ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Մաքսատուրքերի ավելացումը սպառնում է համաշխարհային տնտեսությանը․ BRICS-ը ահազանգում է

«Թրամփն ընդդեմ BRICS-ի՞, թե՞ նոր մաքսային հարված». նման վերնագրերով վերլուծությունների պակաս չկա միջազգային մամուլում։ Բանն այն է, որ BRICS-ի գագաթնաժողովին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է լրացուցիչ՝ 10% մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կմիանան BRICS-ին և կքննադատեն իր մաքսային քաղաքականությունը։ Այս հայտարարությունից հետո BRICS –ի երկրները մտահոգություն են հայտնել միակողմանի մաքսատուրքերի վերաբերյալ։ Նրանց կարծիքով՝ դրանք սպառնում են համաշխարհային առևտրին և տնտեսությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է BRICS-ի անդամ երկրներին և նրանց դաշնակիցներին նոր մաքսատուրքերով։ BRICS–ի երկրները համարում են, որ ամերիկյան մաքսատուրքերը սպառնում են համաշխարհային առևտրին և տնտեսությանը:

Բրազիլիայի գագաթնաժողովում BRICS-ի երկրները դատապարտել են Վաշինգտոնի միակողմանի մաքսատուրքային միջոցառումները։ Դրանք, ըստ BRICS-ի, սպառնում են ավելի կրճատել համաշխարհային առևտուրը և խաթարել համաշխարհային մատակարարման շղթաները և կարող են սրել առկա տնտեսական անհավասարակշռությունները, ազդել համաշխարհային տնտեսական հեռանկարի վրա։

BRICS-ի հայտարարությունում , սակայն, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Դոնալդ Թրամփը ուղղակիորեն չեն հիշատակվում։ Սակայն «դա հստակ քաղաքական մեսիջ է, որն ուղղված է Փենսիլվանիայի պողոտայի 1600 հասցեի բնակչի դեմ»,- գրում է AP-ն։ Վաշինգտոնյան այդ հասցեում ԱՄՆ վարչակազմի գլխավոր գրասենյակն է։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է օգոստոսի 1-ից վերականգնել մաքսատուրքերն այն երկրների համար, որոնց հետ Վաշինգտոնը չի կարողանում առաջընթաց գրանցել առևտրային բանակցություններում։ Խոսքը ապրիլի 2-ին Թրամփի հայտարարած, այնուհետև հետաձգած տուրքերի մասին է։ Ներկայումս հիմնական սակագնային դրույքաչափը 10% է, սակայն որոշ երկրների սպառնում են մի քանի անգամ ավելի բարձր տուրքեր՝ գրում է Bloomberg-ը ։

Դոնալդ Թրամփի սպառնալիքը BRICS–ի երկրներին բավական խիստ էր․

«Յուրաքանչյուր երկիր, որ կմիանա BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի լրացուցիչ՝ 10% մաքսատուրքի։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի»,- գրել էր ԱՄՆ նախագահը Truth–ում։

2024 թվականի վերջին Դոնալդ Թրամփը BRICS–ի երկրներին սպառնացել էր 100% տուրքերով, եթե կազմակերպությունը ստեղծի իր սեփական արժույթը՝ որպես դոլարի այլընտրանք․

«Չկա որևէ հնարավորություն, որ BRICS-ը միջազգային առևտրում փոխարինի ամերիկյան դոլարին։ Յուրաքանչյուր երկիր, որ կփորձի դա անել, կարող է անմիջապես հրաժեշտ տալ Ամերիկային», — զգուշացրել էր ԱՄՆ նախագահը՝ ակնարկելով, որ կփակի BRICS–ի երկրների մուտքը ամերիկյան շուկա։ 2022 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց BRICS արժութային զամբյուղի հիման վրա միջազգային արժույթ ստեղծելու իր մտադրության մասին, սակայն ավելի ուշ նա ասաց, որ կազմակերպության երկրները պատրաստ չեն դրան։

Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը որոշ հստակացումներ է արել նոր մաքսատուրքերի մասին․

