
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպմանը կենտրոնացած է եղել Գազայում պատանդներին ազատելու ջանքերի վրա և ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը «վերացնելու» իր վճռականությունը։
Նեթանյահուն հավելել է, որ առաջնորդները քննարկել են նաև «Իրանի նկատմամբ տարած մեծ հաղթանակի» հետևանքներն ու հնարավորությունները։
Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանը Նեթանյահուի հետ հանդիպել է երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ՝ քննարկելու Գազայում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցով հատուկ բանագնացը հայտնել էր, որ շաբաթվա վերջին կհաջողվի Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալ։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները հյուրընկալող Կատարի պատվիրակությունը երեքշաբթի՝ Նեթանյահուի ժամանումից առաջ, հանդիպել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնել է Axios-ը՝ հղում անելով մանրամասներին ծանոթ աղբյուրին։ Սպիտակ տունը որևէ մեկնաբանություն չի արել հաղորդագրության վերաբերյալ։




