին է հարցեր ու մտահոգություններ առաջացնում։ Որքանո՞վ է վերահսկելի առանց հատուկ թույլտվության կարիքի գործող տասնյակ ամառային դպրոցներում երեխաներին տրամադրվող սննդի որակը։ Սննդի տեսչական մարմնից ասացին՝ ստուգումների տարեկան ծրագրով՝ դրանցում ստուգումներ նախատեսված չեն, սակայն բողոքների դեպքում անուշադրության չեն մատնի։

Փաստացիորեն, ամառային դպրոցների կազմակերպիչների պատասխանատվությանն ու բարեխղճությանն են թողնված նաև երեխաների անվտանգությունը, մատուցվող կրթական, անգամ կրոնական բովանդակությունը, սննդի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը։ Ուստի դրանց ընտրությունից զատ՝ նաև դրանց վերահսկողությունն է մնում ծնողներին։

Կարդացեք նաև

Back to top button