«Ես ունեմ ստորագրված նամակներ, որոնք այսօր ուղարկվել են Հարավային Կորեա և Ճապոնիա, ևս 12 այլ երկրներ կստանան ծանուցումներ և նամակներ անմիջապես Միացյալ Նահանգների նախագահից: Նա մտադիր է ստեղծել անհատականացված առևտրային ծրագրեր այս մոլորակի յուրաքանչյուր երկրի համար: Եվ ահա, թե ինչի վրա է շարունակում կենտրոնանալ ամերիկյան վարչակազմը․ նախագահը ժամեր անց հրամանագիր կստորագրի և հուլիսի 9-ի վերջնաժամկետը կհետաձգի մինչև օգոստոսի 1-ը։ Այսպիսով, փոխադարձ սակագնային դրույքաչափը կամ այս նոր դրույքաչափերը, որոնք կտրամադրվեն այս նամակագրության մեջ օտարերկրյա առաջնորդներին, կհրապարակվեն հաջորդ ամիս, կամ կկնքվեն գործարքներ, և այդ երկրները կշարունակեն բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ։ Մենք տեսել ենք շատ դրական փոփոխություններ ճիշտ ուղղությամբ, բայց վարչակազմը, նախագահը և նրա առևտրային թիմը ցանկանում են կնքել լավագույն գործարքները ամերիկյան ժողովրդի և ամերիկացի աշխատողի համար»։

BRICS-ն այժմ ներառում է տասը երկիր։ Սկզբում կազմակերպությունը չորս երկրների միավորում էր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան։ Այնուհետև՝ 2010 թվականին, նրանց միացավ Հարավային Աֆրիկան, իսկ 2024 թվականի սկզբին՝ Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ ավելի ուշ՝ Ինդոնեզիան։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթ․

«Նախագահն ընդհանուր առմամբ կարծում է, որ BRICS-ը ձգտում է խաթարելու Միացյալ Նահանգների շահերը։ Նախագահի գլխավոր պարտականությունն է Միացյալ Նահանգների շահերը դնել առաջին տեղում։ Ահա թե ինչպես է նա վերաբերվում իր աշխատանքին՝ որպես նախագահ։ Այսպիսով, նա ապահովելու է, որ Ամերիկայի հետ արդարացիորեն վարվեն համաշխարհային ասպարեզում, և նա կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխի Միացյալ Նահանգներին և ամերիկացի ժողովրդին շահագործելու մոտեցումը»։

Իռլանդիայի փոխվարչապետ Սայմոն Հարիսը նկատում է, որ Եվրոպան համաձայն է 10% հիմնական մաքսատուրքին, սակայն ԱՄՆ-ից ակնկալում է մի շարք զիջումներ:

Մասնավորապես՝ ԵՄ-ն պնդում է ավտոմեքենաների (այժմ՝ մինչև 27,5%), պողպատի (մինչև 50%), բժշկական սարքավորումների, ինչպես նաև գինու և ոգելից խմիչքների (այժմ՝ 10%) մաքսատուրքերի նվազեցում։

Գերմանիայի համար անհրաժեշտ է հատկապես ավտոարդյունաբերության  ոլորտում զիջումներ ստանալ՝ սա կարևորագույն նշանակություն ունի BMW, Mercedes-Benz և Volkswagen կոնցեռնների համար, որոնք գործարաններ ունեն Միացյալ Նահանգներում։

Դեղագործական ապրանքների համար հնարավոր տուրքերի շուրջ անորոշությունը դեռ առկա է։ Իսկ դա զգայուն հարց է Իռլանդիայի համար: Հարիսը ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է ավարտել բանակցությունները մինչև օգոստոսի 1-ը, սակայն նույնիսկ նվազագույն սակագները բացասաբար կանդրադառնան սպառողների, աշխատատեղերի և ներդրումների համար:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը, սակայն, արդեն քիչ է համարում այն մաքսատուրքերը, որոնք կսահմանվեն որոշ երկրների նկատմամաբ․

«2025 թվականի օգոստոսի 1-ից Կորեայից կգանձենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ ուղարկվող կորեական բոլոր ապրանքների համար՝ անկախ ոլորտային սակագներից: Ավելի բարձր սակագնից խուսափելու համար փոխադրվող ապրանքները կենթարկվեն այդ՝ ավելի բարձր սակագնին:

Խնդրում ենք հասկանալ, որ 25%-ը շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է ձեր երկրի հետ մեր առևտրային դեֆիցիտի անհավասարությունը վերացնելու համար»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ այդ բանակցությունը որակվում է որպես «լավ զրույց»։ Մանրամասներ, սակայն, չեն հրապարակվում։

Այնուամենայնիվ, ԵՄ–ն ակնկալում է առաջիկա օրերին սկզբունքային համաձայնություն ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ առևտրային հակամարտության կարգավորման շուրջ։

Նշվում է, որ կողմերն այժմ բանակցությունների «վերջնական փուլի սկզբում» են։

Կարդացեք նաև

Back to top button