ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծաղիկ արտադրողները՝ խնդիրների առջև․ 7 տնտեսվարողի արդեն արտահանման թույլտվություն է տրվել

Ծիածանը ծաղկի արտադրությամբ զբաղվող համայնք է․ թերևս տուն չկա, որ ծաղկի ջերմոցներ չունենա՝ ասում են գյուղի բնակիչները: Արմավիրի այս համայնքում ծաղիկ մշակող տնտեսությունների մեծ մասը վարկեր ունի։ Նրանց անուշաբույր ապրանքն իրացվում է առավելապես արտաքին շուկաներում, գերակշիռ մասը՝ Ռուսաստանում: Սակայն վերջին շրջանում այդ երկիրը կասեցրել է Հայաստանից ներմուծումը՝ բույսերի վարակի հիմնավորմամբ։ «Ռոսսելխոզնադզորի» և ՍԱՏՄ-ի մասնագետները ներկայում տեսազանգով հսկողություն են իրականացնում և քննարկումներ, այս ընթացքում 7 տնտեսվարողի արդեն թույլատրվել է ծաղիկ արտահանել: Արմավիրի մարզի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանն է զրուցել ծաղիկ մշակողների հետ, ի մի բերել խնդիրները։

Աննա Մարգարյանի օրը սկսվում և ավարտվում է ծաղկի ջերմոցում․մշակում և խնամում է ծաղիկները, մաքրում ավելորդ խոտերը, խոսում ծաղիկների հետ, անգամ  երաժշտություն միացնում ջերմոցում:

Այդպես նա շփվում է ծաղիկների հետ, ասում՝ արդյունքը ալստրեոմերիայի փարթամ ծաղկաբույլերն են: Սակայն արդեն մի քանի ամիս  է՝ ծաղիկների արտահանման լուրջ խնդիրների առաջ են կանգնել, ինքն էլ ստիպված դիմել է ծայրահեղ քայլի: Աննա Մարգարյան․

«Որ չէր վաճառվում, կոտրում-թափում էինք: Մարտ ամսից ծաղիկներն ընդհանրապես դուրս չենք ուղարկել: Հենց զգում էինք, որ շուկայում չի վաճառվում, կոտրում, թափում էինք»:      

Ալստրեոմերիայի ծաղկելու ամենաակտիվ ժամանակը մայիսն է։ Ջերմոցատերերն էլ այս շրջանում փոքր-ինչ ավելի շատ եկամուտ ստանալու ակնկալիք ունեն։ Ծաղիկ  մշակելը հեշտ գործ չէ՝ ասում են, շատ զգայուն բույսեր են, պահանջվող ծախսերը՝ շատ։ Տնամերձ ջերմոցում հովացման ու ջեռուցման համակարգեր է պետք շարունակ աշխատեցնել՝ ասում է ջերմոցատեր Մարինե Քարամյանը: Մինչև մի քանի ամիս առաջ իրենց մշակած ծաղիկները Ռուսաստանի Ուֆա քաղաք են արտահանել, սակայն այս պահին արտահանողների առջև ռուսական շուկան փակվել է:

«Մեզ ասել են՝ բույսերի վրա ինչ-որ հիվանդություն  են տեսել՝ տրիպս: Արտահանելիս մենք իրենց անալիզի համար առանձին բույս ենք ուղարկում: Իրենք այդ բույսը հետազոտում են, նոր ուղարկում»:

Ջերմոցատերերը վստահեցնում են, որ ուշադիր են այդ հարցում, ժամանակին բույսերի բուժումներ ու սրսկումներ են անում, պարարտացնում: Հիմա ստիպված են ծաղիկներն իրացնել ներքին մեծածախ շուկայում, բայց արտահանման համար նախատեսված քանակը հնարավոր չէ իրացնել երկրում։ Ծաղիկները մեծ քանակով հաճախ մնում են չվաճառված ու պարզապես թափվում են աղբը։ Արտահանման կասեցման պայմաններում որոշ ջերմոցատերեր արդեն անիմաստ են համարում  ծաղիկները ջրելն ու մշակելը։ Ծախսը մնում է, եկամուտ՝ ոչ։  

Արմավիրի Ծիածան գյուղում, բացի ալստրեոմերիայից, նաև լիզիանտուս ու վարդեր են աճեցնում: Գրիգոր Գրիգորյանի 3000 քմ ապակեպատ ջերմոցում, սակայն, ծաղիկները չորանում են:

«Ջրեմ, ի՞նչ անեմ, քանդեմ, թափե՞մ: Լրիվ չորացավ, պրծավ, պիտի քաշենք, այրենք, էլի: Սա պետք է 15-20 օր առաջ քաղած լինեինք: Ծախսն ահավոր է, դրա վրա 9 մլն փող ենք դրել, բայց 2 մլն դրամի չենք վաճառել: Ջերմոցի մի մասը քանդել-թափել ենք, սա էլ էս 2 օրը կքանդենք»:

Գրիգորը ծաղկի բիզնեսով զբաղվում է դեռ 1978 թ.-ից, ասում է, որ ներքին շուկայում լիզիանտուսն արժեք չունի, 10 հատը վաճառվում է 1000 դրամով: Մինչդեռ ինքը ծաղիկների սածիլները ներկրում է Հոլանդիայից: Հիմա քանդած ջերմոցում աշնան համար քրիզանթեմների սածիլներ է դրել:

Հարևան Խաչիկ Գևորգյանն այդ ընթացքում ջերմոցի դիմաց չորացած ծաղիկներն է այրում։

«Խնդիրը ծաղիկների իրացման մեջ է, որ ունենք հարկեր, վարկեր, տուրքեր, երեխաներին պահելու խնդիրներ: Երրորդ օրն է՝ տանում ենք շուկա, հետ ենք բերում,   փող դուրս չի գալիս: Պիտի սահմանները բացեն, էլի մեծերն ու միջինները կուղարկենք, մանրն էլ գոնե շուկայում կծախենք: Մեր ջերմոցը մեծ է՝ 2000-3000 քմ, դրանով ենք ապրում, վարկ փակում: Իսկ այսօր ոչ մի ձև չկա, նորմալ վիճակ չէ: Պետությունը պիտի մտածի, թե ինչ է անում»:  

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ արտահանման խնդիրներին տեղյակ են։ Դրանք տարբեր են՝ բացատրում է Հարությունյանն ու վստահեցնում՝ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակական են, տեսազանգերի միջոցով երկուստեք հսկողություն է իրականացվում, ինչի արդյունքում մի քանի տնտեսվարողի արդեն արտահանման թույլտվություն է տրվել:

«Արդեն 7արտադրողի ծաղիկները թույլ են տվել արտահանել, և դրանք այս պահին արտահանվում են: Որոշ ջերմոցների պատասխանները սպասում ենք: Նաև սպասում ենք ռուսական կողմի մասնագետների այցին: Երբ կգան, մեզ հետ վերահսկողական միջոցառումներ կիրականացվեն, և, ամենայն հավանականությամբ, հնարավորինս արագ խնդիրը կկարգավորվի»: 

Ծաղկի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները հույս ունեն, որ շուտով խնդիրը կկարգավորվի,  ու ծաղիկների չեն թոշնի ջերմոցներում կամ վաճառասրահներում։  

Կարդացեք նաև

Back to top button