ԿարևորՀասարակություն

Հրդեհներ գիշերը` Երեւանում եւ Եղվարդում

Այսօր` հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Իսկ դրանից մոտ մեկ ժամ առաջ` 00։31-ին հրշեջներին հաջողվել է մարել Երեւանի Թբիլիսյան խճուղու խոտածածկույթի հրդեհը եւ կանխել դրա տարածումը։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել էր հուլիսի 14-ին, ժամը 23:00-ին։  

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:44-ին։

Նախօրեին Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց իրենց ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող գործողությունների խթանմանը։

Մի քանի օր առաջ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կարդացեք նաև

Back to top button