ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստակայանին տված հարցազրույցում խոստացել է երկուշաբթի օրը կարեւոր հայտարարություն անել Ռուսաստանի մասին։ Թե ինչի՞ մասին է այն լինելու, չի մանրամասնել։
«Կարծում եմ, Ռուսաստանի մասին կարեւոր հայտարարություն կանեմ երկուշաբթի»,- նրա խոսքերն է մեջբերել BBC-ին։
Թրամփի այս հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Կուալա Լումպուրում։ Հանդիպումից առաջ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր, որ Թրամփը հիասթափված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության բանակցությունների ընթացքից։ Իսկ հանդիպումից հետո նշել էր, որ Մոսկվան առաջարկել է կարգավորման «նոր, այլ մոտեցում»։
Վերջին օրերին ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հրապարակավ ցույց է տվել, որ պատերազմի եւ Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքը փոխվել է։ Նա դժգոհություն է հայտնել իր ռուսաստանցի պաշտոնակցի` Վլադիմիր Պուտինի վարքագծից, հայտարարել, որ ԱՄՆ կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային։




