ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչպե՞ս ներել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մենք կարծում ենք, որ ներելն ուղղված է ինչ-որ մեկին․ ես իրեն եմ ինչ-որ լավ բան անում, այդ մարդուն եմ բարության, մեծահոգության ակտ անում։ Ես ուզում եմ, որ մենք հիշենք՝ այդ մեծահոգության ակտը նախ և առաջ ինքներս մեր հանդեպ է»։

Ներելու պրոպագանդան համատարած է։ «Ներիր մերձավորիդ» խորուրդ-պատգամը մարդը հիմնականում լսում է այն ժամանակ, երբ նույն այդ մերձավորի հասցրած վիրավորանքից շվարած՝ ջանում է երկու վրա կանգնած մնալ։ Բարդ է՝ ասում է մարդը։ Դու պետք է ներես՝ պնդում է խորհրդատուն։ «Ինչպե՞ս» հարցը հիմնականում մնում է անտեսված։

«Հնարավոր է՝ ինչ-որ մեկը վատ բան է անում իմ հանդեպ, բայց ես էլ, չէ՞, ինչ-որ մեկի հանդեպ վատ արարք եմ թույլ տալիս։ Ես չեմ ասում՝ դրանով ես արդարացնում եմ իրան․ արդարացնել չի կարելի, պետք չի, հնարավոր չի։ Բայց մարդուն ընդունել իբրև մարդ՝ հնարավոր է և պետք է»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս ներել։

Չարի և բարու մասին մեր պատկերացումները բացարձակապես ճշմարիտ են առնվազն այս պահին, առնվազն մեզ համար։ Ենթադրվում է, որ մենք ու մեր մտերիմ շրջապատը՝ ծնողը, երեխան, քույրն ու եղբայրը, կինը, ամուսինը, ընկերն ու սիրելին, արժեքային նույն համակարգի, այդ թվում՝ չարի ու բարու մասին նույն պատկերացումների կրողն ենք։ Եվ այդ մտերիմը նեղացնում է մեզ։ Լրջորեն հարվածում է մեր ընդհանուր արժեքներին։ Տեղի ունեցածը չար է՝ մտածում ենք, բայց արդեն ծագել է ներել-չներելու խնդիրը և հոգեբաններն ու հոգևորականներն արդեն հասցրել են մեր գիտակցությանը, որ ներելն է ճիշտը։

«Ինչ-որ մեկը հանդգնեց մտածել, թե ինձ հետ կարելի է այսպես վարվել», «Այդ ինչ-որ մեկի հետ հարազատ լինելու գրված կամ չգրված, բայց անտարընթերցելի համաձայնություն ունեինք», «Ինչ-որ մեկը խոշոր հարված հասցրեց ինձ իմանալով, որ կցավի», «Ինձ հետ նույն երկնքի տակ ապրում է չարը, իսկ չարը վատ է, պետք է չեզոքացնել»․ այս մտքերը կարող են լինել մարդու գլխում «ներիր մերձավորիդ» արտահայտությունը լսելիս։ Եվ արդարացիորեն կառաջանա հարցը՝ ինչո՞ւ և ինչպե՞ս։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր հենց այս հարցի մասին է։

***

«Եվ այսպես, ե՞րբ ենք վիրավորվում։ Երբ որ մեր սպասումները չեն արդարանում, այսինքն՝ մեր նկատմամբ վարքը, խոսքը, դրսևորումը չի լինում այնպիսին, ինչպիսին մենք կսպասենք իրենցից։ Վստահ եմ, որ ցանկացած մարդ, ով երբևէ վիրավորված եղել է, հաստատ կասի, որ դավաճանված լինելու զգացում է լինում, շատ բացասական էմոցիաներ՝ զայրույթ, ագրեսիա, նույնով պատասխանելու ցանկություն, վրեժ լուծելու ցանկություն և այլ, և այլ։ Եվ հենց այստեղ է ծնվում այս բացասական էմոցիաներից ազատվելու, այսինքն՝ ներելու անհրաժեշտությունը»։

Վատ արարքը ձերը չէ՝ դիմացինինն է։ Դա իր խղճի ծանրությունն է, որը կշռել, կամ տանելու հարցում նրան օգնել պարտավոր չեք։ Վատ հույզն է ձերը՝ ասում է հոգեբան Մարիետտա Խուրշուդյանն ու հորդորում ներելը դիտարկել որպես զուտ ներքին գործընթաց։

