Սփյուռքի ձայնը

Մեկ մարդ՝ մեկ ինստիտուտ. ավստրիահայ գործիչ, որ ստեղծում է համաշխարհային հայկական ցանց․ «Սփյուռքի ձայնը»

Ավստրիացի զբոսաշրջիկները, որոնք այցելում են Հայաստան, վերադառնում են իրենց երկիր ոչ միայն հիացած տեսարժան վայրերով, այլև իրազեկված հայկական մարտահրավերների մասին՝ դառնալով Հայաստանի ոչ պաշտոնական դեսպաններ։ Այս մոտեցումը ավստրիահայ գործիչ Սեպուհ Բաղդոյանի բազմակողմանի գործունեության բնորոշ օրինակներից է։ Նրա յուրաքանչյուր նախաձեռնություն՝ թվային հարթակից մինչև մարզական միություն, առողջապահական ծրագրերից մինչև Սփյուռքի հանձնակատարի պաշտոն, կառուցված է պրագմատիկ հիմքի վրա՝ ստեղծելու գործուն և շոշափելի կապեր Հայաստանի և Սփյուռքի միջև։

«Սփյուռքի ձայնին» տված հարցազրույցում Սեպուհ Բաղդոյանը ներկայացնում է իր աշխատանքի ուղղությունները՝ բացահայտելով համայնքային կյանքի ներքին խնդիրներն ու հնարավորությունները։

«Միացի՛ր.նեթ». գործնական կապերի թվային հարթակ

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվությունը ռեսուրս է, Սեպուհ Բաղդոյանի և մի քանի այլ հայերի նախաձեռնած «Միացի՛ր.նեթ» (miatsir.net) հարթակը փորձում է ստեղծել գլոբալ հայկական տվյալների բազա։ Սա միջազգային Yellow Pages-ի նման մի գործիք է, որտեղ ցանկացած մարդ կարող է գտնել հայ մասնագետի կամ կառույցի՝ լինի դա բժիշկ Ֆրանսիայում, փաստաբան ԱՄՆ-ում, թե ճաշարան Արգենտինայում։


«Նպատակը մեր տնտեսական ուժն ուժեղացնելն է՝ համագործակցելով միմյանց հետ»,— բացատրում է նա։
Այսօր հարթակը ընդգրկում է ավելի քան 1500 գրանցված մասնակից և կառույց՝ 73 երկրից։ Սա ոչ միայն ծանոթությունների, այլև տնտեսական փոխշահավետ կապերի համար նախատեսված գործիք է։

Սպորտը՝ համախմբման միջոց

Սեպուհ Բաղդոյանի գործունեության կարևոր ուղղություններից է սպորտը։ Որպես Ավստրիայի «Արարատ» մարզական միության պատվո նախագահ և Եվրո-հայկական խաղերի կոմիտեի ղեկավար՝ նա սպորտը դիտարկում է որպես երիտասարդությանը համախմբելու և հայկական միջավայրում պահելու արդյունավետ մեխանիզմ։


«Այս խաղերի արդյունքում մինչ այժմ հինգ ամուսնություն է եղել»,-նշում է նա՝ ընդգծելով, որ այս հարթակները նպաստում են ոչ միայն մարզական, այլև սոցիալական կապերի ամրապնդմանը։ Համահայկական խաղերը, նրա դիտարկմամբ, յուրաքանչյուր անգամ ներգրավում են ավելի մեծ թվով մասնակիցներ՝ վերածվելով կարևոր իրադարձության, որը կենդանություն է հաղորդում համայնքներին։

Առողջապահությունից մինչև քաղաքացիական դիվանագիտություն

Սեպուհ Բաղդոյանի աշխատանքը չի սահմանափակվում համայնքային կյանքով։ Նա Հայաստանում «Wir International» միջազգային կազմակերպության առողջապահական ծրագրի ներկայացուցիչն է, որի շրջանակում հայ բժիշկներն ու սոցիալական աշխատողները վերապատրաստվում են՝ ստանալով միջազգային որակավորում։ Սա ուղիղ ներդրում է Հայաստանի մասնագիտական ներուժի զարգացման գործում։
Զուգահեռաբար նա իրականացնում է «քաղաքացիական դիվանագիտություն»։ Ավստրիացի խմբերին Հայաստան բերելով՝ նա ոչ միայն ցույց է տալիս երկիրը, այլև ծանոթացնում է մեր պատմությանն ու ընթացիկ խնդիրներին։


«Այդ 350-ից ավելի զբոսաշրջիկներին պատրաստել եմ որպես Հայաստանի դեսպաններ»,-ասում է նա՝ այս քայլը դիտարկելով որպես իրազեկված բարեկամների ցանց ստեղծելու միջոց։

Մարտահրավերներ և իրատեսական հայացք

Ծնունդով Լիբանանից, այժմ Ավստրիայում բնակվող Սեպուհ Բաղդոյանը խուսափում է իրականությունը գունազարդելուց։ Նա անկեղծորեն մատնանշում է մարտահրավերները, մասնավորապես՝ ձուլման վտանգը Սփյուռքում. «Իմ թոռնիկները հայերեն չգիտեն»։

Նա նշում է, որ ադրբեջանական և թուրքական լոբբիստական խմբերը զգալի ֆինանսական միջոցներով փորձում են հակակշռել հայկական դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ ասում է, որ Սփյուռքի ակնկալիքները պետությունից միշտ չէ, որ իրատեսական են՝ հաշվի առնելով պետության առկա հնարավորությունները։ Այնուամենայնիվ, սա նրա համար անգործության պատճառ չէ։


«Լինել դրսում չի նշանակում լինել աքսորված։ Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ներդրում ունենալ Հայաստանի և հայկական պետականության մեջ՝ այն ձևով, որով կարող ենք»։«Լինել դրսում չի նշանակում լինել աքսորված։ Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ներդրում ունենալ Հայաստանի և հայկական պետականության մեջ՝ այն ձևով, որով կարող ենք»։

Կարդացեք նաև

Back to top button