Ստեղծագործ միտք և ձեռքեր, հմտություններ և համբերատարություն, ջերմ հոգի և զգացմունքներ. այս ամենի արդյունքում ծնունդ է առնում մի արարող մասնագիտություն, որն ամբողջությամբ արտացոլում է հմուտ մասնագետի անհատականությունն ու վարպետությունը։ Խեցեգործություն կամ կավից իրեր պատրաստելու արվեստ՝ ստեղծարար մասնագիտություն, որը կարելի է ընտրել ցանկացած տարիքում։
Այստեղ ստեղծագործելու հնարավորություններն անսահման են։ Խեցեգործությունը զարգացնում է երևակայությունը, ստեղծագործական կարողությունները, դրական ազդեցություն է ունենում հոգեկան վիճակի վրա, նպաստում է լարվածության լիցքաթափմանը։ Լինելով արվեստի ու արհեստի հնագույն տեսակ՝ այն շարունակում է զարդարել մարդկանց կենցաղը։ Խեցեգործությունն Հայաստանում հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից։ Դեկորատիվ արվեստի գանձարանում քիչ չեն հայ վարպետների բարձրարվեստ ստեղծագործությունները։ Մարդկության ամենահին, լայն տարածում ունեցող, դեկորատիվ-կիրառական արվեստի ամենաինքնատիպ և վառ ճյուղերից մեկն է խեցեգործությունը։
Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ նկատել են կավի բացառիկ հատկությունները, և դրանց օգտագործումը մարդկության պատմության մեջ դարձել է խոշոր նվաճում։ Բնության այս բարիքը այսօր էլ շարունակվում է կիրառվել ամենատարբեր ասպարեզներում։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի խեցեգործական գեղարվեստական իրերի պատրաստման արտադրական ուսուցման վարպետ Գոհար Խաչատրյանը։