«Ես շատ սիրում եմ Նելսոն Մանդելայի ձևակերպումը, ասում էր՝ վիրավորված լինելը նույնն է, որ թույնը խմես և սպասես, որ դիմացինը մահանա այդ թույնից։ Վիրավորանքը վնաս է հասցնում մեր առողջությանը՝ թե՛ հոգեկան, թե՛ նույնիսկ ֆիզիկական, եթե այդ զգացումը և լարվածությունը շատ երկարատև են։ Երբ մենք մնում ենք վիրավորանքի մեջ, կարծես թե նաև փորձում ենք փոխել իրողությունը։ «Այսպես չպետք է լիներ»․ այդ զգացողությունն է մեզ մոտ։ Բայց, սիրելիներ, դա արդեն եղել է, մենք չենք կարող հետ դառնալ և ինչ-որ բան փոխել։ Ուրեմն պետք է ընտրություն անենք՝ ապրել անցյալո՞ւմ՝ վիրավորանքի գարշահոտը մեր հետ տանելով և ամեն օր քչփորելով դա, թե՞ անցնել առաջ և ասել՝ ի՞նչ ունեմ ես ներկայում, ուզո՞ւմ եմ ես այս հարաբերությունը, թե՞ չեմ ուզում։ Դա ևս շատ առողջ որոշում է․ ներել միշտ չէ, որ միտված է հարաբերությունները շարունակելուն»։

Ներելու անհրաժեշտությունը չի ստվերում վիրավորվելու արժեքը․ այն վատ բան չէ, այն առողջ է։ Մարդու գծած սահմանները, «Ինձ հետ ինչպե՞ս կարելի է վարվել» հարցի պատասխանը հենց նրան վիրավորող երևույթների մասշտաբով է չափվում։ Մեկին խորն ու անդառնալի ցավ կպատճառի «մի քիչ շատ ես չաղացել» արտահայտությունը, մյուսին՝ պլանավորած հանդիպումից 15 րոպե ուշանալը, մեկ ուրիշը վիրավորվածության ու անարդարության զգացում կունենա միայն խաբված կամ դավաճանված լինելուց։ Եվ որքան լավ է մարդն իր համար ձևակերպել՝ ինչն է առաջնային, ինչը՝ անթույլատրելի, ինչ իր հետ չի կարելի անել, այնքան կանխատեսելի է դառնում վիրավորվելու երևույթը։

Այնուամենայնիվ, ինչ անել, եթե վիրավորվածության զգացումն արդեն կա։

«Արդյո՞ք դիմացինը իսկապես, սրտանց ուզում էր մեզ վիրավորել։ Այսինքն՝ նպատակն այն է, որ մեզ մոտ առաջանան այդ բացասական հույզե՞րը, թե՞ այդ մարդն ունի բոլորովին այլ նպատակ։ Մենք կարող ենք դա անել ոչ դիտավորյալ՝ հետապնդելով մեր անձնական շահերը կամ ընդհանրապես չհետապնդելով որևէ նպատակ, բացի, օրինակ, դիմացինի նույնիսկ ինչ-որ լավ բան անելու նպատակը։ Փորձեք մտածել՝ արդյո՞ք ինքն այդ պահին տիրապետել է ձեզ հետ հաղորդակցվելու այլ գործիքների։ Շատ հաճախ, օրինակ, երեխաները, ասում են՝ ծնողները խիստ պատժում էին, ցավացնում էին, տանը կար հոգեբանական և ֆիզիկական բռնություն։ Եվ այդ վիրավորանքը տանում են իրենց հետ ամբողջ կյանքում։ Այստեղ շատ կարևոր է, որ դուք մտածեք՝ եթե մարդը իմանար այլ լուծում այդ պահին, օրինակ, ծնողավարության այլ մոտեցումներ ունենար, ինքը կանե՞ր այդպես»։

Խոսքը երևույթը արդարացնելու մասին չէ։ Ներելու թեմայով ամենամեծ վրիպակն այստեղ է․ ներել, չի նշանակում ձեզ հետ շարունակաբար այդպես վարվելու թույլտվություն տալ՝ ասում է հոգեբանը։ Վիրավորանք և ներում երևույթներն արտաքին աշխարհի հետ չկապելու հարցում կարող է օգնել նաև պարզ լեզվական հնարքը․

«Կոնֆլիկտը պետք է քննարկվի «ես»-ի տեսանկյունից․ ոչ թե՝ դու անում ես այս բաները, դու այնքան անշնորհք ես, դու այնքան վատն ես, դու այսպիսին ես, այնպիսին ես, այլ ես ունեմ այսպիսի զգացողություններ։ Երբ որ դու առավոտյան առանց ինձ համբուրելու գնում ես աշխատանքի, ես զգում եմ ինձ լքված, ես զգում եմ ինձ չսիրված, ես մտածում եմ, որ ես քեզ համար միևնույն եմ»։

«Երբեմն շատ սխալ պատկերացում կա մարդկանց մեջ, որ ներել ասելով մենք հասկանում ենք, որ պիտի մոռանամ էն վատ արարքը, որը թույլ է տրվել իմ անձի հանդեպ։ Դա անհեթեթություն է, մոռանալ հնարավոր չէ։ Շատ հաճախ մարդկանց մոտ էդ էլ կա ամրագրված, որ ներել նշանակում է ձևացնել, որ ոչինչ չի եղել, ամեն ինչ նորմալ է, կամ մյուս երևույթը, որ երբ որ փորձում ենք արդարացնել այն վատ արարքը, որը մեր հանդեպ թույլ է տրված։ Իրականում սրանք ներողամտության սխալ պատկերացումներ են։ Բնականաբար չես կարող մոռանալ, բնականաբար արարքը մնում է վատ։ Ուրիշ բան է, երբ որ դու դրա արդյունքում մարդուն չես ջնջում, պիտակավորում, ոչնչացնում, մարդուն հոգեպես սպանում»։

Դատապարտիր արարքը, ոչ թե դա անող մարդուն՝ ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը հորդորելով չմոռանալ, որ դիմացինը, իր բնույթին համաձայն, ունի սխալվելու իրավունք։ Ճիշտ ձեզ պես։

— Մենք կարող ենք դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, կամ պարզապես չընդունել, բայց չընդունելու դեպքում պիտի նաև հաշվի առնենք, որ էդ չարիքը մեր մեջ է կուտակվում և մեզ է վնասում։ Այսինքն՝ ներել նշանակում է դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Բայց չարդարացնելով իր արարքը։ Հիմա լավն է, թե վատն է, էսպիսին է էդ մարդը։ Չգիտեմ, ապաշնորհ է գտնվել, երախտամոռ է գտվել, ինչ անուն ուզում եք տվեք։ Դրանից իրականությունը չի փոխվում»

Եթե սխալ է, Աստված կպատժի՝ ասում է քահանան։ Ե՞րբ՝ առաջանում է առաջին հարցը։ Վատը կամենալը մերժելի է․ ազնիվ մարդն ուրիշին վատ բան չի ցանկանա։ Իսկ եթե տեսնում ես դիմացինի վատ արարքն ու մտածում, որ արդար կլինի, եթե լավ մարդը՝ լավին, վատ՝ վատին արժանանար, ուրեմն քո ընկալումներով արդարության վերականգնման ցանկությունդ իրականում և՞ս մերժելի արարք է։

— Էն, որ մարդն իր գործած սխալների և մեղքերի համար պատասխան է տալու, դա միանշանակ է, բայց էն, որ մենք շատ հաճախ ասում ենք, որ Աստված քեզ պատժի, դա էլ անեծքի պես մի բան է, էլի, մեծ հաշվով, դա էլ է չարություն, դրա համար ես ասում՝ Աստված քեզ հետ։ Եթե դու պիտի նստես, սպասես, թե Աստված երբ էդ մարդուն կպատժի կամ ինչքան պիտի էդ անարդարությունը անպատիժ մնա, ամբողջ կյանքդ անցնելու է։ Ու ես չեմ կարող ասել՝ Աստված երբ կպատժի կամ ոնց կպատժի, կամ երբևէ կպատժի, թե ոչ։ Բայց դրանից չի կախված իմ ներելն ու չներելը։ Ես ասում եմ՝ ես իր համար չեմ ներում։ Ես ներում եմ, որովհետև դա ինձ է պետք, դա ինձ է խանգարում ապրել։
— Էն, որ ասում են՝ կյանքը բումերանգ է, էդ հիմա սխա՞լ կատեգորիա է։
— Չէ, չէ, իհարկե, սխալ չի, միշտ էլ էդպես է, բայց, հասկանո՞ւմ ես, էդ թող հանգիստ, էդ բումերանգը ինքը իրան կպտտվի, կգա-կհասնի էնտեղ, որտեղ որ պետք է։ Ու պետք չի նայել էլ էդ բումերանգի պտույտի հետևից, դու քո կյանքն ապրի։

Ես տեսել եմ շատ վատ մարդկանց, որոնք երջանիկ են՝ ասում եմ։ Ի՞նչ գիտեք՝ հնչում է զինաթափող պատասխանն ու խոսակցությունը կանգնում է հենց այդ կետում։ Տեր Եսայի քահանա Արթենյանը չի հորդորում ներել, որովհետև դա բարի է, ճիշտ է, կգնահատվի։ Ներումը սեփական հոգին բուժելու ճանապարհն է, որով ուրիշներն առանձնապես չեն հետաքրքվելու։ Խառն այս ժամանակներում ամեն մարդ, լավագույն դեպքում, իր հոգով զբաղվելու ժամանակ ունի։

Ներել և շարունակել հարաբերությունը, ներել և չշարունակել հարաբերությունը, չներել և շարունակել հարաբերությունը, չներել և չշարունակել հարաբերությունը․ ահա այն 4 ելքերը, որոնք կարող է ընտրել վիրավորվողը՝ հիշեցնում է հոգեբանը։ Բոլորն ընկալելի են․ ճաշակի, հնարավորության ու ընտրության հարց է։ Բոլոր դեպքերում կարևոր է այդ ընտրությունն անելիս հիշել՝ և՛ ներելը, և՛ չներելը բացառապես մեզ վերաբերող, միմիայն մեր կյանքի վրա ազդող որոշումներ են, որոնք մենք կայացնում եք գրեթե ամենօրյա ռեժիմով։

Իսկ մեր առօրյա կյանքում տեղ գտած այլ երևույթների հիմքերը պարզելու ակնկալիքով մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։

Կարդացեք նաև

Back to top button